[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՐՏԱՐ ՔԱՂԱՔԸ ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆ Է

Վերջերս ճարտարցիները շուքով նշեցին քաղաքի օրը։ Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, բարերարներ, հյուրեր, Ճարտարի բնակիչներ։ 

 Քաղաքի նորակառույց Ս.Վարդանանց եկեղեցում շնորհավորանքի և օրհնանքի խոսք ասաց շրջանի հոգևոր հովիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը։ Այնուհետև ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։

Ս.Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի տարածքում արվեստի դպրոցի սաների և Ճարտարում գործող Ստեփանակերտի ՙՂարաբաղ կարպետ՚ ՍՊԸ-ի մասնաճյուղի կողմից կազմակերպվեց նկարների և գորգերի վաճառք-ցուցահանդես։ 

Պալատում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում։ Քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին, կատարեց իրականացված աշխատանքների վերլուծություն և Ճարտար քաղաքի զարգացման, բարգավաճման գործում զգալի ներդրում ունեցած բարերարներին հանձնեց պատվոգրեր ու նվերներ։

ՙՃարտար՚ անվանումն առաջացել է բնակիչների հմտության, բարեկեցության, առատաձեռնության, ճարտարախոսության շնորհիվ։ Պատմական փաստերը վկայում են, որ Ճարտարի գոյությունը սկիզբ է առնում դեռևս 4-րդ դարից. այն բաղկացած էր 4 խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին Ճարտար գյուղ էր։ Ժողովրդի կամքով և օրենքի ուժով Ճարտարն արդեն 4 տարեկան քաղաք է։

Ծավալուն աշխատանքներ են կատարվել հատկապես քաղաքաշինության բնագավառում։ Այս մասին տեղեկություն ներկայացրեց Ա.Աղաբեկյանը։

Քաղաքը բարեկարգելու գործում կարևորագույն ավանդ ունի ԱՀ կառավարությունը։ 

Անմասն չեն նաև բարերարները։ ՙՀայկական գյուղերի զարգացման հիմնադրամը՚` ի դեմս հիմնադիր, Ճարտարի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Ավագյանի, այս տարիների ընթացքում կառուցել և վերակառուցել է քաղաքային նշանակության մի շարք շենքեր՝ Ներսես Ավագյանի անվան մանկապարտեզի շենքը, ՙՃարտար՚ ռեստորանային համալիրը, ՙՎարդանանք՚ եկեղեցին, Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրը, հիվանդանոցի շենքը, հ.1 դպրոցը, քաղաքապետարանի շենքը, սալապատվել է ավելի քան 55000 քառ.մ մակերեսով ներքաղաքային ճանապարհ, կառուցվում և ավարտին կհասցվեն բազմաբնակարանային շենքերը։ 

Զբոսայգին ու խաղահրապարակը բարեկարգվել են Սերգեյ Ավետիսյանի կողմից, ով նաև մեծ ներդրում ունի եկեղեցու շինարարության և ճանապարհների սալապատման գործում։

Աշոտ Ջիվանյանը հոգում է քաղաքի 5 կրթօջախների, արվեստի դպրոցի և Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի կարիքները։ 2017-2018թթ. վերանորոգվել են հ.1 դպրոցի մի մասը, հ.2 դպրոցի տանիքը, իսկ շենքի ներսում կատարվել է ձևափոխություն, կապիտալ վերանորոգվել Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատի սանհանգույցը, կատարվել են սալապատման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև սալապատումը շարունակել Մ.Գրիգորյան փողոցից մինչև նոր թաղամաս տանող ճանապարհահատվածում։ Ամեն տարի կազմակերպվում է Մոնթե Մելքոնյանի անվան ֆուտբոլային մրցաշար, որին ներգրավվում են նաև հարակից գյուղերի թիմերը։ 

Մհեր Գաբրիելյանի միջոցներով կառուցվել է մեծ ֆուտբոլային դաշտ` իր բոլոր անհրաժեշտ հարմարանքներով, միաժամանակ բարերարը սատար է կանգնում քաղաքում մի շարք ծրագրերի իրականացմանը։

Էդիկ Գրիգորյանը գերեզմանոցի պահակության և Ճարտարում իրականացվող մի շարք աշխատանքների աջակիցն է։

Կարո Ասրումյանի միջոցներով սկսվել և ավարտին է հասցվում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի ու նրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները։

Երևանի Ավան վարչական շրջանի կողմից կառուցվել է մանկական խաղահրապարակ, քաղաքում տեղադրվել են 20-ից ավելի նստարաններ, դպրոցներին, արվեստի դպրոցին են նվիրվել որոշակի գույք։ Համայնքին է տրամադրվել աղբահանման մեքենա։

Ավստրալիայի հայ համայնքի ՙՀայ աղբյուրի հույս՚ կազմակերպության կողմից 2017-2018թթ. համայնքի մի շարք անապահով ընտանիքների տան մասնակի նորոգումներ է կատարվել, ինչպես նաև նմանատիպ ընտանիքների տրամադրվել է հումանիտար օգնություն։

ՙԲազմիցս արտահայտելով մեր մեծ հարգանքը բոլոր աջակիցներին, ուզում եմ Ճարտարի հասարակության և անձամբ իմ անունից մեր բարերարներին, աջակիցներին հայտնել խորին շնորհակալություն՝ հայրենանվեր աշխատանքների համար՚,- ասում է Ճարտարի քաղաքապետը` խաղաղություն և առողջություն ցանկանալով բոլորին։

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի