[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԻՆ ՏԱԿԸ ԿԴԱՌՆԱ ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ

 

 

 

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ այս տարի Քարին տակ գյուղի բոլոր առանձնատները, նաեւ հասարակական նշանակության որոշ շենքեր կապահովվեն արեւային ջրատաքացուցիչներով:

Լուրջ խնայողությունից բացի, սա նաեւ Արցախում նոր մշակույթ է լինելու: Արցախում այլընտրանքային էներգիայի օգտագործման շուրջ քննարկումներն ավելի վաղ էին սկսվել: Հուլիսի կեսերից մեկնարկեցին գործնական աշխատանքները: Փորձնական փուլը կընդգրկի Շուշիի եւ Ասկերանի շրջանները:Քարին տակը դառնում է Արցախի առաջին արեւային գյուղը: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ արեւային ջրատաքացուցիչների տեղադրումն արդեն մեկնարկել է: ՙՆախատեսված է 130 բնակարաններում եւ մանկապարտեզում տեղադրել ջրատաքացուցիչներ: Հուլիսի 26-ի դրությամբ 22 ջրատաքացուցիչ է տեղադրվել՚,- մանրամասնում է Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը: ՙԸնդհանուր առմամբ, գյուղում թվով 135 ջրատաքացուցիչ է տեղադրվելու: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ նոյեմբեր՚,- աշխատանքների ժամանակացույցն է հստակեցնում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ինժեներ Հայկ Խուդավերդյանը:

Արդյունքում՝ արեւային ջրատաքացուցիչներով ապահովված կլինեն գյուղի բոլոր առանձնատները: Տեղադրման աշխատանքները Շուշիի ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի վարպետներն ու աշկերտներն են իրականացնում: Ուսումնարանի բաժիններից մեկը հենց վերականգնվող էներգիայի մասնագետներ է պատրաստում: Ֆրանսիայից ժամանած մասնագետներն ուսումնարանի աշկերտների հետ այս հաստատության ֆոտովոլտայիկ կայանների ցանցն են ընդլայնում, գործնականում ամրապնդում գիտելիքները: Տեսական մասն աշկերտներն ավելի վաղ են ուսումնասիրել, յուրացրել: Աշկերտների ավելի մեծ խումբ Քարին տակում է աշխատում: Հուլիսի կեսերից մեկնարկել է արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը: ՙ12 աշկերտ են ընդգրկված՝ երկու հերթափոխով: Երկու շաբաթը մեկ 6-ական աշկերտ մեկը մյուսին փոխարինելով աշխատում են: Որոշներն արդեն կարողանում են ինքնուրույն տեղադրել, որոշները դեռ փորձուսուցման մեջ են՚,- աշխատանքների ընթացքի մասին պատմում է արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը:

Քարին տակում 100-300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչներ են տեղադրվում՝ կախված տվյալ առանձնատան բնակիչների թվից: Գարնանը, ամռանը եւ աշնանը ջրատաքացուցիչները շահառուներին կազատեն տաք ջրի համար պահանջվող ծախսերից: Ձմռան ամիսներին էլ անգործ չեն մնա՝ քարինտակցիներին տաք ջուր մատակարարելով անհամեմատ քիչ էլեկտրաէներգիա ծախսելով: 

Ծրագրի իրականացման համար ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 400 հազար եվրո է հատկացրել: Քարին տակն Արցախի միակ արեւային գյուղը չի մնա. Ֆրանսիայի տեղական մարմինը, ամենայն հավանականությամբ, արեւային էներգիայի կիրառման ծրագրերը կֆինանսավորի նաեւ 2019-ին: ՙԴեռ կոնկրետ որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, ծրագրի ֆինանսավորումը կշարունակենք նաեւ հետագա տարիներին,- նշում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Րաֆֆի Հեքիմյանը:- Նպատակն արեւային էներգիայի կիրառումը Արցախի ողջ տարածքում տարածելն է՚:

Քարին տակին զուգահեռ ջրատաքացուցիչներ եւ ֆոտովոլտայիկ կայաններ են տեղադրվում նաեւ Շուշիում եւ Ասկերանում՝ հիմնականում՝ հանրային նշանակության շինություններում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ