[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՙՄԵՓԼ ԼԻՖՍ՚ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

ՙՄեփլ Լիֆս՚ հայ¬կանադական կլինիկան արդեն 7 տարի է Երևանում իրականացնում է ժամանակակից մի շարք հետազոտություններ, խորհրդատվություններ, ախտորոշումներ և բուժումներ։

Կլինիկայի բժիշկները, որպես մեկ թիմ, իրականացնելով մասնագիտացված խորհրդատվություններ, կազմակերպում են բազմատեսակ և բարձրորակ բժշկական ծառայություններ։ Բժշկական այս կառույցը ղեկավարում է բ.գ.թ., գիտությունների մաստեր (MSc Նիդերլանդներ), ուրոլոգ Վարդգես Ավագյանը։ Նա կրթություն է ստացել Հյուսիսային Ամերիկայում (Կանադա, ԱՄՆ) և Եվրոպայում (Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա), ունի աշխատանքային մեծ փորձ` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 Կլինիկան անմիջական կապի մեջ է Կանադայի և Գերմանիայի լավագույն բուժհաստատությունների հետ, համատեղ անց է կացնում անհրաժեշտ ու հրատապ կոնսիլիում՝ ուղիղ կապ հաստատելով առաջատար բժիշկների հետ։ Հիվանդի ցանկության դեպքում կազմակերպվում է նաև վերջինիս բուժումը արտերկրում։ ՙՄեփլ Լիֆս՚-ում հնարավորություն է ստեղծված սայլակներով տեղափոխվող հաշմանդամների ընդունման և տնային պայմաններում նրանց բուժօգնության կազմակերպման համար։ Վ. Ավագյանի պարզաբանմամբ՝ կլինիկայում մատուցվող ամբուլատոր բոլոր ծառայություններին զուգահեռ իրագործվում են բարեգործական բուժօգնության ծրագրեր ՀՀ և Արցախի հեռավոր բնակավայրերում։ Կառույցի մի խումբ բուժաշխատողներ երկու անգամ Արցախում (Բերձորում) անվճար հիմունքներով կազմակերպել են ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում բնակիչները ստացել են անհրաժեշտ խորհրդատվություններ, բուժօգնություն։ Բերձորի բուժմիավորմանը հայ¬կանադական կառույցը նվիրաբերել է նաև անհրաժեշտ դեղորայք։ Միջազգային որակավորում ստացած ՙՄեփլ Լիֆս՚-ի տնօրենը պատրաստ է համագործակցել Արցախի առողջապահության համակարգի բուժհաստատությունների հետ և համատեղ իրականացնել ծրագրեր։ Կլինիկայում գործում է նաև բարեգործական ծրագրերի ճկուն համակարգ։ 

Ընդհանուր առմամբ՝ կառույցի աշխատանքը հիմնված է կանադական կլինիկաների աշխատաոճի սկզբունքների և մեթոդների, բժշկագիտության ժամանակակից չափանիշների հիման վրա, որին զուգահեռ մասնագետներն էլ պարբերաբար վերապատրաստվում են Կանադայի և արտերկրի առաջատար այլ կլինիկաներում։ Այստեղ առանձին տեղ են տալիս ընտանեկան բժշկի գործունեությանը, ով միշտ հետևում է հիվանդին և նրա ընտանիքի անդամներին։ Ընտանեկան բժշկի հետ աշխատում են սրտաբաններ, էնդոկրինոլոգներ, պրոկտոլոգներ, վիրաբույժներ, նյարդաբաններ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, սոնոգրաֆիստներ և լաբորատորիայի բժիշկներ։ Նրանք բուժօգնությունն իրականացնում են կատարելագործված սարքերի օգնությամբ՝ փորձելով դեղորայքային կամ այլ եղանակներով հիվանդի խնդիրը լուծել և չհասցնել վիրահատության։ Սարքավորումները Կանադայում, ԱՄՆ¬ում, Եվրոպայում օգտագործվող ախտորոշիչ յուրօրինակ սարքեր են, որոնք թույլ են տալիս որոշել վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը տղամարդկանց առանձին հիվանդությունների, գինեկոլոգիական մի շարք պաթոլոգիաների վաղ հայտնաբերման և բուժման ժամանակ։ Կլինիկայի առաջատար բժիշկները ժամանակակից սարքավորումների և բուժօգնության նորագույն մեթոդների շնորհիվ իրականացնում են լայնածավալ հետազոտություններ, զննումներ և բուժումներ։ Լաբորատոր հետազոտություններն ու կլինիկայի ոլորտային բոլոր աշխատանքներն իրականացվում են բժշկական համակարգչային ծրագրով։ Կառույցը մատուցում է նաև նյարդաբանական և հոգեբուժական ծառայություններ։ Այս ուղղությամբ նույնպես աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նշյալ ծառայություններին զուգահեռ տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար պահպանվում է բժշկական գաղտնիքը։ Մասնագետների խումբը պատրաստ է առաջարկել առկա խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ և միջազգային չափանիշներին համապատասխան բուժման նշանակում ու վերահսկում։ Անհրաժեշտության դեպքում հիվանդներն ուղեգրվում են բժշկասոցիալական փորձաքննության՝ անաշխատունակության որոշման նպատակով։ 

Կլինիկան համագործակցում է հայկական և արտերկրի ոլորտային տարբեր բժշկական ասոցիացիաների և բուժհաստատությունների հետ։ Այս և մյուս բուժօգնության ծառայությունները կազմակերպվում են մարդասիրական, բարյացակամ  և հանդուրժողական մթնոլորտում:

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ