[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՆԱՐ Է ԳՈՀԱՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ

Քրիստոսի՝ ՙՍիրիր ընկերոջդ քո անձի պես՚ հայտնի պատվիրանը, ցավոք, ոմանք շփոթում են բոլորին գոհացնելու ուտոպիական ձգտման հետ։ Անհնար է անխտիր գոհացնել բոլորին, թեկուզ միայն նրա համար, որ ամեն մարդ յուրահատուկ է իր էությամբ։

Հասկանալ յուրաքանչյուրին  նույնպես անհնար է, որովհետև ամեն մեկն ունի սուբյեկտիվ պատկերացումներ ցանկացած երևույթի մասին, ըստ այդմ՝ ցանկություններն էլ տարբերվում են իրարից։ Եթե փորձես  ի կատար ածել ինչ-որ մեկի ցանկություններն ու պահանջները, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտես  մյուսների իղձերի իրականացմանը։ Բարություն պետք է անել ոչ այնքան գոհացնելու համար, որքան գոհանալու։ Եթե մարդու արարքների շառժառիթները եսասիրական են, սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու փափագ, ընկերներ ձեռք բերելու նպատակ, կամ նման մեկ այլ բան, ապա վերոնշյալ պատվիրանը ոչ թե կատարում ենք, այլ՝ մերժում։

Ինքնազոհողությունը պետք է լինի ծածուկ, այնպես, որ մարդ չհասկանա, որ մենք նրան օգնում ենք՝  զրկելով մեզ։  Հակառակ դեպքում, դա կլինի ինքնամեծարում և դիմացինի անձի նվաստացում։ 

Երբեմն պետք է մերժել մարդուն նրա բարօրության համար։ Սա պատկերավոր երևում է նորմալ ընտանիքներում, երբ սիրող ու հոգատար ծնողները երբեմն մերժում են  իրենց զավակների այս կամ այն խնդրանքը։ Նախ ամեն մի խնդրանք չէ օգտակար, մյուս կողմից էլ` երեխայի ցանկացած կամակորության բավարարումը բացասական ներգործություն է ունենում նրա անձի ձևավորման վրա։ Երբ ցուրտ եղանակին ծնողը հրաժարվում է երեխային պաղպաղակ տալ, իսկ բարեկամներից մեկը կատարում է նրա նույն խնդրանքը, չի նշանակում, թե  ծնողը չսիրեց իր զավակին, իսկ բարեկամը՝ հակառակը։ Այստեղ պարզ երևում է` որտեղ է իրական սերը, որը երբեմն ժամանակավոր  ցավ կամ տհաճություն է պատճառում,  և որտեղ՝ ձևականությունը։

Շատերս մարդկանց հետ վարվում ենք հենց այս ձևամոլ բարեկամի պես։ Մեր բոլոր գործողություններում պետք է  փնտրենք իրական շարժառիթները, այլապես լավությունը կդառնա արջի ծառայություն։ Մենք էլ, քանի որ տվյալ ՙլավության՚ համար  մեզ զրկել ենք որոշակի բաներից, նույնպես կմնանք դժգոհ։ Ու այս հոգեվիճակը մեզ կստիպի ոչ թե երջանիկ լինել՝ երջանկացնելով նաև մյուսներին, այլ՝ դժգոհ, տրտնջացող, մեզ չգնահատելու համար մարդկանց մեղադրող և այլն։ 

Պետք չէ լավություն անել վախից դրդված, կամ ինքնահաստատման համար, այլ՝ անկեղծությամբ։ Միայն այսկերպ արած գործից գոհ կլինենք և՜ մենք, և՜ դիմացինը։ 

Նա, ով ցանկանում է ամենքին գոհացնել, հաճախ ընկնում է չար մարդկանց մանիպուլյացիաների ծուղակը։ Պետք է լինել զգոն` տարբերելու համար, թե մեր ծառայություններն իրո՞ք անհրաժեշտ են մարդուն, թե` նրա նենգ ծրագրերի իրականացմանը։ Ցավոք, այս երևույթը հաճախ կիրարկվում է քաղաքականության մեջ, որում կամա թե ակամա թաթախվում են միամիտ և անկեղծ մարդիկ։ Ուստի այստեղ էլ անհրաժեշտ է ուշադիր լինել կարևոր հարցերում չսայթաքելու համար։ 

Եվ նաև մի կարևոր խնդիր էլ է առաջանում բոլորին գոհացնել ցանկացողների մոտ։ Երբ մարդ ստիպված, չցանկանալով կատարում է մյուսի խնդրանքն ու պահանջները, սրտի խորքում աստիճանաբար դժգոհություն և նույնիսկ ատելություն է սկսում տածել տվյալ մարդու հանդեպ։ Ամենայն հավանականությամբ, հետագայում չի էլ գիտակցելու, թե ինչու է տհաճություն զգում նրան հանդիպելով։ 

Վերոնշյալ պատվիրանի մեջ ասվում է՝ սիրել ընկերոջդ սեփական անձի պես։ Ուստի չսիրելով սեփական անձը, չենք էլ սիրի դիմացինին։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան