[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄՈԶԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

altՄարդկությունը զարգանում և առաջընթաց  է ապրում նոր մտքերի ու գաղափարների կիրարկման շնորհիվ:  Հետևաբար, մենք պետք է կարողանանք մեր լավագույն գաղափարները ճիշտ ժամանակին ու հավուր պատշաճի ներկայացնել, անհրաժեշտության դեպքում, նաև պայքարել դրանց կենսագործման համար: Իսկ ահա դրա համար մեզ, բացի նոր մտքերից ու ծրագրերից, անհրաժեշտ է նաև շատ կարևոր մի անհատական  գիծ. այն է` դիմացինին համոզելու ունակություն: 
Մարդկանց համոզելու ունակությամբ, ցավոք, օժտված են  շատ քչերը: Սակայն սաստիկ  մտահոգվելու կարիք չկա, քանզի ամեն ինչ չէ, որ անհատին տրվում է ի ծնե, այլապես կյանքն իմաստ չէր ունենա: Ավելի հաճախ  այս կամ այն  որակն ու ունակությունը մենք  ձեռք ենք բերում մեր կենսագործունեության  ընթացքում: Կյանքն ինքնաբերաբար մարդուն այնպիսի իրավիճակներում է դնում, որոնցում նա, ուզած-չուզած` ձեռք է բերում իր համար նոր որակներ, բնավորության գծեր, ընդունակություններ: Իհարկե, այդ ամենին սովորաբար մարդ հասնում  է մեծ դժվարությամբ, սակայն նպատակներից խուսափել միայն նրա համար, որ այս կամ այն ունակությունը չունենք, առնվազն անմտություն է: Ի վերջո, մենք բանական արարածներ ենք, հետևաբար, պարտավոր ենք կատարելագործվել ու կողմնորոշվել ցանկացած նոր իրավիճակում: Կողմնորոշվել՝ բնավ չի նշանակում ցանկացած պայմանի հետ հարմարվել, այլ կարողանալ, անհրաժեշտության դեպքում` փոխել կյանքի ոչ նպատակահարմար պայմանները: 
Ժամանակակից կյանքը, ինչպես հարյուր, հազար տարի առաջ, հիմնված է  մարդկային հարաբերությունների վրա: Այստեղ  սովորաբար կողմերից մեկը թելադրում է, մյուսն ի կատար ածում նրա խնդրանքը կամ պահանջը: Յուրաքանչյուրս ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք մեկ կամ մյուս կարգավիճակում, և որպեսզի մշտապես չգտնվենք երկրորդ` կատարողի դերում, հատկապես երբ գիտակցում ենք, որ մեր նոր առաջարկներով կարող ենք ինչ-որ առումով օգտակար լինել մարդկությանը, մասնավորապես մեր շրջապատին ու կոնկրետ մեր գործին, պետք է սովորենք ճիշտ արտահայտվել ու կարողանալ մարդկանց համոզել սեփական իրավացիության մեջ, շրջապատի  օգնությամբ իրականացնել մեր բարի մտադրություններն ու կառուցողական նախագծերը:  
Գեղեցիկ ու համաչափ խոսքը շատ կարևոր է դիմացինին այս կամ այն բանում համոզելու համար, բայց կան նաև ավելի ռացիոնալ մտածողությամբ  օժտված անձինք, որոնց համար գեղեցիկ կառուցված նախադասությունները բավարար չեն. նրանց համոզելու համար  անհրաժեշտ են կոնկրետ փաստեր ու տրամաբանական  նախագծեր: 
Ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է, որ մարդ առաջինն ինքը անկեղծորեն հավատա այն ամենին, ինչ մատուցում է: Զրուցակիցներն ավելի շատ հավատում են ոչ վերբալ հաղորդակցման ազդանշաններին, քան խոսքին: Չէ՞ որ հաճախ խոսքի միջոցով արտահայտած միտքն այնքան էլ անմիջական  չէ։ Իսկ ահա այնպիսի  ազդանշաններ, ինչպիսիք են միմիկան ու ժեստը, որքան էլ կեղծվեն գիտակցության ջանքերով, այնուամենայնիվ, մատնում են խոսակցի  մտադրությունները (բարի թե չար): Ուստի, լսողները շատ ավելի վստահում են իրենց ներզգացողությանը, որն էլ հաճախ կողմնորոշվում է հենց վերոնշյալ ազդանշաններով: Գաղտնիք չէ, որ հաճախ ժողովներից ու հավաքներից, անկախ նրանից՝  համոզիչ է եղել հռետորի  խոսքը, թե ոչ, մարդիկ, այնուամենայնիվ, հեռանում են անվստահության զգացումով համակված, քանի որ ինչ-ինչ պատճառներով նույն այդ հռետորի նկատմամբ մարդկանց հավատը սասանվել է: 
Մարդկանց մոտ կասկածի տեղիք է տալիս  այնպիսի արտահայտությունների հաճախակի կրկնությունը, ինչպիսիք են՝  ՙհնարավոր է՚, ՙերևի՚, ՙհավանաբար՚, ՙմիգուցե՚ և այլն: Նման արտահայտություններն անգամ ամենաանկեղծ ու կառուցողական գաղափարները կարող են դարձնել սնամեջ, քանզի ունկնդիրների մոտ  դրանք ստեղծում են կասկածի ու մի տեսակ հեղհեղուկ մթնոլորտ: Շատ կարևոր է նաև չփոխել ձայնի երանգը. կեղծելով այն՝ կասկածի տեղիք կտրվի  ասվածի անկեղծությանը: 
Անհրաժեշտ են հնարավորինս շատ փաստեր հատկապես սկեպտիկներին համոզելու համար: Կարելի է պատմել իրական պատմություններ` ընդգրկելով իրական մարդկանց, ինչը ևս շահեկան կլինի նոր մտքերի արդյունավետությունն ապացուցելու համար: 
Պետք չեն նաև երկարահունչ նախադասություններ, քանզի դրանք ձանձրացնում են: Ցանկալի  է հաճախ նայել մարդկանց աչքերին, հատկապես նրան, ում ցանկանում ես ինչ-որ բանում համոզել: Կարելի է օգտագործել միմիկան ու ժեստերը, չէ՞ որ դրանք ավելի համոզիչ ու դյուրընկալելի են դարձնում խոսքը։ 
Նոր մտքերի ու գաղափարների մասին խոսելիս չպետք է այս կամ այն աշխատակցի կողմից արված չար կատակի կամ  դիտողության համար բռնկվել, դա բացասաբար կանդրադառնա  ձեր կողմից առաջադրված ծրագրերի ու  մտահղացումների  իրականացման  գործընթացին: 
Նաև պետք է իմանալ հակառակորդի կարծիքն ու առաջարկները, ձեր ընդդիմախոսի ուժեղ և թույլ կողմերը։ Պետք է կարողանալ հարգել մյուսների կարծիքը: Չպետք է  վիրավորել նրանց՝ արված դիտողությունների համար, անհրաժեշտ է դրանք  ընդունել որպես ձեր առաջարկի լրացում: Դա բնավ չի նսեմացնում ձեր գաղափարը։ Ընդհակառակը, եթե կան լրացումներ, ուրեմն մարդիկ առաջարկված ծրագիրն ըմբռնել են ու հավանել: Լրացումները բնական են և նույնիսկ անհրաժեշտ: Չէ՞ որ, ի վերջո, տարաբնույթ կարծիքների բախման արդյունքում է ծնվում ճշմարտությունը, ապահովվում  ցանկացած առաջընթաց: 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան