[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՅԱՑԵԼ Է. ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ

Ավարտվեց ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ի Ստեփանակերտի մասնաճյուղի աշխատակիցներ Շ. Գրիգորյանի և Վ. Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանում գրեթե 3 ամիս տևած դատավարությունը: Իսկ դատախազության կողմից կատարված նախաքննությունը, հիշեցնենք, ձգվեց ուղիղ երեք տարի:  
Մարտի 13-ին առաջին ատյանի դատարանի կողմից կարդացվեց վճիռը: Դատարանը ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ի Ստեփանակերտի նախկին մասնաճյուղի հաշվապահ Շարմաղ Գրիգորյանին դատապարտել 7 տարվա, գանձապահ Վալյա Գրիգորյանին` 4 տարվա ազատազրկման և պարտադրել բանկին՝ ավանդատուներին վերադարձնել իրենց գումարները:
Հիշեցնենք, 5 տարի առաջ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚-ի Ստեփանակերտի մասնաճյուղի այդ աշխատակիցները քաղաքացիներից ընդունել են 280 մլն դրամի ավանդներ` փաստորեն պարտավորված լինելով վերջիններիս տրամադրել  գրքույկներ կամ ստացականներ: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այդ ավանդները բանկում չէին գրանցել: Երեք տարի առաջ մասնաճյուղը փակվեց: Երբ ավանդատուները փորձեցին հետ ստանալ իրենց ավանդները, պարզվեց, որ բանկում իրենց անուններով չկա գրանցում: Նշենք, որ այդ երեք տարիների ընթացքում պարտքի մեծ մասը վերադարձվել է ավանդուտուներին: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ այսօր չեն ստացել իրենց գումարները գոնե մասամբ և չգիտեն էլ, թե երբ հետ կստանան իրենց ավանդներն ամբողջությամբ: 
Դատավարության ժամանակ ավանդատուները բազմիցս շեշտում էին այն հանգամանքը, որ իրենց հետաքրքիր չէ, թե ով և ինչ չափով է մեղավոր, կարևորը՝ գումարները վերադարձվեն: Ավանդատուները տրամադրված են մարտականորեն և պատրաստ են ջանք չխնայել գործն ավարտին հասցնելու և վերջնական արդարացի դատավճռի հասնելու համար: Ըստ օրենքի՝ դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում: Հուսով  ենք,  ավանդատուների հույսերը ապարդյուն չեն լինի:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ