[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Մենք՝ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի (երրորդ զուգահեռ) բնակիչներս, երախտագիտություն ենք հայտնում քաղաքապետարանին՝ մեր թաղամասի բարեկարգման, փողոցների լուսավորման և այլ հարցեր անհետաձգելիորեն լուծելու, Աջափնյակն օրինակելի թաղամաս դարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ 

Աջափնյակ թաղամասի մի խումբ բնակիչներ 
ԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՈՐԴԸ
Ուզում ենք գովեստի խոսք ասել Մեծ Թաղեր¬Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսի  վարորդ Ժորա Աբաղյանի մասին։  Նա շուրջ 47 տարվա վարորդական աշխատանքի ստաժ ունի։  Շատ ավտոկայաններում է աշխատել, և միշտ էլ պատվով ու  գերազանց է կատարել իր պարտականությունները։ Բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է  պարգևատրությունների ու գովասանագրերի։ 10 տարի կլինի, ինչ նա Մեծ Թաղեր¬Ստեփանակերտ երթուղու վարորդ է։ Մենք երբևէ չենք տեսել, որ նրա մեքենան տեխնիկական անսարքության պատճառով  պարապուրդի մատնվի։ Ժորա Աբաղյանի մեքենան շատ հին է, բայց շնորհիվ վարորդի ամենօրյա  ուշադրության՝ տեսնողին կթվա, թե գործարանից նոր է դուրս եկել։ Աչք են շոյում ավտոբուսի մաքրությունը, նորացված ու փափուկ նստարանները։ Վարորդն ուղևորների համար ձմռան ցրտին միշտ էլ ապահովում է մեքենայի ճամփորդասրահի ջերմությունը։ Շաբաթվա երկու օրը Ժորան ուղերթի դուրս չի գալիս, սակայն այդ օրերին միշտ էլ նա զբաղված է լինում մեքենայի նորոգման աշխատանքներով։ 
Ժորա Աբաղյանը կիրթ ճաշակ, կուլտուրական վերաբերմունք ունի։ Չես գտնի մի ուղևոր, որ գոհունակությամբ չխոսի նրա մասին։ Չկա մի օր, որ որևէ մեկը մի հանձնարարություն չտա, մի բան չխնդրի նրան, և նա միշտ էլ կատարում է նրանց  խնդրանք-պահանջները։ Շատ է պատահել, երբ ուղևորն իջնելիս մոռացել և ուղեբեռը կամ որևէ իր թողել է ավտոբուսում։ Ժորա Աբաղյանն անմիջապես հետաքրքրվել, գտել է տվյալ ապրանքի տիրոջն ու անվնաս  հանձնել։ Այո, նշված երթուղու ուղևորները վստահ են, որ իրենց կյանքը գտնվում է հուսալի ձեռքերում։
 
Մեծ Թաղեր գյուղի մի խումբ բնակիչներ