Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է

Ուսուցչի օրը նշելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել մանկավարժի կարևոր ու պատասխանատու  գործի վրա:

Ստորև ներկայացնում ենք վաստակաշատ մանկավարժ Շահեն Մարգարյանի և այս բնագավառ նոր ոտք  դրած Սոֆի Միսակյանի խոսքը:  Շահեն Մարգարյանը Ասկերանի շրջանի Սզնեքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչն է:  Մանկավարժական գործունեությունն  սկսել է 1970թ. Խրամորթի դպրոցում, այնուհետև աշխատել է Սզնեքի դպրոցում, 1978-ից շրջանի Կարմիր գյուղի դպրոցի` կոլտնտեսության մեջ ընդգրկված Խաչմաչ, Վերին և Ներքին Սզնեքների  միջնակարգ դպրոցի տնօրեն: 1992-2007թթ.` մինչև թոշակի անցնելը, աշխատել է որպես գյուղխորհդի նախագահ, ապա` համայնքի ղեկավար, զուգահեռաբար աշխատել է նաև դպրոցում: Ամեն տարի հայտարարվում է Սզնեքի դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, սակայն հավակնորդ չլինելու  պատճառով  թոշակառու Շահեն Մարգարյանը շարունակում է դասավանդել: Շարունակում է և ամեն տարի ֆիզիկայի առարկայական օլիմպիադայից տալիս հանրապետական և ՀՀ եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ: Եվ ոչ միայն ֆիզիկայից: Սզնեք փոքրիկ գյուղը, որի կրթօջախում սովորում է ընդամենը 11 աշակերտ, անցած ուսումնականում  ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, գրականություն առարկաներից տվել է ՀՀ եզրափակիչ փուլի  4 մասնակից, որոնք վերադարձել են  դիպլոմներով և գովասանագրերով: 

Այս հարցերի շուրջ է մեր փոքրիկ հարցազրույցը Շահեն ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ: -Պարոն Մարգարյան, Սզնեքի դպրոցի մասին կարելի է ասել` փոքր գյուղի մեծ ֆենոմեն, ինչո՞վ է այն պայմանավորված: 

- Մեծ լինի թե փոքր, կրթօջախի ղեկը լավ մանկավարժի ձեռքում պետք է լինի, բայց ամենակարևորը, դպրոցի դեմքը ուսուցիչն  է: Նա պետք է լինի պրպտող, անընդհատ սովորող, դասագրքից բացի լրացուցիչ գրականությունից օգտվող: Նրա ձեռքի տակ պետք է լինեն տարբեր ձեռնարկներ: Ոչ մի բարեփոխում, ոչ մի լավ ծրագիր, ոչ մի լավ դասագիրք ու ձեռնարկ, ոչ մի նորագույն տեխնոլոգիա, լավ որոշում ու հրահանգ չեն կարող փոխարինել իր գործին մոլեռանդորեն սիրահարված, զօր ու գիշեր նրանով ապրող ու շնչող ուսուցչին: Այդպիսի ուսուցիչներ ունենալու դեպքում հաջողություններն անպակաս են: Պատկերավոր ասած` եթե դպրոցը մի գնացք է, նրա շոգեքարշը լավ ուսուցիչներն են: 

-Ո՞վ է լավ ուսուցիչը, նա գնահատվա՞ծ է:

-Լավ ուսուցիչը նա չէ, ով ունի մասնագիտական կայուն գիտելիքներ: Լավ ուսուցիչը նախ և առաջ պետք է ապրի աշակերտի հոգսերով, աշակերտի ձեռքբերումները համարի նաև իրենը: Նա է, ով իր առջև  նստած աշակերտի մեջ տեսնում է երկրի ապագան կերտող քաղաքացուն և դաստիարակում է կրթված, հայրենասեր ու հայեցի սերունդ: Իհարկե, ցանկացած մարդ լավ է զգում, երբ իր աշխատանքը գնահատվում է նաև պետության կողմից: Բայց ուսուցչի համար ամենամեծ գնահատանքը ազգի ու հայրենիքի համար դաստիարակած ու աճեցրած կիրթ և խելացի, աշխատասեր ու բանիմաց, անձնվեր ու հայրենասեր սերունդների երախտագիտությունն է:

- Մանկավարժի մասնագիտությունն այսօր  չի հրապուրում երիտասարդին... 

-Պետությունն այսօր քիչ բան չի անում կրթական համակարգի համար: Վկան` տարեցտարի շարք մտնող նորակառույց և հիմնանորոգված դպրոցները, նյութատեխնիկական բազայի հարստացումը, առաջավոր տեխնոլոգիաների ներմուծումը: Բայց, նորից եմ կրկնում, կարևորը ուսուցիչն է, նա վեր է այս ամենից: Այսօրվա շրջանավարտն ընտրում է այն մասնագիտությունը, որը բարձր է վարձատրվում:

1957թ., երբ Խորհրդային Միությունն առաջին արբանյակը տիեզերք ուղարկեց, ԱՄՆ նախագահը հրավիրեց իր գիտուններին և հարցրեց, թե ինչքան է սովետների երկրում մեկ աշակետի համար նախատեսված ծախսերի չափը: Պատասխանը լսելուց հետո նա հանձնարարում է ԱՄՆ-ում կրկնապատկել այդ չափը: Կրթության ասպարեզում  գումարի տնտեսումը տեղին չէ: Դա այն ոլորտն է, որը մեծ ներդրումներ է պահանջում, որոնց արդյունքը երևում է տարիներ անց: Վերն ասված միտքը փոխակերպած  ասենք`  կրթությունը պետության քարշիչ ուժն է, իսկ լավ ուսուցիչը` ազգային արժեք:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՀ Շահումյանի շրջանի  Նոր Էրքեջի  

Հ.  Ջառահյանի անվան միջնակարգ դպրոց

Մանուկ հասակում հաճախ եմ ծնողներիցս լսել. ՙԱղջիկս բժիշկ է դառնալու՚, ՙԱղջիկս իրավաբան է դառնալու՚ ու բազում մասնագիտություններ, որ պետք է ՙդառնայի՚:  

Երբ ոտք դրեցի գիտության աշխարհ և տարիքի հետ ճանաչեցի աշխարհի սև ու սպիտակ կողմերը, որոշեցի, որ պիտի դառնամ մանկավարժ: Ուսուցիչ դառնալուս առաջին խթանն այն էր, որ ապրում եմ ազատագրված շրջանում և այստեղ կա ուսուցչի պահանջարկ: Իմ առջև խնդիր դրեցի դառնալ այն ջահը, որով կկարողանամ լուսավորել գալիք սերնդի ճանապարհը:

Ես գիտակցում եմ, որ ընտրել եմ դժվարին ու պատասխանատու մասնագիտություն, բայց  երբ քեզ համար ունենում ես այն իդեալ ուսուցիչը, ով  իսկապես  լույսի մունետիկ է, ամեն ինչ դառնում է հեշտ: Այդպիսիներից է իմ ուսուցչուհի Մալինա Իսկանդարյանը, ումից կարելի էր շատ ու շատ բան սովորել:  Նրա օրինակով ես էլ ընտրեցի  ուսուցչի մասնագիտությունը՝ իմ առջև խնդիր դնելով լինել լավ ուսուցիչ, լավ մանկավարժ, լավ մարդ:

 

Սոֆի ՄԻՍԱԿՅԱՆ