[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԸՆԹԱՑ, ՈՐ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) Ասկերանի մանկապարտեզի վերանվանման հանդիսավոր միջոցառումն էր։

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, հյուրեր, ասկերանցիներ։ Նախակրթարանը վերանվանվում էր ամուսիններ Եփրեմ և Զաբել Բասմաջյանների անունով, որոնց որդի Հակոբ Բասմաջյանը ևս ներկա էր հանդիսավոր արարողությանը։ 

Հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանը։ Շնորհավորելով բոլորին այս հիշարժան օրվա առթիվ՝ նա երախտագիտություն հայտնեց բարերարներին, որոնց շնորհիվ տարիներ շարունակ գործում է մանկապարտեզը։ Մոտ 275 երեխա է հաճախել այս օջախը, ստացել պատշաճ դաստիարակություն, իսկ վերջերս էլ մանկապարտեզի շենքում բացվել է նաև ՙՇող՚ կենտրոնը, որը նպատակ ունի աջակցել ու սատարել սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին։

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Հայաստանյան ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Վարդան Ափինյանը:

Հակոբ Բասմաջյանն օրվա խորհրդով հուզված և միաժամանակ հպարտ էր.

-Անչափ շնորհակալ եմ ինձ ջերմորեն ընդունելու համար։ Ես եկել եմ Կանադայից ու առաջին անգամ եմ Արցախում։ Տպավորություններս չափազանց վառ են ու պետք է շեշտեմ, որ զբոսաշրջության համար չեմ եկել Հայաստան ու Արցախ, այլ տեսնելու, թե ինչ խնդիրներ ու մտահոգություններ ունի արցախցին, որպեսզի ապագայում կարողանամ օգտակար լինել։ Ես մեծ հպարտությամբ եմ շարունակում իմ ծնողների բարեսիրական առաքելությունները և հույս ունեմ, որ այն, ինչ սկսվել է այսօր, կշարունակվի, և իմ ընտանիքի անդամները ևս կմասնակցեն բարեգործություններին։

Ասկերանի շրջվարչակազմի և ասկերանցիների անունից շնորհակալական խոսք ասաց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը.

-Մեծ ոգևորություն զգացինք, երբ իմացանք, որ մանկապարտեզն այսուհետ կրելու է Եփրեմ ու Զաբել Բասմաջյանների անունը։ Ընտանիք, որ փախել է պատմական Այնթափից ու Արաբկիրից և ապաստանել տարբեր տեղերում։ Ցավոք, այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, սակայն հավատացած եմ, որ մեր ապագան պայծառ է լինելու։ Մենք կունենանք մեր երազած Հայաստանը։ Սփյուռքը մեր խիղճն ու պատիվն է, և այսօր հպարտանում ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամներն այսպիսի ներդրումներ են կատարում Արցախում։ 

Միջոցառման մասնակիցները ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, տեսան, թե ինչպես է կազմակերպվում երեխաների առօրյան, ապա ՙՇող՚ կենտրոնում վայելեցին գեղեցիկ հանդես, որը նրանց համար նախապատրաստել էին Կենտրոնի և մանկապարտեզի միջին խմբի երեխաները։

Մանկապարտեզի դահլիճը զարդարված էր խայտաբղետ փուչիկներով, իսկ պատերին փակցված էին գույնզգույն ծաղիկներ, որոնց իր ժպիտներն էր  ուղղել արեգակը՝ լույսի և հույսի շողեր սփռելով մանուկների վրա։ Անմիջապես երևում էին մանկապարտեզի և ՙՇող՚ կենտրոնի աշխատողների ստեղծագործական միտքն ու անմնացորդ նվիրումը սիրած գործին։

Միջոցառման մասնակիցներին մեծ ոգևորություն պարգևեցին Ասկերանի արվեստի դպրոցի սաների խրոխտ պարերը։ Երեխաներից բխող ջերմությամբ էին պարուրվել հյուրերը։ Ակնհայտ էր, որ Կենտրոնում իրականացվում է թիմային աշխատանք, որի առհավատչյան այսպիսի հրաշալի միջոցառումն էր։

Վերջում հաճելի անակնկալ մատուցեց Ասկերանի արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը՝ Կենտրոնին նվիրելով ձեռքի հիանալի մի աշխատանք, որը պատրաստված էր դպրոցի սաների կողմից։ 

Իրավամբ, օրվա խորհուրդն անգնահատելի էր։ Մանուկների անմեղ ու ջինջ դեմքերը, նրանց անհոգ խինդն ու ծիծաղը վկայում էին, որ այս կրթօջախում դաստիարակության հետ մեկտեղ նրանք ստանում են նաև մայրական գորովանք ու քնքշանք։ Առանձնապես դա տեսանելի էր ՙՇող՚  կենտրոնի սաների դեմքերին։ 

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան