ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Ս.թ. հոկտեմբերի 12-ին  Արարատյան Հայրապետական թեմի Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի նախաձեռնությամբ և Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի աջակցությամբ հավաքած բերքից լավագույնը հասցվեց Արցախ, այս անգամ արդեն Մարտունի քաղաքի N զորամաս:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ տարվա մեջ երկու անգամ լավագույն բերքը հասցվում է հայ զինվորին՝ ՙԲերքից լավագույնը զինվորին՚ ծրագրի շրջանակներում: Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդները, ատենապետ Արև Երանյանի գլխավորությամբ, համայնքի հավատավոր զավակները, ինչպես միշտ, մեծ ոգևորությամբ արձագանքեցին բերքից լավագույնը զինվորին  հասցնելու բարի ավանդությանը:

Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ զորամաս այցելած խումբը ջերմ ընդունելության արժանացավ հրամկազմի և բարեշնորհ Հարություն սարկավագի կողմից:

Բուժկետում բուժվող զինծառայողների և բուժանձնակազմի համար բժշկության աղոթք արվեց, այնուհետև՝ քարոզխոսություն և օրհնության կարգ:

 

Սոֆի  ԲԱԲԱՅԱՆ