Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆՈՐ ԿԱՐՄԻՐԱՎԱՆԻՑ

Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան բնակավայրն իր հարակից տարածքով վերջին երկու տարվա ընթացքում  հայտնվել է հնագետների ուշադրության կենտրոնում. 2016 թվականից կանոնավոր պեղումներ են իրականացվում: Այս տարի հնագետներն այստեղ երկու անգամ են հյուրընկալվել՝ գարնանը եւ աշնանը:

Օրերս ամփոփեցին պեղումների արդյունքները: Հնագետների հույսերը լիուլի արդարացել են: Արցախում առաջին անգամ մարդակերպ կոթողի տակ դամբարան է բացվել:

Նոր Կարմիրավանի հարեւանությամբ մարդակերպ կոթողների ամենամեծ կուտակման վայրում բացված կրոմլեխի զրահը հնագետները գարնանն էին մաքրել: Անգամ դամբարանի մոտավոր տեղն էին հավաստանշել: Աշնանը սկսեցին պեղումների երկրորդ փուլը եւ հուսախաբ չեղան: ՙԿրոմլեխի զրահը հեռացրեցինք: Հենց մեր հավաստանշած հատվածում էլ բացվեց թաղումը: Խուցը մոտ մեկ մետր լայնություն ունի, վեց մետր երկարություն: Մարդակերպ կոթողը թողել ենք իր նախնական դիրքում: Իսկ ահա խցի հատվածում հողը հեռացրել ենք՝ ընդհուպ մինչեւ հատակը՚,- տեղեկացնում է Նոր Կարմիրավանի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ ԵՐԱՆՅԱՆԸ: Դրանով ապացուցվեց այն, ինչը հնագետները ենթադրում էին ի սկզբանե. մարդակերպ կոթողները մահարձաններ են եւ դամբարանային կառույցի մի մասն են կազմում: Բացվածը հիմնահողային թաղում է: Մասամբ ծածկված է եղել սալով: Խեցեղենի մեծ մասն անվնաս է: Հնագետները դրանք նախնական դիրքում են թողել՝ մինչեւ դամբարանախցի ամբողջական բացումը: ՙԽեցեղենը դեռ հստակ չենք թվագրում, բայց կարող ենք մոտավոր ասել՝ պատկանում է մ.թ.ա. առաջին հազարամյակի առաջին կեսին եւ ժամանակագրորեն համընկնում է մարդակերպ կոթողների տարածման շրջանին: Կան ե՜ ւ կենցաղային, ե՜ ւ ծիսական բնույթի անոթներ՝ տաբեր ձեւերի եւ չափերի,- թվարկում է արշավախմբի ղեկավարը:- Մեծ մասը սեւ իրանով անոթներ են, ինչը առավել տարածված էր այդ ժամանակահատվածում: Բայց ունենք նաեւ կարմիր իրանով խեցեղեն. այդ ժամանակաշրջանի եւ այս տարածաշրջանի համար դա հազվադեպ երեւույթ է՚:

Բավականին հարուստ նյութեր են գտնվել նաեւ գործիքների, զարդերի, ծիսական բնույթի առարկաների տեսքով: Դրանք արդեն նախնական տեսակավորվել, առանձնացվել են: ՙԲրոնզից եւ երկաթից բեկորներ ունենք, ոսկորից քանդակի բեկորներ, ուլունքներ սարդիոնից եւ մածուկից: Ամենահետաքրքիրը, սակայն, ծովային խեցիների առատությունն է. կարելի է ասել՝ դամբարանի հատակն ամբողջությամբ այդ խեցիներով էր ծածկված՚,- թվարկում եւ ցույց է տալիս Նժդեհ Երանյանը:

Նոր Կարմիրավանում պեղումներն իրականացվում են Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: Աշխատանքները համակարգում է Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը: Պատմաբան-նախարարը կատարված աշխատանքներն ամենից առաջ այն տեսանկյունից է կարեւորում, որ դրանք թույլ կտան լույս սփռել մոտ 3 հազար տարի առաջ Արցախի տարածքում արձանագրված տեղաշարժերի վրա: ՙՍա ամենից առաջ մեր տարածաշրջանի քաղաքական պատմությունն առավել մանրամասն ու հիմնավոր շարադրելու հնարավորություն կտա՚,- ընդգծում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հնագետներն արդեն երեք տասնյակից ավելի մարդակերպ կոթողներ են գրանցել: Դրանք տարածված են նաեւ Արցախից դուրս՝ Իրանից մինչեւ Հյուսիսային Կովկաս եւ Ղրիմ ընկած տարածքներում: Մեծ մասը, սակայն, նախնական դիրքից տեղաշարժված է: Կոթողի տակ բացված թաղումը մեծացնում է Նոր Կամիրավանի դամբարանադաշտի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն հայ պատմաբանների շրջանում: ՙԱյո, շատերն են հետաքրքրվում, հոդվածներ, ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկություններ ենք փոխանակում՚,- պատմում է արշավախմբի ղեկավարը:

Առայժմ միայն հետաքրքրվում են: Նժդեհ Երանյանը փակագծերը դեռ չի բացում, բայց ակնարկում է. համագործակցության հեռանկարներ կան:

Դամբարանադաշտում հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների համար որոշիչը դեռ շարունակվող հետախուզական աշխատանքների արդյունքներն են լինելու, չի շտապում գալիք տարվա ծրագրերին անդրադառնալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նախնական հաշվարկներով՝ Նոր Կարմիրավանի դամբարանադաշտը մոտ 5 հեկտար տարածք է զբաղեցնում: Այս պահին այն պահպանվող տարածքի կարգավիճակ դեռ չունի: Հնագիտական արշավախմբի ղեկավարը վստահ է՝ ժամանակի խնդիր է:

Մինչ այդ նախապատրաստվելու են դամբարանադաշտից եւ հարակից տարածքներից գտնված նյութերի ցուցադրությանը: Այն կկայանա 2019-ին, Տիգրանակերտի թանգարանում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ