[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այս օրերին Մարտակերտ քաղաքում շարունակվում են դեռևս ընթացիկ տարվա օգոստոս ամսից սկսված փողոցների բարեկարգման ու ճանապարհաշինարարական աշխատանքները։

Ինչպես տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի առաջատար մասնագետ Նորայր Բաբայանը՝ աշխատանքներն իրականացվում են երկու փուլով. առաջին փուլում բարեկարգվել ու ասֆալտապատվել է ճանապարհի մոտ 450 մետր հատվածը, որն ընդգրկում է հիմնականում Ազատամարտիկների փողոցը։ Ասֆալտապատվել է նաև շրջանի վարչական շենքի հարակից տարածքը։ Այս փուլում աշխատանքները տարվում են Սախարովի փողոցում. մոտ 560 մ երկարությամբ հատված արդեն ասֆալտապատվել է, իսկ ծրագրով նախատեսված մյուս մասը կավարտեն մինչև տարեվերջ։ 

Ն. Բաբայանի հավաստմամբ՝ բարեկարգվում են նաև մայթերը, տեղադրվում նոր եզրաքարեր։ փողոցների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝  նորոգվում է  նաև ջրահեռացման համակարգը, վթարային վիճակում գտնվող ջրային խողովակները փոխարինվում են նորով։ Այս ամենն իրականացվում է ԱՀ պետբյուջեի միջոցներով։ 

ՙՄարտակերտ քաղաքում փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման հարցը բնակչությանը վաղուց հուզող խնդիրներից է։ Հետպատերազմյան տարիներին նման աշխատանքներ գրեթե չեն իրականացվել, ժամանակ առ ժամանակ ընդամենը փոսալցման և այլ կարգի աշխատանքներ են կատարվել։ Շրջվարչակազմի ղեկավարն անձամբ է հետևում շինհարթակներում տարվող բոլոր տեսակի աշխատանքներին, ուշադրության կենտրոնում պահում ռազմավարական նշանակության օբյեկտները՚,- ասաց Ն. Բաբայանը։    

 

Լաուրա ՐԻՈՐՅԱՆ