[ARM]     [RUS]     [ENG]

ՀՅՈՒՐԱՏՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հոկտեմբերի 18-19-ը Քարվաճառում նախաձեռնել էր դասընթաց հյուրատնային բիզնեսի մասին։ Այն վարում էր Հայ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավար Անահիտ Մանասյանը, թեման` խորհրդատվական բնույթի տեղեկատվություն բիզնեսի ստեղծման, հյուրատնային բիզնեսի կազմակերպման, կառավարման, մարքեթինգի վերաբերյալ։

 ՙԱրցախը շատ գեղեցիկ բնություն ունի, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, հետևաբար՝ զբոսաշրջության տեսանկյունից մեծ գրավչություն ունի,- նշեց Անահիտ Մանասյանը։ -Զբոսաշրջությունը շատ եկամտաբեր ոլորտ է, ուստի և մենք ցանկանում ենք արցախցիներին ներգրավել այս ոլորտում, որպեսզի նրանք զբոսաշրջությամբ բարելավեն իրենց տնտեսական ու սոցիալական դրությունը՚: Խոսելով Քարվաճառում անցկացված դասընթացի մասին՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ պատրաստվել է խորհրդատվական նյութ տեղի բնակիչների համար: ՙԱյս դասընթացի ժամանակ բնակիչներին տալիս ենք որոշակի գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց առանձնատները դարձնել նաև հյուրատուն, այսինքն, մարդիկ,  ապրելով այնտեղ, կարողանան զբոսաշրջիկներ ընդունել, գումար վաստակել։ Կախված տան պայմաններից՝ կարող են օգտագործվել BnB, հոսթել և այլ ֆորմատներ՚,- ասաց մեր զրուցակիցը։

Մասնագետը վստահ է՝ Արցախում զբոսաշրջիկների հետ շփման կանոններ բացատրելու կարիք չկա:  Արցախում մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, պատրաստակամ օգնելու, և սա ձևավորված մշակույթ է, վստահ է Անահիտ Մանասյանը։ Սակայն բացի ջերմ վերաբերմունքից, զբոսաշրջիկներին պետք է ապահովել հարմարավետության նվազագույն պայմաններով։ Խորհրդատվական փաթեթն այս մասին տեղեկատվություն պարունակում է։

ՙԵրբ զբոսաշրջիկը գալիս է Արցախ և գիշերակացի համար վճարում է, բնականաբար, նա ունի որոշակի պահանջներ։ Դրանք են` առանձին սենյակ, մաքրություն, բավարար տաքություն բնակարանում, սանհանգույց՚։ Մասնագետն ընդգծում է՝ եթե տեղի բնակիչը կարող է զբոսաշրջիկին տրամադրել նշված նվազագույն պայմանները, սա նշանակում է, որ այս մարդն արդեն իսկ բարելավում է հենց իր կենսապայմանները, ինքն ավելի լավ է ապրում, տանը տաք ջուր ունի, ձմռան ցրտին դրսում չի լվանում սպասքը և այլն։ Սա այն դեպքն է, երբ զբոսաշրջության զարգացումն ու մարդու կենսապայմանների փոփոխությունը փոխշահավետորեն կապված են իրար՚։ 

Սա հյուրատնային բիզնեսի վերաբերյալ նմանօրինակ դասընթացի առաջին փորձն է Արցախում. ծրագրի արդյունքը կենթարկվի վերլուծության, թերությունները կշտկվեն և կկիրառվեն Արցախի այլ շրջաններում ևս։  

Ըստ դասընթացավարի՝ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է։ ՙՇատերը ցանկանում էին մասնակցել, սակայն չեն կարողացել, քանի որ աշխատանքի են եղել։ Հաջորդ անգամ կփորձենք ծրագիրը կազմակերպել շաբաթ, կիրակի օրերին՚,- ասաց Անահիտ Մանասյանը։ 

Խոսելով Քարվաճառի զբոսաշրջային ներուժից՝ մեր զրուցակիցը նշեց, որ զբոսաշրջիկները շրջան են այցելում հիմնականում ՙՏաք ջրերում՚ լինելու և Դադիվանքը տեսնելու համար։ ՙԱյս զբոսաշրջիկներին համապատասխան ծառայություններ առաջարկելու դեպքում կարող ենք զբոսաշրջային ոլորտում լուրջ առաջընթաց ունենալ։ Իհարկե, ուրախալի է, որ նրանք այցելում են շրջան, սակայն նրանք չեն գիշերում այստեղ, առևտուր չեն անում, ՙՏաք ջրերն՚ անվճար են, այսինքն, այս զբոսաշրջիկները շրջանին տնտեսապես որևէ օգուտ չեն տալիս՚,- նկատել է տալիս Ա. Մանասյանը ։

Դադիվանքն այժմ ընդգրկված է մի շարք զբոսաշրջային փաթեթներում։ Տուրփաթեթով այցելող զբոսաշրջիկներն էլ գիշերակացից չեն օգտվում։ Նրանք կարող են տեղացիների տանը սնվել կամ սուրճ խմել և շարունակել իրենց ճանապարհը։ Այս դեպքում էլ մեկ այլ խնդիր կա. մեր հայրենակիցները ճիշտ ինքնարժեք չեն սահմանում, սննդի համար հստակ գներ չկան, և այս պարագայում մեր բնակիչները ոչ թե օգուտ են ունենում զբոսաշրջիկի այցից, այլ կորցնում են։ Ասել է թե` պետք է իրատեսական կերակրացանկեր կազմել, գիշերակացի համար գներ սահմանել։ Մասնագետի կարծիքով՝ զբոսաշրջության մեծ խթան կարող է դառնալ նաև հավելյալ արժեքը։ ՙՏեղացիները կարող են հյուրերին զբոսաշրջային հավելյալ արժեք առաջարկել, օրինակ, արկածային տուրեր, անգլերենով տարածքի պատմության ներկայացում, ձիարշավներ և այլն։ Այս դեպքում զբոսաշրջիկն ինքը կընտրի ծառայություններն ու հյուրընկալողին՚,- զրույցն ամփոփեց Ա. Մանասյանը:

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ