[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԱՌՋԵՎՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

Կայացած կենսաթոշակային համակարգը յուրաքանչյուր պետության բարեկեցության առաջնային ցուցանիշներից մեկն է:

Եվ այստեղ խոսքը ոչ միայն արժանապատիվ ծերություն ապահովելու համար կայուն երաշխիքների մասին է: Այդ համակարգի արդյունավետությամբ ու կենսունակությամբ են նաև պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական ու բյուջետային կայունությունը: Գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարածքի շատ երկրների քաղաքացիների համար կենսաթոշակի անցնելը նշանակում է եկամուտների զգալի անկում` պայմանավորված  միջին կենսաթոշակի ու մինչև թոշակի անցնելու պահը ստացած եկամտի չափերի տարբերությամբ: Համակարգը բարեփոխելու և ավելի արդյունավետ դարձնելու հարցը հրատապ է նաև մեր հանրապետությունում: Մեր խնդրանքով անդրադառնալով  հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների վերջին տարիների ընթացքին՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները մշտական բնույթ են կրում, և այդ աշխատանքում կարևորվում են ոչ միայն օրենսդրության կատարելագործումը, այլև նոր համակարգի ընտրությունը և օրենքներն ու իրավական ակտերը ճշգրտորեն կիրառելը, ինչպես նաև գործող օրենսդրության մասին հասարակությանը լիարժեք տեղեկացնելը: Ըստ գերատեսչության ղեկավարի՝ կենսաթոշակային համակարգի փոփոխության հարցն օրակարգում է, սակայն մեր քաղաքացիները պետք է ունենան ընտրության հնարավորություն: Ընթանում են քննարկումներ՝ անցնելու այնպիսի համակարգի, որը թույլ կտա պահպանել տնտեսական կայունությունն ու արդյունավետորեն կարգավորել, վերահսկել ֆինանսական շուկան: 

ՙԿենսաթոշակային բարեփոխում ասվածը նախագիծ է, որն, անկախ ընտրված մոդելից, մշտական փոփոխություն է պահանջում,- նկատեց Ս. Ավանեսյանը: - Ինչպես գիտեք, ներկայում մենք ունենք սերունդների համերաշխության սկզբունքով գործող համակարգ: Այն կոչվում է կենսաթոշակային բաշխողական համակարգ, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին։ Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ կենսաթոշակների վճարմանը։ Այսինքն՝ ներկայիս աշխատողներն ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց կենսաթոշակները: Հասկանալի է, որ այստեղ արդյունավետությունն ուղղակիորեն կապված է համակարգին վճարումներ կատարողների ու շահառուների հարաբերակցությունից: Ըստ իս, այդ տարբերակը սպառել է իրեն և համահունչ չէ հանրապետության սոցիալ-տնտեսական շարժերին՚: 

Ըստ նախարարի` համակարգի բարեփոխման ուղղությամբ լուրջ աշխատանքներն առջևում են, պետք է հանրության հետ քննարկվեն առաջարկվող ձևի լավ ու վատ կողմերը, պետք է ընդունվի նաև մեր քաղաքացիների եկամուտների հաշվառմամբ ընդունելի տարբերակ: Ս. Ավանեսյանը համոզված է, որ համակարգում լուրջ  փոփոխություններն անհրաժեշտություն են  նաև չխրախուսելու համար աշխատանքից խուսափելն ու մակաբուծությունը երիտասարդության շրջանում (այն է` աշխատես-չաշխատես, պետությունը քեզ ապագայում ապահովելու է թոշակով): Նախարարի դիտարկմամբ՝ գործող համակարգը շատ զգայուն է նաև ժողովրդագրական միտումների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ ներկայում մեզ մոտ աշխատող քաղաքացիների թվի նվազման և կենսաթոշակառուների թվի ավելացման միտում է նկատվում: Գերատեսչության ղեկավարն այդ իրողությունը ոչ այնքան բնակչության ծերացմամբ է պայմանավորում: ՙԱյս և մոտակա տարիներին կենսաթոշակի տարիքի է հասնում մի սերունդ, որը, եթե կարելի է այսպես ասել, ծնվել է խորհրդային baby boom-ի՝ Հայրենական պատերազմին հաջորդած տասնամյակի ժամանակաշրջանում, իսկ այդ տարիներին ծնելիությունը մեր տարածաշրջանում ևս բավական բարձր է եղել՚: Խոսելով ընթացիկ ծրագրերի և ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի մասին` Ս. Ավանեսյանը նշեց, որ կենսաթոշակային ապահովության ոլորտը սոցիալական պաշտպանության ամենամեծ ծրագիրն է, և այստեղ աշխատանքներն էլ հսկայածավալ են: Գրեթե ամեն տարի ոլորտը կարգավորող իրավա-օրենսդրական դաշտը մշտապես ենթարկվում է փոփոխությունների և լրացումների, ինչը համակարգը կատարելագործելու նպատակ ունի: ՙՄեր հիմնական նպատակն է կենսաթոշակի չափը համապատասխանել քաղաքացու նվազագույն պահանջմունքների մակարդակին: Միջին սոցիալական կենսաթոշակի չափն ընթացիկ տարում կազմել է 19,5 հազար դրամ, ինչը զգալիորեն զիջում է նվազագույն պարենային զամբյուղի չափին: Սա, իհարկե, խնդիր է, որը հաղթահարելու համար պետք է ուղիներ մշակենք: Սրանք ապագայի մեր անելիքներից են՚,- ասաց գերատեսչության ղեկավարը: Պատասխանելով մեր դիտարկմանը, որ կենսաթոշակ ստացող քաղաքացուն ամենից առաջ հետաքրքրում է ՙե՞րբ են ավելանալու թոշակները և որքանո՞վ՚ հարցը, Ս. Ավանեսյանը նշեց. հուսադրող պատասխան մոտ ապագայում չկա, սակայն նախարարության կողմից իրականացվող հեռահար ծրագրերը նաև նպատակ ունեն նվազագույնի հասցնել աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: 

Ըստ Սոցիալական ապահովության պետական գործակալության պետ էրիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ՝ ներկայում հանրապետությունում հաշվառված է 22 հազար կենսաթոշակառու: Անդրադառնալով գործակալություն դիմող քաղաքացիներին հուզող խնդիրներին` ոլորտի պատասխանատուն նշեց, որ կենսաթոշակառուներն ավելի հաճախ սահմանված կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի համար սահմանված  սանդղակների հետ կապված հարցերով են դիմում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, մինչև անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Կենսաթոշակային տարիքի հասած անձինք կենսաթոշակի իրավունք ունեն 25 տարվա աշխատանքային մաքուր ստաժի առկայության դեպքում: Կան մասնակի, արտոնյալ, երկարամյա ծառայության, աշխատանքային հաշմանդամության և կենսաթոշակի մի շարք այլ տեսակներ:

Ըստ Է. Մարտիրոսյանի՝ գործակալության աշխատանքները նպատակաուղղված են բարձրացելու ծրագրերի հասցեականությունը և բացառելու սխալների ու չարաշահումների հնարավորությունը: Որպես ոլորտի ձեռքբերում` Է. Մարտիրոսյանն առանձնացրեց վարչարարական բարեփոխումները, որոնց շնորհիվ այսօր հնարավոր է դարձել առանց զգալի ռեսուրս ներդնելու կյանքի կոչել ծավալուն ծրագրեր: 2017թ.-ից գործում է արդիական ու լուրջ էլեկտրոնային միասնական համակարգ, որը թույլ է տալիս մեր կենսաթոշակառուների բազան համադրել այլ համակարգերի հետ և իրականացնել օրենսդրության պահանջները` կապված վճարման ցուցակների, բացակայող քաղաքացիներին թոշակների տրամադրման կարգի և այլ հարցերի հետ:  Ներկայացնելով վճարվող կենսաթոշակների չափերի` վերջին տարիների աճը՝ Է. Մարտիրոսյանը մանրամասնեց, որ եթե 2012թ. միջին սոցիալական կենսաթոշակը կազմում էր 13 հազար դրամ, ապա այսօր այն դարձել է շուրջ 20 հազար: Միջին աշխատանքային կենսաթոշակը 2011թ. 29300 դրամ էր,  ընթացիկ տարում այն կազմում է ավելի քան 43 հազար դրամ:

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ