[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ժամանակների դժվար վերծանելի հոլովույթում սերունդները  գալիս, փոխարինում են իրար: Երկրի զարգացման ղեկն աստիճանաբար փոխանցվում է երիտասարդությանը: Հենց երիտասարդությունն է պետության շարժիչ ուժը, հավատ ներշնչողը վաղվա օրվա նկատմամբ:

Նրանց համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա տեսանելի հեռանկարում ունենալ հզոր ու երազած հայրենիք:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացածությամբ պայմանավորված, այսօր մարդկությունը թևակոխել է զարգացման տեխնոլոգիական նոր դարաշրջան: Այն հնարավորություն է ընձեռում աշխարհը դարձնել առավել հասանելի, տեղեկացված արդիական հնչեղություն ունեցող խնդիրներին: Լայն են երիտասարդների ինքնադրսևորման շրջանակները, անսահման են հնարավորությունները. նոր սերունդ, նոր գաղափարներ, գայթակղիչ հեռանկարային առաջարկներ, լայն  հորիզոններ:

Դինամիկ տնտեսական զարգացումների և փոփոխությունների պայմաններում մտահոգիչ է՝ ի՞նչ կարող է տալ համաշխարհային գլոբալիզացիան մեր երիտասարդներին՝ դրական և բացասական ազդեցությունների առումով, և ո՞րն է լինելու մեր երկրի երիտասարդ քաղաքացու դերը ժամանակակից աշխարհում:

Թեմայի շուրջ զրույցի հրավիրվեցինք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

-Եվ այսպես՝ ինչպիսի՞ն է Արցախի երիտասարդությունն այսօր՝ ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում:

-Գլոբալիզացիան կյանքի գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող, արագ փոփոխվող գործընթաց է: Այն սահմաններ չի ճանաչում ու իր մեջ ներառում է բոլորին՝ դրական ու բացասական կողմերով հանդերձ: Տարբեր միջազգային կառույցների միջոցով ներգրավվել միջազգային շուկա, ներկայացնել մեր երկիրն արտերկրում, ոգևորիչ է, իհարկե, բայց, միաժամանակ, կանգնած ենք ազգային ինքնատիպությունը կորցնելու վտանգի առջև:

Ժամանակակից ու նոր տեխնոլոգիաների զարգացածությամբ պայմանավորված` գլոբալացումն աճում է սրընթաց: Հսկայական է համացանցի դերն այս ասպարեզում: Ամբողջ երիտասարդությունն այսօր օգտվում է համացանցից և իրեն հուզող ու հետաքրքիր բոլոր հարցերի պատասխանները գտնում է հենց այստեղ: Միանշանակ, փոխվել են արժեքները, և, ինչպես բոլոր երիտասարդները, այնպես էլ Արցախի երիտասարդներն այսօր որոնումների մեջ են: Առավել քան կարևորում եմ մտքի զգոնությունն ու ազգային արժեքներն արժեքավորելու կարողությունը:

2016 թվականի ապրիլն ապացուցեց, որ մեր երիտասարդների արժեհամակարգը կայուն է: Քայլում են ժամանակին համընթաց՝ քաջ գիտակցելով, որ հենց իրենք են իրենց հայրենիքի պահապանը, նրա մշակութային արժեքները կրողն ու տարածողը:

- Գլոբալացման ժամանակաշրջանում ազգային արժեքների պահպանման ի՞նչ ծրագրեր եք իրագործում:

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական և ներքին կյանքի զարգացումները, երիտասարդության առանձնահատկությունները, նրանց հաղթահարմանն ուղղված տեղական և միջազգային փորձերը՝ առաջիկայում նախատեսում ենք երիտասարդության ոլորտի հիմնախնդիրների  համապարփակ ուսումնասիրության իրագործում:

Երիտասարդության  ինքնաիրացման պայմանների և երաշխիքների ապահովման նպատակով նրանց զբաղվածության խնդրի կարգավորում է նախատեսվում՝ ոչ ֆորմալ կրթության խթանման միջոցով: Վերապատրաստման և վերավորակավորման դասընթացներ կկազմակերպենք ՙՍոցիալական ձեռնարկատիրություն՚ ծրագրի շրջանակներում՝ ակնկալելով հարթակում ունենալ անհատական և սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծող երիտասարդ կադրերի, ովքեր կմշակեն անհատական բիզնեսների հիմնադրմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Համատեղ կփորձենք ընդլայնել տեղեկատվական դաշտը: Կգործեն կայքեր, որոնցում զետեղված կլինեն երիտասարդներին հետաքրքրող տարաբնույթ  տեղեկատվություն:

Երիտասարդության` արժեքային խնդիրներում լիարժեք կողմնորոշմանն ուղղված քայլերով են պայմանավորված նրանց ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, հոգևոր անվտանգությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ազգային ինքնության պահպանմանը խթանող ռազմավարական մեր ծրագրերը:

-Արցախում այսօր գործում են բազմաշերտ գործունեություն ծավալող բազում երիտասարդական կազմակերպություններ: Ձեր գնահատականը:

- Ազգային գաղափարախոսության քարոզչությամբ, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, գիտական ծրագրերի ու հետազոտությունների իրականացման գործունեությամբ հսկայական է նրանց դերը մեր երկրի զարգացման և ազգային արժեքների պահպանման գործում: Շարունակելու ենք աշխատել երիտասարդական կազմակերպությունների հետ, ֆինանսավորել և աջակցություն ցուցաբերել նրանց նախաձեռնություններին, իրագործել թե՜ համաարցախյան, թե՜ լոկալ բնույթի ծրագրեր: Կշարունակենք համահայկական և միջազգային երիտասարդական համագործակցությունը, աջակցություն կցուցաբերվի տարածաշրջաններում գործող բոլոր երիտասարդական խմբերի գործունեությանը, ուսանողներին՝ ապահովելով նրանց մասնակցությունը համահայկական և միջազգային տարաբնույթ  միջոցառումներին:

- Այսօր  շատ են եվրոպական ընտանիք ինտեգրվելու երիտասարդների փորձերը: Ողջունելի է, իհարկե՜, բայց, ի՞նչ եք կարծում, որտե՞ղ պետք է պահպանվի ազգային դիմագիծը, բարոյական ի՞նչ արժեքներ են կարևորվում:

- Նախքան ինտեգրվելը, անհրաժեշտ է ունենալ ազգայինը՝ գիտակցելով, որ այն ամենալավն է: Հարուստ հոգևոր մշակութային ժառանգություն ունեցող  ազգը հպարտ պետք է լինի ազգային ձեռքբերումներով, ու ձգտելով որակական նոր մակարդակների՝ լինել ոչ միայն արժեքներ կրողը, այլև  տարածողը: Երիտասարդները սովորաբար օժտված են գեղեցիկը տեսնելու, նորն ընկալելու յուրահատկությամբ: Որոշիչն այս պարագայում արդեն երիտասարդի դաստիարակությունն է, նրա բարոյական արժեքների ըմբռնումներն ու աշխարհայացքները: Իր ազգային արժեքների վրա հաստատուն կանգնած երիտասարդը երբեք չի կորցնի ազգային դիմագիծը:

Առավել քան կարևորում եմ հայկական ընտանիքի դերը, նրա վեհ ու առաքինի արժեքների պահպանումը: Եթե այսօր հայ ավանդական ընտանիքը տրանսֆորմացվի եվրոպական մոդելի, մենք կդադարենք ազգ լինելուց:

Կիրթ երիտասարդությունն է կառուցում ուժեղ, հզոր պետություն, որի հիմքում ընկած են ընտանիքը, լեզուն, մշակույթը, և մենք ունենք բոլոր նախադրյալները` լինելու այդպիսին:

 

Հարցազրույցը՝  

Լուսինե ՇԱԴՅԱՆԻ