[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն,  գործադիր իշխանությունն արդեն մի քանի ամիս է՝ զբաղվում է բնակարանաշինությանն առնչվող  խնդիրներով։  

Հոկտեմբերի 25-ին Երկրի ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում, որին մասնակցում էր պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, այդ հարցերն են քննարկվել։ Խորհրդակցությունն ավարտվելուց հետո պետնախարարը ճեպազրույց է ունեցել  լրագրողների հետ։ 

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայացվել են մասնավորապես հիփոթեքային վարկավորման աջակցության վերաբերյալ ծրագրերի վերանայման ու դրանց բարելավման,  և ընդհանրապես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ նոր մոտեցումները։ Մոտ օրերս, ինչպես հավաստիացրեց պետնախարարը,  կհայտարարվի ծրագրերի մեկնարկը, և գալիք նոր տարում բնակարանաշինության բնագավառում կառավարությունը կունենա գործող նոր կարգ, նոր մոտեցումներ, ինչը դրական կանդրադառնա ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ հանրապետության բնակավայրերի՝ գյուղական և քաղաքային համայնքների բնակարանաշինության վրա։  

Պետնխարարի իրազեկմամբ՝ խորհրդակցության ժամանակ մի քանի կարևոր փոփոխություն է ներկայացվել պետության կողմից ստանձնած՝ որոշակի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին բնակարանային ապահովման հարցի առնչությամբ գործող կարգը վերանայելու և հստակեցնելու ուղղությամբ, որոնք մինչև տարեվերջ կընդունվեն կառավարության կողմից։ Այսինքն 2019 թվականից նշված ոլորտում կգործի ընդունված նոր կարգը։ 

Ներկայացվել է նաև բնակարանաշինության երկու նոր պրոյեկտ՝ Ստեփանակերտ քաղաքի համար։ Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ այդ բնակարանները կլինեն սոցիալական բնույթի՝  մատչելի սակագներով՝ փոքր-ինչ սահմանափակ բնակտարածքով։ 

Նախատեսվող հիփոթեքային կարգի փոփոխությունները, պետնախարարի համոզմամբ,  նույնպես ուղղված են բնակչության համար մատչելիության ապահովմանը։ Այս ոլորտում սուբսիդավորման մեխանիզմների վերանայում է նախատեսվում։ Գ. Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ կլինեն սուբսիդավորման նոր մոտեցումներ։ Նախատեսվում է նշված ոլորտներում մատչելիությունը բարձրացնել ոչ միայն լրացուցիչ սուբսիդավորման, այլև սոցիալական բնակտարածքների ստեղծման միջոցով՝ ընդհանուր բնակարանային ֆոնդի էժանացման հիման վրա։ 

Պետնախարարի հավաստմամբ՝ վերանայված նոր չափանիշները նախատեսվում է տարածել նաև նախկինում հիփոթեքային վարկավորում ստացած քաղաքացիների վրա։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ