ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքը գալիք տարի նոր մանկապարտեզ կունենա: Ներկայում լայն թափով ընթանում են նախադպրոցական հաստատության շինարարական աշխատանքները։
Մականց նոր օջախը՝ նախատեսված 2 խմբի` 30 երեխայի համար, կառուցվում է դպրոցական շենքի հարևանությամբ (ի դեպ՝ այն ևս նորակառույց է)։
Մանկապարտեզի շինարարությունն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Շինաշխատանքների պատասխանատուն ՙԲիոտեխնոլոգիա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է:
Այսօրվա դրությամբ շարունակվում է պատերի շարման գործընթացը: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել տանիքի կառուցման աշխատանքները, որ ձմռան ամիսներին շինարարներն աշխատեն ներքին հարդարման ուղղությամբ:
Մանկապարտեզի կառուցման աշխատանքները համակարգում և վերահսկում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ