Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՀԻՎԱՆԴ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Դիաբետի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1991թ. նոյեմբերի 14-ից նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրը։ Դրա նպատակն է համաշխարհային մակարդակով սևեռել հանրության ուշադրությունն այդ հիվանդության հանդեպ, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տարածել տեղեկատվություն ժամանակին բուժօգնություն ստանալու ու հիվանդի կյանքը լիարժեք դարձնելու վերաբերյալ։ Նոյեմբերի 14-ին ԱՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման բակում ՀՀ ՙՀաղթենք դիաբետը միասին՚ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում։ 

Կառույցի նախագահ Խանդութ Հովհաննիսյանի տեղեկատվությամբ՝ ամեն տարի Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրը Հիմնադրամը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է հասարակությանը իրազեկել և մեկ անգամ ևս հիշեցնել, որ դիաբետի ժամանակին հայտնաբերումը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից։ Այս տարի միջոցառումը որոշեցին կազմակերպել Արցախում և հրավիրել այդ հիվանդությամբ տառապող երեխաներին ու  նրանց ծնողներին։ Կազմակերպիչները երեխաներին տրամադրեցին երկնագույն կավիճներ և համատեղ ուժերով ՙԱրևիկ՚-ի բակում նկարեցին օղակներ, որոնք միջազգային այդ օրվա խորհրդանիշերն են հանդիսանում։ Խաղաղությունը և միավորումը խորհրդանշող երկնագույնով զարդարված էր ողջ բակը։ Երեխաների համար կազմակերպվեց հյուրասիրություն: Վերջում փոքրիկները երկնանգույն փուչիկներ բաց թողեցին դեպի երկինք։ Ամեն տարի օրվա կապակցությամբ ընտրվում է որևէ կարգախոս և 2018թ. նոյեմբերի 14-ին էլ այն կրում էր ՙԴիաբետն առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի՚ խորագիրը։ Խ. Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ ներկայումս ամբողջ աշխարհում 525 մլն մարդ հիվանդ է դիաբետով, իսկ 2040թ. կանխատեսումներով` այդ թիվը կհասնի 642 մլն-ի։ Շաքարային դիաբետով հիվանդների 85%-ն ունեն 2-րդ տիպ և հիվանդության աղետալի աճը կապված է այդ տեսակի հետ։ Ուստի ընտանիքի անդամները լուրջ դերակատարում ունեն դիաբետով հիվանդի կյանքում։ Փորձը ցույց է տվել, որ ընտանիքի անդամների տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ կազմակերպել հիվանդի առօրյան և բուժումը։ Մասնագետները փաստում են, որ ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու դեպքում 70%-ով կարելի է կանխարգելել կամ հետաձգել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը։ Վերջինիս զարգացման ամենամեծ վտանգներից է ավելորդ քաշը։ Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար պետք է տարվա ընթացքում մեկ անգամ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ ՙՀաղթենք դիաբետը միասին՚ հիմնադրամը իրականացնում է նաև ՙՎերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով՚ ծրագիրը, որին Արցախը ներգրավված է դեղորայքային մասով։ Շահառուներին տրամադրվում են ինսուլիններ, նրանց համար կազմակերպվում են անվճար հետազոտություններ և այլ միջոցառումներ։ Ստեփանակերտում առաջին անգամ է կազմակերպվում նման միջոցառում: 

Ընդհանրապես շաքարային դիաբետի առաջին տիպը բնորոշ է մինչև 40 տարեկաններին, իսկ 2-րդ տիպը` 40-ից բարձր տարիքային խմբին. լինում են նաև առանձին շեղումներ ու բացառություներ։ 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ ախտանշանները թույլ են արտահայտված, հիմնականում գեր մարդիկ են տառապում այդ տեսակով։ Իսկ առաջին տիպի դեպքում ինչքան մեծ է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այնքան ախտանշաններն ավելի սուր են՝ բերանի չորություն, հաճախամիզություն, քաշի նվազում, քնկոտություն, ախորժակի բարձրացում և այլն։ Տարեցտարի հիվանդությունն աճում է, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել հիվանդության կանխարգելման եղանակները: Քանի որ հիվանդությունը  ենթաստամոքսային գեղձի ախտահարում է, ուստի շաքարային դիաբետի բուժումը համարվում է ինսուլինաթերապիան։

ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանը վերահսկում է ԱՀ-ում շաքարային դիաբետով գրանցված 20 երեխայի։ Նրանք բոլորն էլ ստանում են ինսուլինաթերապիա։ Բուժումն իրականացվում է անվճար, ակտիվ է բժիշկ-ծնող-երեխա կապը։ Շաքարային դիաբետ ախտորոշումից հետո երեխաները սկսում են ստանալ ինսուլին, որի շնորհիվ հնարավոր է դառնում բարձրացնել նրանց կյանքի որակը։ Հիվանդությունն առայժմ չի բուժվում, սակայն անհրաժեշտ գիտելիքների և դեղորայքի ճիշտ կիրառումը երաշխավորում է կայուն առողջություն ունենալը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ