Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ` ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Վերջերս Հայաստանում ակտիվացել են ԼԳԲՏ-ների անդամները. անցկացվել է ֆորում Ծաղկաձորում:

Նախատեսում էին նմանատիպ համաժողով անցկացնել նաև Երևանում, ինչը վերջապես զայրացրեց քաղաքացիներին, և Երևանի Թատերական հրապարակում անցկացվեց ՙՀանուն ազգային արժեքների՚ բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ-ների: Համասեռամոլների, կրոնական, աղանդավորական կազմակերպությունների և համաշխարհայնացման այլ մարտահրավերների, ինչպես և ազգային արժեքների պահպանման շուրջ զրուցեցինք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:  -Պարոն Սարգսյան, բազում աղանդավորական կրոնական կազմակերպությունների ներթափանցման վտանգին վերջերս ավելացավ նաև սեքսուալ փոքրամասնությունների տարածման մարտահրավերը: ԼԳԲՏ-ներն անգամ նախատեսում էին համաժողով անցկացնել Երևանում: Ի՞նչ քայլերի է հնարավոր դիմել, որպեսզի նման երևույթների դեմը առնվի: Ինչպիսի՞ն է իրավիճակն Արցախում: 

- Տարբեր առիթներով  նշել եմ, որ ազգակործան բոլոր կառույցները եւ կազմակերպությունները, այդ թվում` աղանդավորները, բախտագուշակները, էքստրասենսները, սեւ եւ սպիտակ մոգությունները, արեւելյան որոշ ուսմունքներ, ենթամշակույթներ, ԼԳԲՏ-ներ գործում են հաղորդակցաբար, ղեկավարվում եւ ֆինանսավորվում  են  միեւնույն կենտրոնից, բայց տարբեր աղբյուրներից եւ տարբեր խողովակներով: Բացի այդ, ազգային արժեհամակարգի նկատմամբ կործանարար նպատակներ են հետապնդում: ԼԳԲՏ-ների, մանավանդ` քրիստոնյա ԼԳԲՏ-ների կողմից Երեւանում նախատեսված ֆորումի կազմակերպումը ավանդական հայ մարդու համար պարզապես ցնդաբանություն է: Հայաստանում  եւ Արցախում  ծավալվել է շարժում ընդդեմ ԼԳԲՏ-ների` անկախ նրանից, որ ֆորումը Երևանում արգելվել է: Ստեփանակերտում  ԼԳԲՏ-ների ֆորումի կազմակերպման դեմ  նախաձեռնությամբ ավելի քան մեկ ամիս առաջ հանդես է եկել ՙԱրցախի քրիստոնյա երիտասարդների միություն՚ հասարակական կազմակերպությունը: Նրա կոչին են միացել բազմաթիվ հասարակական  կազմակերպություններ, պետական, հասարակական, քաղաքական գործիչներ, անհատներ: Նման արատավոր երևույթների դեմ պայքարելու առաջին կարեւոր խնդիրն ազգային գաղափարախոսության ընդունումն է, որը պետք է ներառի ազգի բարոյական նորմերը, պետականության եւ պետության քաղաքական, ռազմավարական, կրթական եւ մշակութային, կենցաղավարման, տնտեսական, պաշտպանության հայեցակարգերը: Բայց քանի դեռևս չունենք մշակված և ազգովի ընդունված համազգային գաղափարախոսություն, պետք է օգտագործել պայքարի բոլոր օրինավոր ձևերը՝ ընդհուպ մինչև համապատասխան օրենքների ընդունումը: 

-Համաշխարհայնացման այս դարում տեսանելի է դառնում տղամարդու դերի երկրորդայնացման միտումը: Ինչպե՞ս է դա անդրադառնում կայուն ընտանիքի հայկական ավանդույթին, երեխաների դաստիարակության գործին, երկրի կայունացման ամրապնդմանը: 

-Տղամարդու դերի երկրորդայնացման գաղափարը ևս համաշխարհայնացման  ջատագովների ծրագրի մաս է կազմում: Դա  ավանդական ընտանիքները քայքայելու ամենակարճ ճանապարհն է: Դրան է նպատակաուղղված նաեւ ժամանակակից ֆեմինիստական շարժումը, որն էականորեն  տարբերվում է 19-րդ դարում արմատավորված` հանուն կանանց իրավունքների պայքարի շարժումից: Մեր հասարակության մեջ այդ երևույթն արմատավորված չէ, և համազգային գաղափարախոսության ընդունումը արմատախիլ կանի նմանատիպ երևույթների ծիլերը: 

-Համաշխարհայնացման արդի ժամանակաշրջանում առաջ են գալիս լուրջ մարտահրավերներ, հատկապես փոքրաթիվ ազգերի համար: Դա առաջ է բերում ազգային անվտանգության խնդիր: Որո՞նք են դիմակայելու ձևերը: 

 -Մեր օրերում քաղաքական գլխավոր խնդիրը միաբևեռ աշխարհակարգի ձեւավորումն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, պետությունների ներքաղաքական վիճակը: Միաբևեռ աշխարհակարգը սերտորեն կապված է համաշխարհայնացման  գաղափարախոսության հետ, որը հիմնականում տարվում է երեք ուղղություններով` գաղափարաքաղաքական, կրոնադավանական եւ տնտեսական: Նշված երեք ուղղություններով աշխատանքները տարվում են համաժամանակյա, որպեսզի ազդեցության գոտում գտնվող պետությունները չկարողանան կողմնորոշվել եւ հակազդեցության միջոցներ գտնել: Իմ կարծիքով, ներկա պայմաններում պետք է Հայաստանը (ՀՀ եւ ԱՀ) ընդունի ազգային անվտանգության նոր հայեցակարգ՝ հաշվի առնելով  ներպետական  եւ  միջազգային իրադրությունը, ժամանակակից սպառնալիքներն ու մարտահրավերները: 

Արցախում  ազգային անվտանգության խնդիրները բազմազան են: Վերը նշվածներից բացի դամոկլյան սրի նման կախված է հարևան թշնամի երկրի կողմից պատերազմ վերսկսելու վտանգը: 

-Ի՞նչ խնդիրներ է լուծում բաժինը: 

-Հատկանշեմ այսօրվա կարևորագույն խնդիրը՝ ՙՄտքի, խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ նոր օրենքի  ընդունումը, որը հնարավորություն կտա Արցախում գործող բոլոր կրոնական միավորումներին, այդ թվում` կրոնական խմբերին բերել իրավական դաշտ: Այն դրված է ԱՀ ԱԺ քննարկմանը: Բաժինը մշտապես օժանդակում է ՀԱԵ Արցախի թեմին, որպեսզի իրագործվեն ԱՀ Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքով տրված բացառիկ իրավունքները: Հոգեւոր անվտանգության խնդրին հետամուտներ բաժինն Արցախի բոլոր բնակավայրերում պարբերաբար կազմակերպում է բացատրական, իրազեկման դասախոսություններ, զգուշացնում հնարավոր վտանգներից: Սակայն բաժնի լիարժեք գործունեությունը կապված է մի շարք խնդիրների հետ: Մասնավորապես, կրոնական միավորումների հետ հարաբերությունների ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է պետական քաղաքականության հայեցակարգի ընդունում, որից կբխեն համապատասխան օրենքների քննարկում և ընդունում: Կարևոր խնդիրներից է նաև համայնքային ծխական խորհուրդների ստեղծումը, քանի որ այսօր ՀԱԵ Արցախի թեմում կա 10 քահանա, իսկ համայնքներն ավելի քան 300-են: Իմ կարծիքով, միայն ծխական խորհուրդների միջոցով  է հնարավոր համակարգել առկա և ծագող խնդիրները: Ի դեպ, նշեմ, որ բոլոր խնդիրների լուծման համար բաժնի կողմից մշակված է համապատասխան ծրագիր, որի շուրջ ՀԱԵ Արցախի թեմի և համապատասխան պետական մարմինների հետ պատրաստ է աշխատել համատեղ, գտնել առավել արդյունավետ լուծումներ: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ