[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ ԹԱԲՈՐ ԼԵՌՆ է, ԱՄԵՆԱՓՐԿԻՉԸ՝ ԱՍՏԾՈ ՏԱՂԱՎԱՐ

Հարցազրույց՝  Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ 

տեր Անդրեաս քահանա ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

 -Օրհնեցե՜ք, տեր հայր։

-Աստվա~ծ օրհնի։

-Տեր Անդրեաս, լրացան Շուշիի սքանչելիքի՝  Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու օծման 130-րդ և վերաօծման 20-րդ տարեդարձերը։ Դուք սրբավայրի վերակառուցման ականատեսն եք եղել և վերաօծման մասնակիցներից։ 

-Իհարկե։ 1994 թվականին, երբ արդեն զինադադար էր, Արցախի թեմն անմիջապես սկսեց վերանորոգել Ղազանչեցոցը։ Չորս տարվա մեջ հասցրեց նորոգել և կարողացավ տեսքի բերել։  Այդ տարիների շինարարական աշխատանքների ավարտին սպասում էինք անհամբերությամբ, որպեսզի մասնակցենք նաև վերաօծմանը, որը շատ շքեղ եղավ. մեկ օր առաջ Պարգև սրբազանի հետ օծեցինք եկեղեցին։ Մայր Աթոռից մեզ էին  միացել միաբաններ։ Եկեղեցու մեջ խաչերն ու սրբապատկերները շատ էին, և ժամեր էին անհրաժեշտ դրանք օծելու համար։ Ամբողջ գիշեր կատարվում էր արարողությունը։ Եկեղեցին լվացվեց ջրով, ապա գինով, այնուհետև օծվեց սրբալույս մյուռոնով։ Շատ տպավորիչ էր։ Դա 1998 թվականին էր, Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝  Վարդավառին։ Առավոտյան  մատուցվեց առաջին վեհաշուք պատարագը։ Մինչ այսօր այն հիշվում է՝ իր բոլոր մանրամասներով։

Մենք բոլորս էինք երազում այդ օրվան` օծված տեսնել եկեղեցին, լսել զանգերի ղողանջը, ինչն Աստծո հրաշքով տեղի ունեցավ շատ պայծառ մի օր։

-Ո՞րն էր Ղազանչեցոցի վերաօծման հոգևոր խորհուրդը։ 

-Ամեն հոգևոր արարողություն մենք հիմնավորում ենք Քրիստոսի անձով ու ավետարանական դրվագներով։ Երբ մարդ ուզում է առանձնանալ Աստծո հետ, մարդկանցից հեռանում է, դեպի Աստված բարձրանում, որովհետև պատկերացնում է, որ Աստված վերևն է։ Նույնը  Հին կտակարանում էր։ Երբ Մովսես մարգարեն ուզում էր խոսել Աստծո հետ, ժողովրդից հեռանալով՝  բարձրանում էր Սինա կամ Թաբոր լեռը։  Արցախի համար Շուշին կարծես Թաբոր լեռն է։ Պայծառակերպությունը կատարվեց այնտեղ, որտեղ  ամեն ինչ մաքուր էր, անարատ։ Շուշին կարելի է առանձնացնել այդ առումով և, առավել ևս, եկեղեցին, որը խորհրդանշում է Քրիստոսին, խորհրդանշվում է որպես Աստծո տուն՝  վերաբացված Պայծառակերպության տոնին։ Քաղաքը պայծառակերպվեց, որովհետև պայծառակերպվեց եկեղեցին, որը 70 տարուց ավելի խոնարհված էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը վերջապես վերաբացվեց, օժտվեց Տիրոջ լույսի շնորհով և լույս է տարածում իր շուրջը։

-Տեր Անդրեաս, անդրադառնանք անվանը` Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչին։

-Եկեղեցու անունն Ամենափրկիչ է ՝ մեր Տիրոջ անունով։ Շուշիում այսպիսի կարգ կար, համաձայն որի ամեն համայնք պիտի ունենար իր եկեղեցին։ Գործում էին Ղազանչեցոցը, Ագուլեցոցը, Մեղրեցոցը, Ղարաբաղցոցը... Որպեսզի եկեղեցին անմիջապես ճանաչվի, համայնքի անունն էին տալիս։ Եվ որովհետև ղազանչիներն էին կառուցել Ամենափրկիչը, Ղազանչեցոցն Ամենափրկչին վրադիր եղավ։ Ամենափրկիչը Տիրոջ նման գեղեցիկ էր, զորեղ ու կատարյալ։ Ամենափրկիչն առաջնորդանիստ էր ու է՜։

-Տեր Անդրեաս, անդրադառնանք նաև Ամենափրկչի բուն օծմանը, տարեթվին, ժամանակշրջանին, պայմաններին։

-Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 1868 թվականին։ Աշխատանքները տևել են մոտ 19 տարի։ 1887-ին եկեղեցու շինարարությունն ավարտվել է, 1888-ի սեպտեմբերին՝  օծվել։ Գործել է մինչև 1930-ական թվականները։ Խորհրդային սահմռկեցուցիչ տարիներին մյուս եկեղեցիների պես Ղազանչեցոցը  ևս փակվել է, քահանաները սպանվել են, աքսորվել, ենթարկվել կտտանքների։ Եկեղեցին թալանվել է։ Այնուհետև տասնամյակներ շարունակ եկեղեցին ծառայել է որպես պահեստ, անասնագոմ։ 1988-ին, երբ հայաթափվեց Շուշին, եկեղեցին սկսեցին օգտագործել որպես զինանոց, քաջ գիտակցելով, որ եկեղեցին ապահով տեղ է իրենց համար, հայերը չեն պայթեցնի այն։

-Սակայն, տեր հայր, Սուրբ Գրքում հանրահայտ տողեր կան. ՙԶուր են պահում քաղաքը նրա պահապանները, եթե այն չի պահում Տերը՚։ Ասել է թե` եկեղեցին պահպանվել է Տիրոջ կողմից։ Այն պահվել, խնայվել է Տիրոջ ձեռամբ ու ողորմությամբ։ Մոտ 70 տարի հետո` 1998 թվականին, եկեղեցու բակը մեղվափեթակ էր հիշեցնում։ Հիմնանորոգված Աստծո տունը նոր կյանք էր ստանում։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն այն համեմատեց Փարիզի՝  համաշխարհային հռչակ ունեցող Մոնմարտրի հետ, որը կառուցված է քաղաքի ամենաբարձրադիր վայրում։

-Բնական է, որովհետև եկեղեցու ճարտարապետը՝ Սիմոն Տեր-Հակոբյանցը, համաշխարհային համբավ ուներ։ Նա կրթություն էր ստացել Եվրոպայում, որտեղից էլ Արցախ է բերել եվրոպական արժեքները։ Տեր-Հակոբյանցը Շուշիի գլխավոր ճարտարապետն էր։ Նրան հաջողվեց կառուցել Ղազանչեցոցը: Ադրբեջանցիները շատ էին ուզում քանդել այն, բայց, նախ, ամուր կառույց էր, և, հետո, կար երկյուղն Աստծուց։ Շուշիում այսօր էլ պատմում են Ագուլեցոցին վերաբերող մի դեպք, համաձայն որի, երբ խորհրդային տարիներին քանդում էին, պայթուցիչը դնող ադրբեջանցին չհասցրեց թաքնվել, քարը խփեց նրան, որը երկյուղ առաջացրեց ազերիների մոտ, բայց քանի որ հրաման ունեին քանդել, ավերել, մասնատել եկեղեցին, հլու-հնազանդ կատարում էին հրամանը։ Մյուս եկեղեցիներն աննկատ քանդեցին, մեկի տեղում դպրոց կառուցեցին, մյուսի` բաց կինոթատրոն, մեկն օգտագործեցին որպես առողջարանային համալիրի մի մաս, լողավազանի վերածեցին սուրբ սեղանի հատվածը։ Ղազանչեցոցը չկարողացան քանդել։

-Տեր Անդրեաս, Ղազանչեցոցի վերակառուցումն սկսվել էր մինչև Ղարաբաղյան շարժումը։ Հայաստանից ժամանած Վոլոդյա Բաբայանը մի խումբ աշխատակիցներով քաղաքում օրը ցերեկով վերանորոգում էր եկեղեցին։ 

-Մայր Աթոռից գրություն եղավ Մոսկվային, և Մոսկվան արտոնեց հայերին սկսել եկեղեցու վերանորոգումը։ Դա 1981 թվականին էր։ Հայաստանից մի խումբ եկավ և սկսեց շինարարությունը։ Բայց 88-ին շարժումը ՙխանգարեց՚…

-Տեր հայր, թվում էր, թե խանգարեց, իրականում դա Աստծո նշանն էր, որ եկեղեցին պիտի ազատագրվեր, որ ազգային զարթոնքին պիտի հաջորդեր հոգևոր վերազարթոնքը։

-Դադար եղավ 1988-ից 1994 թվականը։ 94-ից վարպետի ձեռքը նորից սկսեց գործել։

Այդ նույն վարպետը շարունակեց շինարարությունը, ինչի մասին պատեհ առիթներով էլ մեծ ոգևորությամբ է պատմում։

-Տեր Անդրեաս, ուխտեկների հոսքն Արցախ վաղուց չի դադարում նաև ձմռանը։ Ղազանչեցոցն ուխտեկների ուխտն Աստծո հետ վերանորոգելու վայրի է վերածվել։

-Գալիս են մինչև անգամ հեռավոր Ճապոնիայից։ Գալիս են, որովհետև զգում են, որ աշխարհում կա մի փոքր երկիր, որտեղ ապրում են մաքուր, անաղարտ մարդիկ, որտեղ կան սրբավայրեր, որտեղից լույս է սփռվում։ Նրանք շենքեր ու շինություններ տեսնելու չեն գալիս, նրանք գալիս են տեսնելու Աստծո ստեղծածը, որի միջից Աստծո օրհնությունն է ճառագում։ Տարեցտարի ավելանում է ուխտեկների հոսքը։ Դրան նպաստում են նաև տեղեկատվական նորագույն միջոցները։ Յուրաքանչյուրը յուրովի է քարոզում Արցախը. մեկը՝  լուսանկարների միջոցով, մեկը՝  տեսանկարահանումների, մյուսը՝  տեքստի... Արցախն օր օրի ճանաչելի է դառնում։ Ղազանչեցոցի հմայքներից ու զորություններից մեկն էլ սուրբ խորանի տակ գոյություն ունեցող խոստովանավայրն է, որի մասին փոխանցում են տեղյակները, և դա ավելի է ուխտեկին մոտեցնում մեր եկեղեցուն։ Նախկինում հավատացյալները քահանային այստեղ էին խոստովանում իրենց մեղքերը, որոնք արձագանքով հասնում էին Աստծուն, ներվում Երկնայինի կողմից։ Այդ արձագանքը, կարծես, մարդու սրտի խորքից է գալիս և ուղղակիորեն հասնում  վերև…

-Տեր Անդրեաս, համաձայնեք, մեծ պատիվ ու պատասխանատվություն է քահանայագործել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

-Երբ որ 1999 թվականին Պարգև սրբազանի ձեռամբ և օրհնությամբ ձեռնադրվեցի, պիտի ծառայությունս իրականացնեի Ամարասի վանքում։ Բայց մի ամիս անց  նորից տեղափոխեցին Ամենափրկիչ։ Ես մեծ սիրով, բայց նաև Տիրոջ հանդեպ երկյուղածությամբ համաձայնեցի ու առայսօր այստեղ եմ, սպասավորում եմ, ծառայում եմ և՜ Աստծուն, և՜ հավատացյալ հոտին։ Առաջնորդանիստ եկեղեցի է Շուշիի Ղազանչեցոցը։ Շուշին համեմատում ենք Թաբոր լեռան հետ, Արցախյան բոլոր աղոթքները, հանրապետական ու հայրապետական մաղթանքներն այստեղից են բաշխվում հավատացյալներին։ Այստեղ կատարվում են մեր եկեղեցու բոլոր  ծեսերն ու  խորհուրդները։

Քսան տարի է անցել։ Մենք, իհարկե, չենք կարող հպարտանալ, որովհետև շատ գործ չենք արել, քսան տարվա մեջ պիտի կարողանայինք ամենաքիչը երկու հազար քրիստոնյայի դարձի բերել։ Չկարողացանք։ Բայց մարդիկ են դարձի եկել, որոնք հավատում են Աստծուն և ՀԱԵ դավանանքին։ Նրանց մկրտել և պսակադրել ենք։ Տարիների ընթացքում այս մարդիկ պատրաստվել և մեզ հետ տոնակատարել են մեր հոբելյանը։ Այս տարիներին ունեցել ենք քսան խաչքավոր, ովքեր եկեղեցու նվիրյալներից են և իրենց կարողությունների չափով օգտակար են եղել եկեղեցուն։ Քսան տարվա ընթացքում լուսավորվեցինք Քրիստոսի լույսով և Պետրոսի նման ուզում ենք մնալ լույսի մեջ՝  Թաբոր լեռան վրա։ Մնալ և տաղավարներ՝  եկեղեցիներ ու բնակարաններ կառուցել, որպեսզի մարդիկ ապրեն այստեղ, Աստծո ներկայությունը վայելեն։ Ցանկալի է, որ Շուշին վերափոխվի, ինչպես Թաբոր լեռը, և մենք կատարենք Հայր Աստծո պատգամը. ՙԻնչ որ Քրիստոս ասում է, դա արեք, որովհետև դա է իմ սիրելի որդին՚։ Միայն այդ դեպքում մենք չենք ուզենա այստեղից հեռանալ, որովհետև այստեղ Աստծուն մոտ ենք, շատ ապահով վայրում՝  Թաբոր լեռան վրա, որը մեզ համար Արցախն է։

-Օրհնեցե՜ք, տեր հայր։

-Աստվա~ծ օրհնի։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ