[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հաշմանդամների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտի պատկերասրահում անցկացվեց տոնական միջոցառում։

Ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, հաշմանդամներ: Ցուցադրվեցին Վերականգնողական կենտրոնի սահմանափակ կարողություններով անձանց ձեռքի աշխատանքները, ինչպես նաև լուսանկարներ, որոնցում ներկայացված են կառույցում իրականացվող վերականգնողական տարբեր ծրագրեր։ 

Արցախում Կենտրոնը գործում է ավելի քան 20 տարի, որտեղ վերականգնման և բուժման համար տարիքային սահմանափակում չկա։ Այն բացվել է մեր մեծ բարեկամ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, իսկ 2002թ. գործում է ԱՀ առողջապահության նախարարության համակարգում։ Սկզբից կառույցը կրում էր ՙՀամաշխարհային քրիստոնեական համերաշխություն՚ անվանումը, իսկ 2005թ. վերանվանվեց Քերոլայն Քոքսի։ Գործելով նախարարության համակարգում, կառույցը վերականգնողական բուժում է ցուցաբերում հաշմանդամներին և հնարավորություն ստեղծում ինտեգրվել հասարակությանը`  նպաստելով նրանց ինքնուրույնությանն ու անկախությանը։ Այստեղ մեծ նշանակություն է տրվում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցողների համար տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ 

2000-2018թթ. ժամանակահատվածում Կենտրոնում կազմակերպվել է 67426 ամբուլատոր և 3530 ստացիոնար բուժում, կատարվել 40471 տնային այցելություն։  Գործում են բժիշկ-վերականգնողաբանի  խորհրդատվության, ֆիզիկական թերապիայի, էրգոթերապիայի, հոգեբանի և լոգոպեդի, սոցիալական, ջրաբուժության ու մի շարք այլ ծառայություններ, ինչպես նաև սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ։ Բացի դրանից, Կենտրոնի մասնագետները Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջանների հիվանդանոցներում կազմակերպում են ֆիզիկական և աշխատանքային թերապիա սահմանափակ կարողություններով անձանց համար։ 

Օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս հասարակությանը ներկայացվեցին հաշմանդամների շրջանում իրականացվող վերականգնողական ծրագրերը, իսկ տնօրեն Վ. Թադևոսյանը շեշտեց, որ  նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում հանրության ուշադրությունը սևեռել սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին։ Արցախում նշյալ մարդկանց վերականգնողական ծրագրերով զբաղվում են Կենտրոնում, որի շենքային պայմանները, սահմանափակ լինելով հանդերձ, մատչելի են շահառուների համար։ ՙՄենք ունենք հրաշալի մի անձնակազմ, որի անդամներն իրենց գիտելիքներով և պատրաստակամությամբ օգնում են հաշմանդամներին։ Նրանց աշխատանքի շնորհիվ վերականգնողական բուժման կարիք ունեցողները չեն մեկնում ՀՀ և արտերկիր, այլ տեղում օգտվում են բուժման ու վերականգնման ժամանակակից մեթոդներից։ Վստահ ենք, որ մոտ ապագայում կունենանք ժամանակակից վերականգնողական կենտրոն, և մեր ունեցած ռեսուրսներով ու հրաշալի անձնակազմով կմատուցվի լավագույն վերականգնողական ծառայություն։ Շնորհակալություն բոլոր այն կառույցներին, ովքեր համագործակցել և պատրաստ են այսուհետև ևս համագործակցել մեզ հետ՚,¬ ասաց Վ. Թադևոսյանը։ 

Վերականգնողական կենտրոնը միշտ պատրաստ է համագործակցել հասարակական այն կառույցների և բոլոր սրտացավ մարդկանց հետ, ովքեր աշխատանքներ են տանում հաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար։ 

ԱՀ առողջապահության նախարարը կարևորեց Վերականգնողականի աշխատանքներն ու արդեն ավանդույթ դարձած նման միջոցառում¬ցուցահանդեսների կազմակերպումը ոչ միայն Հաշմանդամների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Ստեղծման օրվանից Կենտրոնում կազմակերպվում է նաև տնային այցելության ծառայությունը, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող ավելի քան 120 հաշմանդամի։ Տնային այցելությունների ծրագիրը չափազանց կարևոր է անկողնում գամված հաշմանդամների համար, ուստի կառույցը փորձում է ընդլայնել ռեսուրսները՝ հեռավոր շրջաններում ապրող հաշմանդամներին օգնելու համար։ 

Ա. Բաղրյանը ոգևորությամբ խոսեց ցուցահանդեսի, ինչպես նաև տարբեր խմբակներում ներգրավված հաշմանդամների աշխատանքների մասին։ 

Մանուշակ Մելքումյանը վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում 2003 թվականից։ Բուժօգնությանը զուգահեռ նա ընդգրկվել է երգի ու մակրամեի խմբակներում։ Ցուցահանդեսին ներկայացրել է մի քանի գործեր։ Նրա խոսքով՝ Կենտրոնն իր երկրորդ տունն է, որտեղ մոռանում է իր առողջական խնդիրների մասին, առանձնանում իր ուրույն աշխարհում։

Վերջում Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները սահմանափակ կարողություններով անձանց համար ներկայացրին երաժշտական անակնկալ։ 

;

 

  Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ