Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԾՐԱԳԻՐԸ ԲԱՑԱՌԻԿ Է

Շարքային քաղաքացիների սեփական բնակտարածք ունենալու խնդիրը նոր չէ մեր հանրապետությունում: Հատկապես քաղաքային բնակավայրերում բնակչության մի ստվար մասը տարիներով ապրում է վարձակալված բնակարաններում՝ երազելով սեփականի մասին:

Ցավոք, մեծամասամբ այդ երազանքներն այդպես էլ անկատար են մնում անշարժ գույքի չարդարացված բարձր գների պատճառով: Չի փրկում նաև հիփոթեքային վարկավորման մեղմացված տարբերակը, որը հաղթահարել կարողանում են միայն բարձր եկամուտ ունեցող ընտանիքները: Խնդիրը լուծելու համար մի քանի տարի առաջ կառավարության կողմից որոշակի խմբերի համար  բնակարան, բնակելի տներ ձեռք բերելու կամ կառուցելու և վերանորոգելու հիփոթեքային վարկերի տոկոսների լրիվ սուբսիդավորման պետական ֆինանսական աջակցության ծրագիր է գործարկվել: Առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների հմար գործում է նաև եկամտահարկի հետվերադարձման տարբերակը: Ընթացիկ տարվա աշնան սկզբին հայտնի է դարձել կառավարության կողմից մշակված` բնակարանաշինության և հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի մասին: Նոր մոտեցումներով ու ավելի մատչելի պայմաններով ծրագիրը գործել սկսելու է գալիք տարվա սկզբից և օգնելու է լուծել ոչ միայն քաղաքային, այլև գյուղական համայնքների բնակիչների բնակարանային ապահովվածության խնդիրը: Ներդրվելիք ծրագրի առանձնահատկությունների մասին է մեր հարցազրույցը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:-Պրն Ավանեսյան, վերջին շրջանում  շատ է խոսվում կառավարության կողմից մշակված`   բնակարանաշինության և հիփոթեքային աջակցության նոր ծրագրի մասին, մի փոքր մանրամասնեք. ի՞նչ է առաջարկում նոր տարբերակը: Ըստ Ձեզ` այն կդառնա՞ հանրապետության բնակչության ամենացավոտ` բնակարանային խնդիրը լուծելու լավագույն տարբերակը:

- Մշակվել է ծրագիր, որն իր բովանդակությամբ, կարևորությամբ ու նաև դրան նախորդած քննարկումների առումով բացառիկ կարելի է համարել:   Մինչ այժմ, ինչպես գիտեք, կյանքի են կոչվել  բնակարանային խնդրի լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր: Հիշեցնեմ, որ այսօր էլ դեռ գործում է ԼՂՀ ՊՊԿ-ի կողմից ծրագիրը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակտարածքի հատկացման կարգը հաստատելու մասին 1993թ. հաստատված որոշումը: Պետք է ասել, որ այդ տարիների ընթացքում տարբեր սոցիալական խմբերում ներառված քաղաքացիների բնակարանային խնդիրը մասնակիորեն լուծվել է` համաձայն այդ կարգի: Պարզ է նաև, որ տարիների ընթացքում բնակարանային ապահովության վերանայման, նոր մոտեցումների մշակման  անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործող խորհրդային սկզբունքները վաղուց արդեն կենսունակ ու արդարացված չէին:  Ինչ է առաջարկում նոր նախագիծը. նախ պետք է հստակեցվեն բոլոր հարաբերությունները պոտենցիալ շահառուների` սոցիալական խմբերի հետ, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Նրանց մեջ են Արցախյան գոյապայքարի ընթացքում և հետևանքով դժվար սոցիալ-կենցաղային կացության մեջ հայտնված քաղաքացիներ, անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամները, միածնող, ինչպես նաև 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ևս ներառված են այս ծրագրում (այս երկու խմբերի դեպքում առաջնորդվելու ենք կառավարության համապատասխան որոշումներով): 

-Փաստորեն շարունակվելու են գործող ծրագրերը, որոնք իրականացվում էին Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը գալիք տարվա հունվարից կդադարեցնի իր գործունեությունը: Ի՞նչ փոփոխություններ են կրելու արդեն գործող ծրագրերը: 

-Իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը շարունակվելու են, դրանց մի մասը՝ հիփոթեքային վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների սուբսիդավորման, կանխվճարի տրամադրման գործառույթներով հանդերձ, տեղափոխվելու է Արցախի ներդրումային հիմնադրամ: Շարունակվելու է նաև գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, որով զբաղվելու է մեր նախարարության աշխատակազմը: Հիփոթեքային վարկերի կանխավճարների և տոկոսների լրիվ սուբսիդավորման պետական աջակցության ծրագրից շարունակելու են օգտվել անժամկետ զինվորական հաշմանդամության երկրորդ և երրորդ կարգ ունեցողները, փախստականները, բազմազավակ և միածնող ընտանիքները, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակները, ինչպես նաև  ԱՀ ԶՈՒ սպայական կազմի զինծառայողները: Խմբերը չեն վերանայվել, հնարավոր է հետագայում որոշակի փոփոխություններ գրանցվեն աջակցության ձևերում: 

-Ասացիք, որ նորություններ կան բազմազավակ և երկկողմանի ծնողազուրկ երեխաների մասով:

-Այսօր մենք ունենք ավելի քան 330 բազմազավակ ընտանիքներ: Այդ ընտանիքների հոգսերի թեթևացումը, երեխաների բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում միշտ էլ որպես կարևորագույն հարց է դիտարկվել: Նրանց հանդեպ պետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը: Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին բանակարաններով ապահովելու գործող կարգում ունենք փոփոխություններ: Ինչպես գիտեք, մինչ այժմ նման երեխաներն ապահովվում էին մեկսենյականոց բնակարաններով: Բնակմակերեսով չապահովված երեխաներին այսուհետ պետք է  հատկացվեն առնվազն երկու սենյականոց բնակարաններ, իսկ եթե նա ունի ընտանիք, ապա համապատասխան որոշման նոր չափորոշիչներն են գործելու: Նշեմ, որ կավելացվեն են նաև կահավորման և կենցաղային իրերի ձեռքբերման գումարները: Սա իրականում շատ լուրջ առաջընթաց է տվյալ խմբի բնակարանային ապահովվածության խնդիրը լուծելու գործում:

 - Վերջին շրջանում տարածաշրջանի շատ պետություններում արեն իրողություն են  ՙսոցիալական բնակարաններ՚ ու ՙսոցիալական բնակֆոնդ՚ հասկացությունները: Մեզ մոտ կարծես խուսափում են նման ծրագրերից: 

-Սոցիալական (մունիցիպալ) բնակարանաշինությունը, կարծում եմ, ապագա ունի մեր երկրում: Բնակապահովվածության խնդիրների որոշ մասը սոցիալական բնակարանաշինության տարբերակով լուծելու տարբերակն ընդունելի է, սակայն այստեղ որոշակի ուսումնասիրությունների, տարբեր երկրների փորձը վերլուծելու, ինչպես նաև սոցիալական վարձակալության պայմանները օրեսնսդրական դաշտում հստակեցնելու մեծածավալ աշխատանքներ պետք է կատարվեն:  

-Եթե խոսենք նոր ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից, ո՞րը կշեշտեք առաջին հերթին: 

-Ծրագրի բովանդակության, նոր մոտեցումների մասին արդեն մի քանի անգամ խոսվել է պետնախարար Գ. Մարտիրոսյանի կողմից: Ըստ իս, ամենակարևորը բնակարանաշինության ընդհանուր գործընթացն ապակենտրոնացնելու նպատակն է: Գաղտնիք չէ, որ մինչ այժմ շրջաններում բնակարանային խնդիր ունեցողների որևէ  հաշվառում չի իրականացվել: Կան շրջաններ, որտեղ ինչ-որ աշխատանքներ արվել են: Այս ծրագրով մենք ամրագրում ենք, որ շրջվարչակազմերի ղեկավարները պետք է մինչև  2019թ. հունվարի 1-ը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնեն` համապատասխան հերթացուցակներ կազմելու նպատակով: Դա նաև հնարավորություն կտա կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հեշտացնել դիմումների ընդունման գործընթացը:

-Այսինքն՝ նոր թաղամասերի շինարարությունը միաժամանակ մեկնարկելու է թե՜ մայրաքաղաքում, թե շրջկենտրոններու՞մ: 

-Այո: Կարևոր լրացում՝ ոչ թե շրջկենտրոններում, այլ շրջաններում, քանի որ ծրագրի ոչ քիչ շահառուներ ապրում են գյուղական բնակավայրերում: Սրան, նորից կրկնեմ, նախորդելու են քաղաքացիների բնակարանային պայմանների ուսումնասիրության լուրջ աշխատանքներ: Ասեմ նաև, որ վերը թվարկված շահառուները ծրագրից  հնարավորություն ունեն օգտվելու մեկ անգամ: 

-Եվ վերջին հարցը` ու՞ր պետք է դիմի իրեն ծրագրի շահառու համարող քաղաքացին: 

-Մայրաքաղաքի բնակիչները պետք է դիմեն Ստեփանակերտի քաղաքապետարան, իսկ շրջաններում այդ հարցերով զբաղվելու են շրջվարչակազմերի համապատասխան բաժինները:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ