Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՐՈՊԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ...

1988 թիվ, դեկտեմբերի 7: 11 անց 41 րոպե: Տեղի ունեցավ սարսափելին։ Բայց մարդիկ դեռ չէին հասկանում` ինչ։ Ընդամենը կես րոպեի ընթացքում կյանքը Հայաստանում կիսվեց ՙմինչ՚ և ՙհետո՚-ի։

Ստորգետնյա ցնցումների շարքը երկրագնդի երեսից գործնականում ջնջեց Սպիտակ քաղաքն ու հզոր ավերածություններ պատճառեց Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր) և Ստեփանավան քաղաքներին։ Ընդհանուր առմամբ` տարերքից տուժեց 21 քաղաք, 350 գյուղ, որոնցից 58-ը լրիվությամբ ավերվեց։ 

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմում էր 10-11 բալ (12-բալանոց սանդղակով), Լենինականում՝ 9 բալ, Կիրովականում՝ 8 բալ։ Պաշտոնական տվյալներով հրեշավոր տարերքը փլատակների տակ թողեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոնը մնաց անօթևան։ Հայաստանում տեղի ունեցած արհավիրքը ցնցեց ողջ աշխարհը։ Արձագանքեցին գրեթե բոլոր երկրները, միլիոնավոր հասարակ մարդիկ հումանիտար օգնություն էին հավաքում, կամավոր գալիս աշխատելու որպես փրկարար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Խորհրդային Միությունն արևմտյան օգնություն թույլ տվեց: Բոբ Մաքոլեյը՝ ամերիկյան AmeriCares հումանիտար կազմակերպության հիմնադիրը, դեղորայքով լի ինքնաթիռ ուղարկեց Երևան, իսկ մինչ այդ Մաքոլեյը Բուշերի ընտանիքից ինչ-որ մեկին զանգել ու առաջարկել էր թռչել այդ ինքնաթիռով։ Նրան թվում էր, որ խորհրդային ժողովրդի համար նման ժեստն այդ պահին իսկապես կարևոր կլինի։ Ահա թե ինչ է գրում Ջորջ Բուշ ավագը ՙՓոխված աշխարհ՚ իր գրքում. ՙՏղաս` Ջեբը, և 12-ամյա թոռս` Ջորջը, ցանկություն հայտնեցին թռչելու, թեպետ դա նշանակում էր, որ նրանք ստիպված կլինեն Սուրբ Ծնունդը դիմավորել տնից հեռու։ Նրանք օգնեցին բեռնաթափելու ինքնաթիռը, ապա այցելեցին հիվանդանոց, ավելի ուշ սուրբծննդյան աղոթք բարձրացրին ոչ մեծ մատուռում։ Տղաս ու թոռս լացում էին, ի զորու չլինելով տանել այն, ինչ տեսել էին։ Ավելի ուշ Գորբաչովն ինձ ասաց, իսկ Շևարնաձեն՝ Ջիմ Բեյքերին, որ երբ Բուշերը լացում էին, դա հզոր ազդանշան էր ողջ Խորհրդային Միությանը, որ Ամերիկան անկեղծորեն ցավում է նրա համար, թե ինչպես են մարդիկ տառապում Հայաստանում։ Դա մեր հարաբերություններում ի հայտ եկած նոր կարևոր տոնայնության արտացոլումն էր. մենք սկսեցինք մարդկայնորեն վերաբերվել իրար՚։

Իսկ ահա 1985-1991թթ. ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հուշերից մի քաղվածք, մարդ, որին երախտապարտ հայերը կենդանության օրոք հուշարձան կանգնեցրին. ՙՀայաստան մեկնեցի դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան մոտ տեղում էի։ Իհարկե, դեռ Մոսկվայում ինձ զեկուցել էին զոհերի ու ավերածությունների մասին, բայց հոգու խորքում հույս ունեի, որ, միգուցե, ամեն ինչ այդքան էլ ծանր ու ահավոր չի լինի։ Երբ տեղ հասա, այդ հույսից ոչինչ չմնաց։ Սարսափազդու տեսարան էր, գրեթե լիովին ավերված քաղաք։ Ամբողջական տներ պահպանվել էին միայն ինչ-որ տեղ ծայրամասերում։ Շենքերը բառացիորեն շերտ-շերտ ընկած էին։ Փլատակների տակ՝ բազմաթիվ կենդանի մարդիկ։ Նրանք ճչում էին, հուսահատ օգնություն կանչում... Հիշում եմ՝ մեր ավտոբուսը կանգ առավ հանրախանութի ավերակների մոտ։ Ըստ երևույթին, երկրաշարժի ժամանակ այնտեղ շատ մարդ կար՝ մենք լսեցինք կանանց, երեխաների ճիչեր, մեզ շրջապատող ժողովուրդը շատ վրդովված էր՝ որտե՞ղ էին վերամբարձ կռունկները, փրկարարական ուղղաթիռները։ Իհարկե, ինչ-որ տեխնիկա հասցրել էինք բերել մերձակա շրջաններից։ Բայց չէ՞ որ ողբերգությունից դեռ օրեր էլ չէին անցել։ Ստիպված ենք անհապաղ կազմակերպել ամեն ինչ` ընդհուպ մինչև դագաղների արտադրություն...՚: Այո, աղետի գոտում այն ժամանակ ամենապահանջվածը հացն ու դագաղներն էին...

Պետք է նշել, որ 1988թ. դեկտեմբերի 12-ին Լենինական ժամանեց Գորբաչովը` կնոջ և իր ՙշքախմբի՚ հետ։ Գազազած ամբոխը Գորբաչովին դիմավորեց ցասկոտ բացականչություններով. ՙՀեռացի՜ր, մարդասպա՜ն՚։ 

Ի պատասխան Գորբաչովն ասաց. ՙԱխ, երկրաշարժն է՞լ չհանգստացրեց ձեզ՚։ Եվ հրամայեց ձերբակալել այն մարդկանց, ովքեր դեկտեմբերի 7-ից սկսած օր ու գիշեր բացում էին տների փլատակները` փրկելով մարդկանց և դուրս բերելով զոհերի մարմինները։ Իսկ ինչո՞ւ  հյուրասեր ու բարյացակամ հայերն այդքան անբարյացակամորեն դիմավորեցին Գորբաչովին։ Քանի որ նրանք չէին հավատում, որ դա երկրաշարժ էր, նրանք հակված էին այն կարծիքին, որ դա վրեժխնդրություն էր Ղարաբաղի համար, որ նման ձևով փորձ էր արվում կոտրել հայերի մարտական ոգին։ Եվ եթե, իրոք, դա այդպես էր, ապա նրանք իրենց հաշվարկներում վրիպեցին, և դրա վկայությունը հայ ժողովրդի ողջ պատմությունն է։ Ամբողջ կյանքում հայերը պայքարում էին իրենց հավատի, ազատության և անկախության համար և այսօր էլ պաշտպանում են այդ անկախությունը: 

Անցել է 30 տարի, բայց մինչ օրս բոլորիս հետևյալ հարցն է տանջում՝  ի՞նչ էր կատարվել իրականում։ Պաշտոնական վարկածի հետ, թե երկրաշարժի աղետալի հետևանքները պայմանավորված էին տարածաշրջանի սեյսմիկ վտանգի թերագնահատման, շինարարության ցածր որակի ու նման գործոնների հետ, շատերը համաձայն չէին։ Լուրեր էին պտտվում, որ երկրաշարժը խորհրդային գաղտնի զենքի փորձարկման արդյունք էր։ Ճիշտ է, այդ մասին շշուկով էին խոսում, քանի որ վախենում էին, որ իրենց կարող են հականեր համարել։ Բայց, ինչպես ավելի ուշ պարզեցին մասնագետները, Հայաստանում 1988թ. երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում արձակված էներգիան համադրելի էր 1945թ. ամերիկացիների կողմից Հերոսիմայի վրա նետված 10 ատոմային ռումբերի պայթյունին։ Այն սարսափելի դեպքերի ականատեսները պատմում էին, որ առաջին վայրկյաններին ուղղահայաց հզոր ցնցումներից տները բառացիորեն օդ էին բարձրանում, այնուհետև երկաթբետոնե կույտի վերածվում՝ իրենց տակ թաղելով բոլոր նրանց, ովքեր ներսում էին։ Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Ֆեյգինը ՙԸՐչցՎպվՑօ Ռ ՒՈՍՑօ՚ թերթին տված իր հարցազրույցում բաց տեքստով ասել էր, որ Սպիտակի երկրաշարժը գաղտնի զենքի փորձարկման արդյունք էր (ԸՌՂ, 2013թ., հուլիսի 26 -խմբ.)։ 30 տարի անց երկրաֆիզիկական ռումբերի փորձարկման շուրջ խոսակցություններն ավելի իրական են դառնում, այդ մասին վկայում են և այրված լեռների լանջերը, որոնք մինչ օրս այդպես էլ կանաչով չեն պատվել։ 

Այժմ վերադառնանք ժամանակագրական որոշ տվյալների ու փորձենք եզրահանգումներ անել։ Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում երկրաֆիզիկական ռումբը։ Պարզվում է, դա մի զինատեսակ է, որն արհեստական երկրաշարժ է հարուցում։ 1988թ. փետրվարին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Շևարնաձեն Ճապոնիա կատարած այցի ժամանակ ՙԽորհրդային Միությունը երկրաֆիզիկական ռումբ ունի՞՚ հարցին ի պատասխան ասել է. ՙԱյո, հիմա մենք չորս տեսակի երկրաֆիզիկական ռումբ ունենք՚։ Երկրաշարժի օրը Գորբաչովն ու Շևարնաձեն պաշտոնական այցով ԱՄՆ-ում էին գտնվում, ու երբ Նյու Յորքի թերթերի թղթակիցները 1988թ. դեկտեմբերի 8-ին Շևարնաձեին հարցրեցին, թե նա ինչպես կմեկնաբաներ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը, նա պատասխանեց. ՙՄենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն՚։ Առանցքային արտահայտությունը հետևյալն է՝ չէինք սպասում։ Այսպես, եթե դա բնական աղետ էր, ինչպե՞ս կարող էին նրանք ինչ-որ բանի սպասել։ Բայց սա դեռ ամենը չէ. 1988թ. դեկտեմբերի 10-ին Լենինական ժամանեցին սեյսմոլոգներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Բայց նրանց չթույլատրեցին հետազոտություններ անցկացնել, արգելեցին դոզաչափ օգտագործել։ Ճապոնական ու ֆրանսիական սեյսմագետ-երկրաֆիզիկոսները հրաժարվեցին ակտ կազմել ու տեղի ունեցածը բնական երկրաշարժ ճանաչել։ Դրանից բառացիորեն 5 օր անց Բաքվում վայրէջք կատարելիս կործանվեց Լենինականից ժամանող ռազմական ինքնաթիռը, որտեղ գտնվում էին ռազմական մասնագետ-երկրաֆիզիկոսներ, զոհվեցին 20 մասնագետներ` օդաչուների հետ միասին։ Ինքնաթիռի կործանման հանգամանքները մինչ օրս առեղծվածային ու չբացահայտված են մնում։ 

Ինչպես միշտ, հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան։ Հավանաբար, Սպիտակի երկրաշարժի մասին ճշմարտությունը կբացահայտվի տասնամյակներ հետո, բայց այդ աղետի ողջ սարսափը սեփական մաշկի վրա զգացած սերնդի համար այն այդպես էլ մշուշով պատված առեղծված կմնա։ 

Կյանքը շարունակվում է, քաղաքներն ու գյուղերը վերականգնվում են, բայց ի՞նչ անել հիշողության հետ։ Հիշողություններ, որոնք հանգիստ չեն տալիս ո՜չ սրտին, ո՜չ բանականությանը...

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին ողջ հայությունը, իսկ նրանց հետ միասին և բոլոր բարի կամքի տեր մարդիկ, հիշատակի տուրք են մատուցում անմեղ զոհերին։ Բնական աղե՞տ էր դա, թե՞ ինչ-որ զենքի փորձարկում, արդյունքը նույնն է՝ մարդկանց չես վերադարձնի։ Եվ մեզանից յուրաքանչյուրն այդ օրը, որպես կանոն, հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվող պատարագի ժամանակ աղոթում է անմեղ զոհերի հոգու խաղաղության համար, աղոթում է, որ Աստված ողորմած լինի հայոց ճակատագրի հանդեպ, որ աշխարհի ոչ մի ժողովուրդ նման ցավ չապրի, ինչպես նաև, որ Նա օրհնի բոլոր նրանց, ովքեր դժվար պահին օգնության ձեռք մեկնեցին։ 

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ