Logo
Print this page

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ հերթական անգամ իրականացվեց Արցախի գյուղական համայնքների երիտասարդների խնդիրների ուսումնասիրության հետազոտությունների ծրագիր։

Դրա ամփոփ վերլուծությունը ներկայացվեց դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն ՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց¬դահլիճում։ Ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի պատասխանատուներ, նախարարներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 

Ուսումնասիրության վերաբերյալ հակիրճ տեղեկություններ ներկայացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության ու միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը։ Նրա պարզաբանմամբ՝ հետազոտության մեջ ընդգրկվել է հանրապետության գյուղական  66 համայնք, որոնք ներառում են 88 բնակավայր։ Այդ համայնքներն ու բնակավայրերը բաշխվել են ըստ վարչական շրջանների. ուսումնասիրությունների արդյունքները գծանկարներով ու սլայդներով ցուցադրվեցին ներկաներին։ Վարչության պետը տեղեկացրեց, որ նախօրոք մշակվել են հարցաթերթիկներ, որոնք պարունակում էին համայնքի և տեղի բնակիչների վերաբերյալ ավելի քան 60 հարց։ Դրանք վերաբերում էին զբաղվածության, միգրացիայի, ամուսնության, ծնելիության, հողային ռեսուրսների և այլ խնդիրների, որոնց օգնությամբ հնարավոր եղավ վեր հանել գյուղական համայնքների ընդհանուր նկարագիրը, բնակիչներին հուզող օրախնդիր հարցերը։ Գործընթացին կցվել են շրջվարչակազմերի և համայնքների ղեկավարները։ Նրանց կողմից հարցաթերթիկները լրացնելուց հետո ժողովրդագրության ու միգրացիայի վարչությունում ամփոփվել են տվյալները և ներկայացվել հայաստանյան գործընկերներին։ Կատարվել են լրացուցիչ առանձին ուսումնասիրություններ, ինչից հետո ծրագրի կազմակերպիչները տվել են մասնագիտական եզրակացություններ, հանդես եկել առաջարկություններով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանն իր հերթին անդրադարձավ հետազոտության արդյունքներին և շեշտեց, որ ծրագրում ընտրված համայնքների բնակչության թիվը կազմել է 31457 մարդ, որից 16020-ը կանայք էին (50,9%, իսկ 8259¬ը` 18-35 տարեկան երիտասարդներ (26,2%)։ Ընդհանուր առմամբ, մեկ համայնքի հաշվով բնակչության միջին թիվը կազմել է 477 անձ։ Համայնքներում արձանագրվել է 8296 տնային տնտեսություն. առավել բազմանդամ են եղել Ասկերանի, Շուշիի և Շահումյանի շրջանների տնային տնտեսությունները։ Գ. Նալբանդյանի պարզաբանմամբ` ուսումնասիրման ենթակա ոլորտների վերլուծություններից հետո համայնքի ղեկավարները տվել են գնահատականներ 1-10 միավոր համակարգով։ Արդյունքները փաստել են, որ հանրապետության գյուղական համայնքների երիտասարդների խնդիրները բազմաբնույթ են, որոնք էլ ուղղակիորեն ազդում են ժողովրդագրական, մասնավորապես` ծնելիության, ամուսնության, միգրացիայի ցուցանիշների վրա։ Վերջին 5 տարիներին ծնելիության թիվն Արցախում շարունակաբար նվազում է, ինչը տեղիք է տալիս մտահոգության։ Ուսումնասիրություններն ընթացել են 8-9 ամիս։ Արդյունքում մասնագետները մատնանշեցին, որ համայնքներում մշտական բնակչության թիվը գտնվում է նվազագույն սահմանային գծում։

Ժողովրդագրական վիճակի կարևոր խթան դիտարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների զարգացումը, ձեռնարկատիրական գործունեության խթանումը՝ հաշվի առնելով ինչպես վարչական շրջանների, այնպես էլ համայնքի ռեսուրսները, բնակլիմայական և աշխարհագրական պայմանները։ Կարևորվեցին ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք պետք է կրեն սոցիալական բնույթ` ուղղված երիտասարդներին բնակարանով ապահովմանը, զբաղվածության խնդրի լուծմանը։ Ընդհանուր առմամբ, գյուղական համայնքներում երիտասարդների շրջանում ամենաարտահայտված խնդիրը բնակարանային ապահովության գործոնն էր։ Այդ առումով պետական քաղաքականությունը պետք է մշակի ծրագրեր` նպաստելու և համապատասխան ռեսուրսներ օգտագործելու այդ և դրանից բխող խնդիրները լուծելու համար։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը, կարևորելով ծրագրի իրականացումը և հայաստանյան գործընկերների հետ համատեղ վերջին 5 տարիներին իրականացվող նմանատիպ ուսումնասիրությունները, ընդգծեց, որ կատարված եզրակացությունները հաշվի կառնվեն կառավարչական որոշումներ և հիմնավորված օրենքներ ներկայացնելու ժամանակ։ Ուսումնասիրություններն օգտակար կլինեն նաև մյուս գերատեսչություններին` առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ Ս. Ավանեսյանի խոսքով, ժամանակ առ ժամանակ արդիականացվում են ոլորտի ծրագրերը, տարեցտարի հաշվի են առնվում արված ուսումնասիրությունները։ ՙՀայաստանյան գործընկերների հետ համատեղ իրականացվել են մի շարք հետազոտություններ, առաջիկայում նախատեսված է գնահատել ու վերլուծել սոցիալական պաշտպանության ամենախոշոր ծրագրերից մեկը՝ նպաստների համակարգը։ Հուսով ենք, որ այդ ուսումնասիրությունները թույլ կտան առավել ճշգրիտ և արդիական որոշումներ կայացնել,-ասել է Սամվել Ավանեսյանը:-Սոցիալական պաշտպանության ոլորտային բոլոր ծրագրերի դիտարկումը և գնահատումը թույլ կտան ավելի օպերատիվ կերպով բացահայտել առկա թերությունները, դրանք բարեփոխել, ուրեմն և` կյանքի կոչել  առավել արդյունավետ ծրագրեր՚:

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.