ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԱՀ գլխավոր դատախազի հանդիպումը լրագրողների հետ

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր կառույցի 2018 թվականի գործունեությանն ու արդյունքների ամփոփմանը։ Նշենք, որ ասուլիսին նախորդել էր ԱՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը, որին ներկա է եղել Նախագահ Բակո Սահակյանը։

ԱՀ գլխավոր դատախազը նախ ներկայացրեց 2018 թվականի հանրապետության հանցավորության վիճակը, դատախազության գործառույթները, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։ 
Ինչպես նախորդ տարիներին, 2018-ին նույնպես պահպանվել է այն միտումը, որ մի շարք գողություններ կատարվել են նույն անձի կամ անձանց խմբի կողմից, ինչը վկայում է քրեածին հակում ունեցող անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու մասին: 
Հարցին, թե ըստ քրեաբանական հատկանիշների ովքե՞ր են հանցագործություն կատարած անձինք՝ Ա. Մոսիյանն ասաց. ՙՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները: Հանցագործություն կատարած անձանցից 252-ը արական սեռի են, 20-ը` իգական՚: 
Շմոլ գազից թունավորումների դեպքերի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ա. Մոսիյանն ասաց, որ թե՜ շրջանային և թե՜ քաղաքային դատախազները բազմաթիվ միջնորդագրեր և ցուցումներ են հղել։ Համապատասխան ընկերությունը մոտ 10 հազարից ավելի բնակարան է ստուգել, բնակչության կողմից թույլ տրված հարյուրավոր խախտումներ են բացահայտվել, որոնք կարող էին թունավորման պատճառ դառնալ, և, բնականաբար, հնարավոր դեպքեր են կանխվել։ Այդուհանդերձ՝ գլխավոր դատախազը դա բավարար չի համարում. գործին պետք է լծվեն նաև մյուս շահագրգիռ կազմակերպությունները։ 
Ինչ վերաբերում է մարդու դեմ և սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, այդ թվում նաև բնակարանային գողություններին, ԱՀ գլխավոր դատախազը նշեց, որ այստեղ հանցագործությունների թվի կտրուկ նվազում է արձանագրվել, ինչը դրական դինամիկա է։ 
Որպես բացասական դինամիկայի ցուցանիշ, Ա. Մոսիյանը մատնանշեց հաշվետու ժամանակահատվածում գրանցված պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու 8 դեպքը՝ այն պարագայում, երբ 2017 թվականի 1-ին կիսամյակում նման հանցագործության դեպք չի արձանագրվել:
Հնչած հարցերի մի մասն էլ վերաբերում էին քրեական գործերի նախաքննության ժամկետների երկարաձգմանը, օտարեկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործություններին, քրեակատարողական հիմնարկների կարգավիճակի փոփոխությանը, բնակչության մոտ պահվող զենքին, ՀՀ համասեռ կառույցի հետ համագործակցությանը, դատապարտյալների մոտ՝ ազատվելուց և համաներումից հետո ծագած խնդիրներին և այլն։