Logo
Print this page

ԱՄՈՒՐ ԱՌԱՋՆԱԳԻԾ, ԱՊԱՀՈՎ ԹԻԿՈՒՆՔ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Փետրվարի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և այնտեղ մասնակցել հիմնովին վերանորոգված զորանոցի բացման արարողությանը։

Շրջելով զորանոցում՝ երկրի ղեկավարն ու մի խումբ պաշտոնատար անձինք ծանոթացել են ստեղծված պայմաններին և դրանք գնահատել գործող չափանիշներին համապատասխան։ Ի դեպ, նորոգված զորանոցում իրենց ծառայությունն են անցկացնելու Արցախի պետական սահմանը հուսալիորեն հսկող առաջապահ ստորաբաժանման զինծառայողները։ Գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղեկալ, մայոր Գևորգ Հակոբյանի խոսքով՝ ունեն բոլոր հարմարությունները. ՙԿարող եմ ասել, որ բանակի հրամանատարությունը ջանք չի խնայել: Մնում է նույն ոգով շարունակել մեր առաքելությունը՝ այս պայմաններում ծառայությունը կազմակերպելով լավագույնս՚,- նշել է մայոր Հակոբյանը։
Նախագահ Սահակյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Մեխակավանում էր։ Հարկ է նշել, որ այստեղ երկրի ղեկավարի հետ հաճախ են հանդիպում։ Ավելին, սահմանամերձ բնակավայրի հաջողություններն ու խնդիրները Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում են։ Զինավանի բնակիչների հետ հանդիպմանը երկրի ղեկավարը հորդորել է բնակավայրի նկատմամբ անտարբեր չլինել, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրել առաջընթաց։ Մեխակավանցիները մանկապարտեզի կարիք ունեն, որի մասին պարբերաբար են հիշեցնում։ ՊԲ ավագ լեյտենանտ Սիլվա Համբարձումյանի համոզմամբ՝ այստեղ երեխաները շատ են. ՙՄեխակավանում երեխաները զբաղմունք չունեն։ Նրանց մայրերը, որ հիմնականում սպաների կանայք են, մանկապարտեզի բացակայության պատճառով չեն կարող ընդունվել աշխատանքի։ Եթե այստեղ ունենանք մանկապարտեզ, երեխաները որակյալ կրթություն կստանան, իսկ բնակիչների մի մասը կունենա աշխատանք՚։
Մեխակավանի մանկապարտեզի հարցը շրջանի պատասխանատուների աշխատանքային օրակարգում է՝ զինավանի բնակիչներին տեղեկացրել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը։ Իսկ մինչ այդ սահմանամերձ բնակավայրում բարձր են գնահատում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնաճյուղ բացելու գաղափարը։ Նորաբաց կրթօջախի հնարավորություններին նախագահ Բակո Սահակյանն անձնամբ է ծանոթացել։ Մանկավարժների տեղեկացմամբ՝ մոտ մեկ ամսվա ընթացքում սաների թիվը հասել է 130-ի։ Պարի խմբակավար Ռուզաննա Պետրոսյանն ասում է, որ դասերից հետո կոնտրոն են շտապում անգամ հարևան գյուղերի դպրոցականները. ՙՕրինակ, պարի պարապմունքները նախատեսված են 2 ժամ, բայց պիտի ասեմ, որ երեխաները դրանով չեն բավարարվում։ Պատկերացնու՞մ եք, նրանք անընդհատ ուզում են պարել ու սովորել պարել։ Ավելացնեմ, որ կարճ ժամանակահատվածում նրանք հասցրել են հանդես գալ տարբեր միջոցառումներում՚։
Նույն օր Բակո Սահակյանն այցելել է հարավային հատված և ծանոթացել դիրքապահների ծառայության ընթացքին։ Այստեղ երկրի ղեկավարին զեկուցել են, որ Արցախի պետական սահմանի հարավային հատվածում իրավիճակը կայուն է, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները` շատ քիչ։ Դիտորդ Հրաչյա Առաքելյանի համոզմամբ՝ նոր սերնդի տեսադիտարկման սարքերով առաջնագծում մարտական հերթապահությունը հեշտ է, հակառակորդը՝ տեսանելի անգամ խորքում. ՙՎերջին շրջանում արդիականացվել են մեր տեխնիկական հնարավորությունները: Ստացել ենք տեսադիտարկման և ջերմատեսիլ սարքեր։ Ասեմ, որ հատկապես գիշերային ժամերին հերթապահում ենք ավելի վստահ, քանի որ ամեն ինչ մեր աչքի առաջ է՚։
Դիրքապահների առաջարկությունները պաշտպանության բանակում առաջնահերթ են։ Աշխատանքային խորհրդակցություն անցկացնելով մարտական հենակետերից մեկում՝ նախագահ Սահակյանը լսել է զինծառայողների կարծիքն ու առաջարկները, վստահեցրել, որ միայն այս ձևաչափի քննարկումների արդյունքում են ինժեներական աշխատանքները լինելու արդյունավետ։ Պաշտպանության նախարարին ու զորամասի հրամանատարիներին տալով մի շարք հանձնարարականներ՝ Բակո Սահակյանն ասել է, որ հաջորդիվ սահմանագծի նույն հատվածում կլինի արդեն կատարված աշխատանքները տեսնելու և գնահատելու համար։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.