Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՔԱՂԱՔԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ Է ԲԵՐՎՈՒՄ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Գործուղման վայրը Մարտակերտի շրջանն էր՝ Թալիշ-Մատաղիս, Գետավան-Խնկավան-Չափար ուղղությունները և շրջկենտրոնը։ Շտապում էինք օգտագործել շաբաթվա վերջին արևոտ օրը, քանի որ օդերևութաբանները ձյուն և անձրևներ էին կանխատեսում: Ճանապարհը մինչև շրջկենտրոն կարճվեց գործուղումներից հետաքրքիր դեպքեր վերհիշելով խորհրդային ժամանակներից, երբ Մարտակերտը մարզի հարուստ ու շքեղ շրջանն էր մինչև Արցախյան պատերազմ, հետպատերազմյան ծանր տարիներ... Բոլոր ժամանակներում լրագրողներիս անփոխարինելի, մշտական ուղեկիցը եղել ու մնում է Ռուսլան Սարգսյանը, իր գործիմացությամբ, պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով ու... բծախնդրությամբ, որը երբեմն հումորի առիթ է տալիս։ 

...Երբեմնի շքեղ շրջկենտրոնը, որ երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նորից հրետակոծվեց, ապրում ու շնչում է առօրյա, սովորական կյանքով. մարդիկ աշխատանքի են դուրս գալիս, տնամերձ-ծառուայգի են մշակում, կրպակ-խանութների տեսքն ավելի խնամված, տեսականին ավելի հարուստ է դառնում, քաղաքում երթուղային ավտոբուս է գործում` ի ուրախություն երեխաների և մեծահասակների, նախատեսված է երրորդ շուկան բացել՝ քաղաքակիրթ առևտուր ունենալու համար, և այլն, և այլն։
Իսկ ամենակարևորը, որ անհնար էր չզգալը, չընկալելը, այն պինդ, խրոխտ ոգին է, որ ունեն մարտակերտցիները, մասնավորապես` երիտասարդները, որ ստեղծում են այս երկրի ներկան ու ապագան. ՙՋրաբերդ՚ թերթի խմբագիրը` իր նուրբ էությանն այնքան համահունչ հնչեղ անուն-ազգանունով` Լուսինե Զաքարյան, հպարտանում է երկու որդիներով, որ ծառայում են Արցախի պաշտպանության բանակում, սահմանն են հսկում։ Նա իր լրագրողական աշխատանքը չի պատկերացնում առանց առաջնագիծ գնալու, նյութեր ու լուսանկարներ բերելու, իսկ պատերազմի մասին գիտի ոչ թե կինոնկարներից ու գրքերից, այլ իր աչքով է տեսել, երբ երեխա էր և երբ երկու զինվոր-տղաների մայր էր։
Մարտակերտի ոգին սակավախոս Հովիկ Գյուրջյանն է, շրջանի գլխավոր ճարտարապետը՝ երկրի ապագայի հոգսերով ու մտահոգություններով։ Գյուղատնտես Կարեն Հովհաննիսյանն է՝ շրջանի գյուղատնտեսության զարգացման իր տեսլականով։ Անասնաբույժ Սվետլանա Պետրոսյանն է, սահմանապահ զինվորի մայրը, ընտանեկան ավանդույթներին նվիրված կին, ում համար երջանկությունն իր ծննդավայրում ապրելն ու գործելն է։
Շրջկենտրոնում իմ առաջին զրուցակիցն էր Մարտակերտի շրջվարչակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Հովիկ Գյուրջյանը, ում հետ շրջեցինք և ծանոթացանք քաղաքում կատարվող շինարարական աշխատանքներին։
Մաշտոց փողոցում բազմազավակ ընտանիքների համար 2018-ին կառուցվել է 4 առանձնատուն՝ 4-սենյականոց տիպային, կոմունալ հարմարություններով, 1000-1500քառ.մ տնամերձ հողամասով։ Ճարտարապետը փաստեց, որ եթե մինչ այժմ 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար են տներ կառուցվել, ապա ԱՀ կառավարության որոշմամբ շեմն իջեցվել է, հիմա 5 և ավելի երեխայի դեպքում էլ է բնակարան կառուցվում։ Շրջանի մասշտաբով կան 24 բազմազավակ ընտանիքներ, 14-ի համար տները կառուցվել են, 10-ն ընթացքի մեջ է, այսինքն՝ կառուցումն սկսվել է անցյալ տարի և կավարտվի 2019-ին։
Դառնանք թաղամասին, որտեղ անձրևների և ձյան հետևանքով ճանապարհները դառնում են դժվարանցանելի, և որտեղ բարեկարգման աշխատանքներն սկսված են. մենք տեսանք քանդած-հարթեցրած Մաշտոց փողոցը, որը պիտի բարեկարգվի։ Այն հարցին, թե արդյո՞ք բնակիչներն ասֆալտապատ ճանապարհներ կունենան, գլխավոր ճարտարապետը պատասխանեց, որ ասֆալտապատման աշխատանքները հիմնականում կատարվում են գլխավոր փողոցներում. կայարանից սկսած մինչև Աբովյան-Սախարով խաչմերուկը անցյալ տարի ասֆալտապատվել է, իսկ Սախարով փողոցի 1կմ ճանապարհահատվածը կասֆալտապատվի ընթացիկ տարում։
ՙՔաղաքը քաղաքային տեսքի ենք բերում։ Ի դեպ, անցած տարի շրջանի մասշտաբով 682 ընտանիքի շինանյութեր է տրամադրվել բնակելի տները վերանորոգելու, բարեկարգելու համար՚,-ասաց Հ. Գյուրջյանը, ապա ավելացրեց, որ Գետավան-Հաթերք ճանապարհահատվածի 2,5կմ-ը նախապատրաստվել է ասֆալտապատման համար։ Այս ճանապարհահատվածը, որն անձրևներից հետո դժվարանցանելի էր դառնում, անընդհատ սպասարկման կարիք ունի, շրջանի բնակչության ամենամեծ գյուղը միացնում է Մարտակերտ-Վարդենիս մայրուղուն։ Հաթերքը բարեկարգ ճանապարհով կկապվի և՜ հանրապետության մայրաքաղաքի, և՜ Հայաստանի հետ։ Գառնաքարում դպրոցին կից կառուցվել է երկու դասասենյակ։ Ընթացքի մեջ են Վաղուհաս գյուղի մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները։ Ավարտվել է Դրմբոնի համայնքի հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի վերակառուցումը։ Նոր Այգեստան գյուղի դպրոցական շենքի ջեռուցման համակարգը վերանորոգվել է։ Շրջանի մասշտաբով ջրագծերը վթարվել և հնացած էին, ջրի կորուստը մեծ էր, բաշխումը՝ անկանոն։ Վանքում և Նոր Կարմիրավանում անցած տարի ավարտվել է խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցումը և վերանորոգումը։ Աշխատանքները ընթացքի մեջ են Վաղուհաս, Դրմբոն, Հաթերք, Ներքին Հոռաթաղ, Թալիշ գյուղերում և շրջկենտրոնի Դանիել բեկ Փիրումյան փողոցում։
Հ. Գյուրջյանը նշեց, որ շրջանում իրականացվել և իրականացվում են նաև բարեգործական ծրագրեր. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերության կողմից կապիտալ վերանորոգվել է Մարտակերտի թիվ 2 մանկապարտեզի շենքը։ Ռուսաստանաբնակ Գ. Արզումանյանի ֆինանսավորմամբ Զագլիկում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի և արտեզյան ջրհորի կառուցման աշխատանքները։ Լոս Անջելեսի ՙՀայրենիք՚ միության նախաձեռնությամբ իրականացվել է Մարտակերտի ՙՄանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի՚ շենքի կապիտալ վերանորոգումը։ Շրջկենտրոնի ներքաղաքային հասարակական տրանսպորտի ձեռքբերման նպատակով դրսում ապրող մի շարք մարտակերտցիների կողմից հատկացվել են միջոցներ։ Ռուսաստանաբնակ մարտակերտցիներ Արամ Իզմայիլյանի, Վահրամ Հակոբյանի և ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ իրականացվել են շրջկենտրոնի մարզադաշտի կանաչ խոտածածկույթի կառուցման աշխատանքները, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կտա ամռանն անցկացնելու ԿՕՆԻՖԱ-ի (ֆուտբոլային) մրցումները։ Մարզադաշտում այժմ կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան օժանդակ շինություն (հանդերձարան, ցնցուղարան և այլն)։
ՙՇինարարական աշխատանքները շրջանում այս տարի երկու անգամ ավելի կկատարվեն՚,-տեղեկացրեց Հ. Գյուրջյանը: