ՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը վերջին տարիներին սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների գործառույթներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով որոշակի բարեփոխումներ է իրականացրել: Այս շարքում են թե՜ ներդրված միասնական էլեկտրոնային համակարգից օգտվելու հնարավորությունը, թե՜ շրջանների բնակչության հետ տարվող աշխատանքներում նոր մոտեցումների մշակումն ու իրագործումը, որոնք նպատակաուղղված են ոլորտում դրական տեղաշարժ ապահովելուն և բնակչության սպասարկումը պատշաճ կազմակերպելուն: Նշենք, որ նախորդ տարվանից շրջանային կառույցներն ընդգրկվել են նախարարության աշխատակազմում:
Ըստ Հադրութի շրջվարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Արմեն Աբրահամյանի՝ շրջանային կառույցի գործունեության հիմքում դրված են բնակչության տարաբնույթ սոցիալական հարցերի լուծմանը նպաստելն ու դրանք հաղթահարելու համար ուղիներ գտնելը: Գործակալության միջոցով տասնյակ ծրագրեր են ֆինանսավորվում պետական բյուջեից; Շրջանում ևս նկատելի առաջընթաց կա սոցիալապես անապահով անձին ՙմեկ պատուհանի՚ սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ: Ընթացքում է ՙԷլեկտրոնային կենսաթոշակ՚, ՙՆպաստ՚ տեղեկատվական համակարգերի գործարկումը: Ըստ գործակալության պետի՝ շրջանում գրանցված է 720 շահառու, ովքեր ընդգրկված են տարբեր սոցիալական խմբերում: Սոցաշխատողները ձգտում են ժամանակին արձագանքել յուրաքանչյուր շահառուի՝ հնարավորության սահմաններում լուծումներ տալով շրջանի կարիքավոր բնակչության խնդիրներին: Կառավարության ՙԾնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին՚ որոշման համաձայն` անցած տարվա ընթացքում ծննդյան միանվագ նպաստ տրամադրվել է 207 անձի, 130 զույգի ամուսնության կապակցությամբ է նպաստ հատկացվել: Գործակալության ուշադրության կենտրոնում են նաև բազմազավակ ընտանիքները:
2018-ի ընթացքում հինգ և ավելի երեխաներով 29 ընտանիքների համար առանձնատներ կառուցելու համար հայտ է ներկայացվել կառավարությանը: Ա. Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիների համեմատական վերլուծությամբ շրջանում նկատվում է 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թվաճ: Նախորդ տարում 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ շրջանի 25 ընտանիքներ ՙՏաշիր՚ ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի կողմից ստացել են 4-հազարական դոլար միանվագ դրամական օգնություն: Ներկա դրությամբ 1481 երեխա օգտվում է պետական նպաստների տարբեր ծրագրերից, այդ շարքում են բազմազավակ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված և այլ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաները: ՙՇրջանում ունենք երկկողմանի ծնողազուրկ մեկ երեխա, ով պապի խնամակալությամբ է ապրում, հետագայում, չափահասության հասնելուն պես, նրան համապատասխան բնակարան է հատկացվելու, ինչպես գիտեք՝ ներկայում պետությունը հօգուտ այս շահառուների նկատելի բարեփոխումներ է իրականացրել թե՜ բնակտարածքի և թե՜ տրամադրվող գույքի առումով՚,-մանրամասնում է մեր զրուցակիցը: Շարունակվում է երրորդ երեխայի ծննդյան ավանդային հաշիվների բացումը: Ներկայում 1238 նման ավանդային գործ է գտնվում գործակալությունում: 2018-ին 56 նման նպատակային ժամկետային ավանդ է ստեղծվել. 34 ընտանիքներում երրորդ երեխան է ծնվել, 22-ում էլ` չորրորդ և հինգերորդ երեխաները: Տարվա ընթացքում չափահասության հասած 42 նման նպաստառու արդեն ստացել է միանվագ ավանդային գումարը: Բաժինը զբաղվում է նաև տարեցների խնդիրներով. վերջին տարում Ստեփանակերտի տուն-ինտերնատ է տեղափոխվել մեկ տարեց: Մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած անձանց նկատմամբ ևս գործակալությունը որոշակի պարտավորություններ ունի: Անցած տարվա ընթացքում ՀՀ առողջարաններում հանգստանալու և բուժվելու համար 39 առողջարանային ուղեգիր է տրամադրվել տարբեր սոցիալական խմբերում ընդգրկված անձանց: Արցախյան ազատամարտում մեկից ավելի զոհ ունեցած 8 ընտանիքներ են բնակվում շրջանում: ՙԸնտանիք ունենք, որտեղ հայրը զոհվել է 93-ի, իսկ որդին՝ 2016-ի պատերազմական գործողություններում: Ակնաղբյուրում բնակվող մեկ ընտանիք երեք զոհ ունի: Նման ընտանիքների խնդիրներին ձգտում ենք արձագանքել առաջնահերթ՚,-նշեց Ա. Աբրահամյանը:
Շրջանում ևս ընտանիքների կարիքավորության գնահատման նոր համակարգի ներդրման առաջին քայլերն են արվում: Յուրաքանչյուր համայնքապետի հանձնարարվել է ներկայացնել համայնքի ընտանիքների մասին տեղեկատվություն, մանրամասն վերլուծվում են յուրաքանչյուր ընտանիքի հնարավորությունները, որպեսզի հետագայում ըստ այդմ գնահատվի նրանց կարիքավորության աստիճանը: Ա. Աբրահամյանի համոզմամբ՝ նման գործընթացի անհրաժեշտությունը վաղուց էր շրջանում զգացվում, և այդ ուսումնասիրությունների արդյունքում կկարողանան նպաստառու ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից բացի ապահովել նաև երկարաժամկետ լուծումներ` նպաստելով կայուն, կենսունակ տնային տնտեսությունների ձևավորմանը:
;