Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐՏԱԿԵՐՏՑՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՖԵՆՈՄԵՆԸ

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Ձմեռային արևածագի առաջին տաք շողերն ուղեկցում են մինչև Մարտակերտ շրջկենտրոնում տեղակայված առաջին իսկ պատահած սրճարանն ու մեզ հոգատարությամբ հանձնում մարտակերտցիների տնավարի ժպիտների ու հյուրընկալ ջերմությանը։

Սա Մարտակերտն է, ուր քեզ սպասում են...

Այստեղ սրճաբույր լուսաբացն այնպիսին է, ինչպիսին, ասենք, կարող էր լինել մոսկվաներում, ամերիկաներում, եվրոպաներում, այլուր։ Այդուհանդերձ, հազիվ թե, օրինակ Սանկտ Պետերբուրգում սուրճ խմելիս առավոտյան բարձր տրամադրության ու լավատեսական մտքերի առիթն, ասենք, կենտրոնական փողոցի ասֆալտապատված լինելու հանգամանքը լիներ կամ նոր տեղադրված ճանապարհային երթևեկության ժամանակակից լուսացույցը։ Բացի այդ, ի տարբերություն Մարտակերտի, Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի ապրիլի երեքի լուսաբացը չես դիմավորել։ Թշնամական մահաբեր հրետակոծության արնագույն առավոտից Մարտակերտը սպասում էր քեզ... Որպեսզի վերադառնաս ու գիտակցես, որ այստեղ խաղաղ լուսաբացն անբացատրելիորեն ուրիշ է։ Անբացատրելի և ուրիշ՝ ոչ միայն նրա համար, որ այդ խաղաղությունն իր անգնահատելիորեն թանկ գինն ունի։ Այլապես ինչպես բացատրել առավոտյան Մարտակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցի աչք շոյող մաքրությունը: Ակամայից կմտաբերես, թե ինչպես էին մարտակերտցիները ոչ հեռու անցյալում նույնիսկ անխնա, սարսափազդու հրետակոծության ներքո փորձում հնարավորինս խնամված տեսքի բերել հայրենի քաղաքի այդ նույն փողոցը՝ հեռացնելով ճղակոտոր ծառերը, վերանորոգում վնասված գազատարներն ու մաքրում ճամփեզրերի խանութների փշրված ապակիները։ Հիմա միայն մարտակերտցիների երբեմն կիսազինվորաքաղաքացիական հագուկապն ու քաղաքի աշխույժ երթևեկության անբաժանելի մաս կազմող զինվորական փոխադրամիջոցների ներկայությունն է հիշեցնում, որ Երկիր մոլորակում խաղաղ լուսաբացներն, այնուամենայնիվ, ամեն տեղ չէ, որ նույն արժեքն ու շքեղությունն ունեն։ Ավելի ուշ, ապրուստի լավուվատի մասին հարցմանը՝ մարտակետցիների նույնաբնույթ պատասխաններից ընդհանրացնում ես. ՙՎար խաղաղություն ինի, լոխ լյավա իննական...՚։ Եվ դա այն դեպքում, երբ աշխարհի դրվածքից իրեն փոքրիշատե տեղյակ համարող ուղեկիցդ առավոտ լուսո թմբկաթաղանթդ սղոցում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական ու չգիտեմ էլ ինչական անարդարություններից, վերջում, իր կարծիքով՝ ինքնատիպ եզրահանգմամբ. ՙՍա յէրգիր չի՚։ Անկեղծ, դու չես լքում բողոքական ուղեկցիդ։ Պարզապես հիշում ես, որ դեռ շատ գործ ունես՝ հատկապես երբ առաջին իսկ հանդիպած մարտակերտցիների կենսակերպն ու կենսափիլիսոփայությունը մի տեսակ ավելի տրամադրող են, հոգեհարազատ ու կյանքով լի։ Բարձրանում ես կենտրոնական փողոցն ի վեր՝ չնայած Մարտակերտի Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը, որը փնտրում ես, լրիվ հակառակ ուղղությամբ է։ Ամենևին չես սպասի, որ Կուսապատի համայնքի ղեկավարի բազմազբաղ, բայց բարյացակամ տեղակալ-քարտուղարը, ում հարցնում ես դպրոց տանող ճանապարհը, ցույց տալու փոխարեն, կթողնի իր բանուգործն ու քեզ իր ավտոմեքենայով կհասցնի` ուր պետք է։ Եվ վերջին պահին հանկարծակի կպարզես, որ նա շտապում էր։ Նույնիսկ անունը չես հասցնի իմանալ։ Մինչդեռ մարդը մի ոտքով էր վարում մեքենան։ Մինչդեռ, նրա մյուս՝ բացակայող ոտքի փոխարեն, ծռմռված մետաղալար էր ամրացված մեքենայի ոտնակին։ Ասում է. ՙ70 քանի թվիցըմ մաշին քշյում։ Վեշմին պռոբլեմ չօնէմ էտ հարցում։ Էտ պռովոլկան էլ կարելիյա ասած ձյեվի հետիյա,-ու վերջում անպայման հավելում է,-ՙՎար խաղաղութուն ինի...՚:
Ու անուշ զրույցի հետ մեկտեղ, մեկ ոտքով ավտոմեքենայի ընթացքը կարգավորելով` քեզ տեղ է հասցնում։
Իրապաշտ ռուսը, եվրոպացին, ամերիկացին առաջին հերթին կմտածեն. ուրեմն լավ ապրուստից է, որ մարտակերտցիները բարյացակամ են կամ դրա համար են այդպես ամուր կպած իրենց հողին։ Աստված իրենց հետ, բայց դու դեռ կհասցնես պարզել, որ Կուսապատի համայնքի ղեկավարի տեղակալ-քարտուղարի աշխատավարձը հիսուն հազար դրամից չի անցնում, բայց որքան հպարտություն կար զրուցակցիդ ձայնում՝ իր պաշտոնը ներկայացնելիս։
Դպրոցի մուտքի մոտ կայանած ավտոբուսը հուշում է ինչ-որ կարևոր, նշանակալի իրադարձության մասին։ Դիմապակուն կարդում ես. ՙՄարտակերտ. ներքաղաքային՚։
Մարտակերտցիներն ասում են, որ տարածքով բավականին լայն ընդգրկում ունեցող քաղաքում բնակչության, բնականաբար, նաև աշակերտների թվի աճին զուգահեռ հասունացել էր նաև ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող երթուղային ունենալու խնդիրը։
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցն, օրինակ, վերջին տասնամյակի առումով, ընթացիկ ուսումնական տարում աշակերտների թվի աննախադեպ աճ է արձանագրել։ Մեկ գավաթ սուրճի և աշխատասենյակում տեղակայված վառարանի շուրջ տնավարի զրույցում (ի դեպ, դպրոցի դասասենյակները նույնպես 90-ականներին այնքան բնորոշ վառարաններով են ջեռուցվում), տնօրեն Լիդիա Պետրոսյանն, ով պաշտոնավարում է 1994-95-ի ուսումնականից, վարակիչ ոգևորությամբ է տեղեկացնում, որ այդ տարվանից մինչ այժմ աշակերտների թիվն աճել է շուրջ երկու անգամ։ Մասնավորապես՝ անցած ուսումնական տարվա 600-ի փոխարեն ներկայում կրթօջախում սովորում է 670 աշակերտ։ Եվ տնօրենի հետ կվերհիշեք ապրիլյան ցուրտ, անձրևոտ օրերին կրթօջախի՝ հրետակոծությունից ու մենությունից անապակի արտասվող պատուհանները, բակի ամայությունն ու... կիսավթարային այդ պատերի անցած-գնացած տխուր վերհուշը կխրվի կոկորդիդ մեջ` 670 աշակերտների զվարթ ճռվողյունից ծփացող ուրախության ու պատերազմի հասցրած անամոք ցավից ելք փնտրող արցունքների արանքում։ Պետք է մի քիչ էլ մարտակերտցի լինել՝ դույզն-ինչ ընկալելու համար Մարտակերտի լուսաբացների ու մարդկանց բացառիկության ֆենոմենը։ Այնժամ կհասկանաս, թե քսանմեկերորդ դարում ինչպես է փայտի վառարաններով ջեռուցվում դպրոցը, որն ունի համակարգչային կաբինետներ, ՙԱրմաթ՚ ֆիզիկայի ու կենսաբանության լաբորատորիաներ։ Ահեղ պատերազմների, մարտերի ու անդառնալի կորուստների ականատես, պատերի մրից կիսամթում կորած, բայց հյուրընկալ այն դպրոցը, որը մինչ այժմ նույնիսկ ռմբապաստարան չունի։ Որպեսզի այս երեխաների նման աշակերտական տարիներին շնչես վառարանի ծուխը, հետո Ստեփանակերտում, Երևանում և այլուր բուհ ավարտես, բայց էլի դառնաս հայրենի քաղաք՝ ապրելու, արարելու հաստատակամությամբ և մի անկոտրում համոզվածությամբ. ՙՎար խաղաղություն ինի, լյոխ լյավա իննական...՚
Հ.Գ. Հետդարձի ճանապարհի մի հատվածը գերադասեցի ոտքով անցնել։ Որոշել էի վերադարձին մարտակերտյան արևի շռայլ ջերմությունից թեկուզ մի պտղունց վերցնել՝ որպես մութ ու ցուրտ օրերի համար հոգեպահուստ։ Շինարարական եռուն աշխատանքներով եվրոպական չափանիշներին համապատասխանեցվող Մարտակերտի մարզադաշտի մոտ շինարարներից մեկն ինձ կանչեց։ Բանակային նախկին ծառայակիցս էր՝ տակռեն մարտակերտցի։ Երկար տարիներ չէինք հանդիպել։ Նոր է վերադարձել ռուսաստաններից. ՙՀիբս հատուկ կյամ վար մին լյավ պատիվ տամ-ասում է,-դե վար ուշա ստացվլան, համարտ տո, հանդիպինք Ստեփանակերտում..՚։

;