[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՂԹՈՒՄ ԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱ

Ազատ Արցախ՚ թերթի հյուրն է Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, դաշնամուրի դասատու Էլվիրա ԴԱՎԹՅԱՆԸ, ով  2010 թվականից ղեկավարում է դպրոցը։ 
-Տիկին Դավթյան, վերջին ժամանակներս հասարակության մեջ նկատելի են նոր միտումներ. արժանին հատուցելով աշխարհում ավելի ու ավելի ընդլայնվող գենդերային քաղաքականությանը՝ բոլոր բնագավառներում ղեկավարի պաշտոնում առաջ են քաշում կանանց։ Ի՞նչ եք կարծում, ղեկավարը կանացի՞ գործ է։
-Աստված արարել է Ադամին ու Եվային։ Կարծում եմ, նա իրագործել է հանճարեղ ծրագիր. տղամարդն ու կինը, իհարկե,  տարբեր  ՙերրորդություն՚ են,  և նրանցից յուրաքանչյուրն ունի իր կոչումն այս երկրի վրա։ Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում. այսօր տղամարդն ու կինն ունեն հավասար իրավունքներ, չնայած կնոջ ամենագլխավոր նախասահմանումը մայրությունն է, ընտանիքը։ Եվ այդուհանդերձ... Այսօր շատ են կին-ղեկավարները, կին-քաղաքագետները և այլն։ Ես գտնում եմ, որ եթե մարդու մեջ կան ղեկավարի տվյալներ, ապա ինչո՞ւ այն չիրացնել։ Համոզված եմ՝ կինը կարող է լինել ղեկավար, երբեմն նույնիսկ՝ ավելի հաջող... 
-Իսկ ո՞ր բնագավառն է ավելի ենթակա նրան։ 
-Ըստ իս, բոլոր բնագավառներն էլ ենթակա են նրան. տիեզերական թռիչքներից մինչև մանկավարժական գործունեություն։
-Եվ, այնուամենայնիվ, կարծիք կա, թե քաղաքականությունը կնոջ համար չէ։ 
-Իսկ ինչո՞ւ. ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել.  Մարգարետ Թետչեր, Մադլեն Օլբրայթ, Հիլարի Քլինթոն, Գալինա Ստարովոյտովա,  հին ժամանակներում՝ հանրահայտ թագուհիներ, կայսրուհիներ։ Կնոջ ենթակայության տակ է ամեն ինչ, այլ բան է, որ նրա կոչումը, կրկնում եմ, ընտանիքն է, մայրությունը։ 
-Ահա արդեն 2 տարի է ղեկավարում եք դպրոցը։ Ձեզ հաջողվո՞ւմ է, արդյոք, լուծել առկա հիմնախնդիրները։ 
-Ասեմ, որ արվեստի դպրոցում աշխատում եմ արդեն 32 տարի։ Մինչ այդ եղել եմ բաժնի վարիչ, որոշ ժամանակ զբաղեցրել եմ ուսմասվարի պաշտոնը։ Տնօրենի աշխատանքն ավելի դժվար է, բայց` հետաքրքիր։ 
Երբ դասատու էի  աշխատում, ինձ թվում էր, թե ղեկավարությունն ինչ-որ բան այնպես չի անում, ես այլ կերպ կանեի, բայց երբ ինքդ ես դառնում ղեկավար, սկսում ես իրերին ուրիշ աչքով նայել։ Յուրաքանչյուր բառդ պետք է ծանրութեթև անես, որովհետև քեզ կարող են սխալ հասկանալ։ 
Այսօր մենք ունենք մոտ 400 աշակերտ։ Մեր սաների կեսից ավելին հաճախում է պարարվեստի բաժին և վոկալի դասարան, իսկ գեղարվեստական, երաժշտական բաժիններում ու գործիքային դասարաններում սովորողների պակաս ունենք, և դա անհանգստացնում է ինձ։ Կուզենայինք բացել կիրառական արվեստի  գծով նոր դասարաններ, բայց առայժմ դա չի ստացվում։ Լուրջ խնդիրներ կան` կապված ժողովրդական գործիքների դասարանների հետ։ Տարեցտարի  ավելի ու ավելի է պակասում այդ գործիքների վրա նվագել ցանկացողների թիվը։ Դրա համար անհրաժեշտ է որոնել նոր լուծումներ, նոր մոտեցումներ։ Օրինակ, երգի և պարի ազգագրական համույթը կարող է ավելի հաճախակի համերգներ տալ`ժողովրդական երգերն ու պարերը, ժողգործիքները ժողովրդականացնելու համար։
- Դուք չե՞ք գտնում, որ ժողգործիքների խնդիրն արժե բարձրաձայնել և ժամանակն է այդ հարցում դիմել պետության օգնությանը։ 
- Համաձայն եմ` պետության օգնությունն  անհրաժեշտ է։ Կարելի է կազմակերպել ոչ միայն համերգներ, այլև  փառատոներ, ինչպես ՙՏնջրեն՚, բայց  միայն ներգրավելով ժողովրդական համույթների։ 
Ծառայության բերումով ես  շատերի հետ եմ շփվում և չէի ասի, թե հասարակությունն անտարբեր է  ժողգործիքների ճակատագրի հանդեպ։ 
- Իսկ ի՞նչ հիմնախնդիրներ եք կարողացել լուծել։
- Վերջին երկու տարում մենք ավելի մեծ ուշադրություն ենք հատկացրել գեղարվեստական բաժնին։ 80-ականների կեսերին, երբ մեր դպրոցն սկսեց կրել Հակոբ Գյուրջյանի անունը, մեր միակ տեղեկությունն այն էր, որ Գյուրջյանը ծննդով Շուշի քաղաքից է, մեր համերկրացին ու հայ մեծ քանդակագործը։ Երկու տարի առաջ մեր պատկերասրահում գտանք Գյուրջյանի դիմանկարը՝ Ռուխկյանի հեղինակությամբ։ Մեր նկարչուհի Թամարա Մարդանյանը պատճենահանել է այն, որն այսօր փակցված է դպրոցի մուտքին։ Մենք նոր շատ բան իմացանք նրա մասին։ Նա համաշխարհային համբավ ունեցող քանդակագործ է, Ղարաբաղից միակ նկարիչը, ով հիմնավորվել է Փարիզում, աշխատել ֆրանսիական բազմաթիվ  հայտնի նկարիչների, քանդակագործների հետ։ Արդեն երկու տարի դեկտեմբերի 5-ին մենք նշում ենք նրա ծննդյան օրը, կազմակերպում ցուցահանդեսներ։
Կցանկանայի նշել, որ այն բանից հետո, ինչ մեր կոլեկտիվն է եկել հետաքրքիր տեսլական ու աշխարհընկալում  ունեցող նկարիչ Թամարա Մարդանյանը, գեղարվեստական բաժնի աշխատանքը փոքր-ինչ կենդանություն է ստացել։ Ըստ նոր ծրագրերի` երեխաներն առաջին իսկ դասարանից քանդակագործություն են անցնում։ Իմ կարծիքով` գեղարվեստական բաժինը մենք արդեն կարգավորել ենք. անցյալ տարի Երևանից   մեզ այցելել են տեսուչներ, որոնք գոհ են մնացել պարարվեստի բաժնի, ընդսմին նաև` գործիքային դասարանների  աշխատանքի որակից։ Մեզ  հաճախ են այցելում,  լսում, գնահատում, սակայն մեզ՝ դասատուներիս երբեք չեն հրավիրում վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացների։ Օրինակ, ինչո՞ւ չայցելել Երևանի արվեստի դպրոցներ, տեսնել ու լսել նրանց։ Շատ է խոսվում դասատուների ատեստավորման մասին, բայց երբեք այն չի անցկացվում։ Բայց չէ՞ որ այդ ամենը կանդրադառնար մեր դասատուների պատրաստվածության վրա։ Մեզ մոտ պայմանները լավ են, շատերը կերազեին նման պայմանների մասին։ Եվ դա նույնպես պարտավորեցնում է, տրամադրում լավ աշխատանքի, ինչը բարձր է գնահատվում տարբեր փառատոներում ու մրցույթներում։ Տեսեք, թե քանի գավաթ, պատվոգիր ունենք։ Ես կարծում եմ` մայրաքաղաքի նոր՝ ՙԱրցախ՚ թաղամասի շահագործումից հետո աշխատանքը դպրոցի տարբեր բաժիններում ավելի կաշխուժանա։ 
-Դուք չե՞ք կարծում, որ մայրաքաղաքում և շրջաններում երեխաների գեղագիտական դաստիարակություն իրականացնող հաստատությունների միջև հաղորդակցման պակաս կա։ Փաստորեն յուրաքանչյուր դպրոց ՙեփվում է իր սեփական հյութում՚։
-Շփում կա, սակայն` ոչ բավարար չափով։ Իսկ ո՞վ է մեզ խանգարում ավելի սերտորեն շփվելու։ Ինչ-ինչ, դա հո մեր ձեռքերում է։ Ես կոչ եմ անում՝ եկեք ավելի շատ շփվենք, կազմակերպենք համատեղ համերգներ, ցուցահանդեսներ։ Թող դա լինի ոչ այնքան բարձր մակարդակով, փոխարենը հնարավորություն կտա բարեկամանալ, շփվել միմյանց հետ, տեսնել ու լսել իրար, իմանալ՝ ով ինչի է ընդունակ...
Ուզում  եմ նաև, թեկուզ ուշացումով, շնորհավորել արցախյան կանանց` գարնանային տոների առթիվ և մաղթել, որպեսզի յուրաքանչյուր կին համերաշխ ընտանիք ունենա։ Իսկ ամենագլխավորը` ցանկանում եմ, որպեսզի մեր հողում միշտ թագավորի խաղաղությունը։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ