[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

altՎերջին շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բնակիչները բողոքում էին բնակարաններ մտնող ջրի որակից: Ինչպես գիտենք, խնդրի կապակցությամբ զտիչ կայանում շտապ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն` երկրի Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, որից հետո վարչապետ Արա Հարություննյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը քննարկել է խնդրահարույց այդ հարցը: Պարզաբանումների համար դիմեցինք ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Մարտիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ։
-Պարոն Հայրապետյան, ինչո՞վ բացատրել վերջին շաբաթվա ընթացքում բնակարանները ներհոսող ջրի վատ որակը:
- Հիմնական պատճառը Ղայբալի գետակի ջրի քանակի կտրուկ բարձրացումն է, ինչի հետևանքով պղտորման աստիճանը շատ մեծացավ: Այս տարի մեծ քանակի տեղումներ են արձանագրվել: Սարիբաբ կոչվող լեռան վրա ձյան շերտը հասել է 40-70 սանտիմետրի, այսօրվա դրությամբ ձյունը դեռ ամբողջությամբ չի հալվել: Շուշիի ՙԶաստավա՚ կոչվող տեղամասի ձյան շերտը լրիվ հալել է, բայց Սարիբաբ լեռան հյուսիսային ստորոտը մնում է ձյունածածկ։ Հիմա գիշերը մոտ 10-140 տաքություն է լինում, սարի վրա՝ մի փոքր ցածր՝ մոտ 8-90: Մեծ ծավալով ձյան հալոցքը բերում է մեծ ծավալի ջուր:
- Այսինքն՝ զտիչ կայանը չի՞ հասցնում մաքրել մեծ քանակի ջուրը, թե՞ ընդհանրապես ի վիճակի չէ, հնամաշ է սարքը:
- Այն, որ ֆիլտրակայանները մոտ 40 տարվա են, գիտեն բոլորը: Հիմա կառուցվում է դ 1 նոր ֆիլտրակայանը, հիմնանորոգվում է երկու հինը: Դրանք շահագործման հանձնելուց իրավիճակը կտրուկ կփոխվի: Բոլոր դեպքերում, գետի վրա կան որոշակի հատվածներ` որտեղ սելավներն իրենց գործն անում են։ Հիմնական գործոնը, որ ազդում և բարդացնում է ջրի պարզեցումը, կավահողն է: Ղայբալու գետակի այդ հողաշերտի մեծ տոկոսը կավահողային է: 2011 թվականի հորդառատ անձրևների ժամանակ  տեղի է ունեցել մոտ 1-4 կմ լայնությամբ հոսք, ինչի հետևանքով սարալանջը փլուզվել, և բացվել է կավահողային շերտը: Նաև գազատարն է անցնում այդ նույն տեղանքով: Մթնոլորտային տեղումներն անմիջապես այս կավահողի շերտը ջրի հետ միասին խառնում են գետի ջրի հետ: Այս գործընթացը տևելու է այնքան ժամանակ, մինչև այդ շերտի վրա հումուս, այսինքն՝ կանաչապատ շերտ չառաջանա:
- Նշանակում է՝ մինչև այդ մարդիկ պետք է պղտոր ջո՞ւր օգտագործեն:
- Ես ուղղակի բացատրեցի ջրի պղտորվելու պատճառը: Իսկ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում։  Գետը մերն է, քաղաքը մերն է, մարդիկ մեր քաղաքի բնակիչներն են, և այդ կայանները կառուցում, վերանորոգում են, որպեսզի որակյալ ջուր մատակարարվի: Ե՜վ երեքշաբթի Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, նախարարների և այլ նախագծող հիմնարկությունների պատասխանատուների հետ հենց  ֆիլտրակայանում, այնուհետև` վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, և հետո, երբ վարչապետի հետ գնացել ենք կոնկրետ ջրառը, տեսել և համոզվել ենք` ինչում է խնդիրը: Այսօր ջրամատակարարման այլընտրանքային ձևեր գտնելու կոնկրետ խնդիրներ են դրված. ընդերքային` արտեզյան ջրերը, Բալուջա և Տրակետ գետերի ջրերն օգտագործել՝ մինչև ճգնաժամը անցնի, մինչև բարձր հոսքային ձնհալի շրջանն ավարտվի: Նախագահը կտրուկ ու միանշանակ առաջադրանքներ է տվել. ջուրը պիտի լինի միանգամայն պարզ և նորմային համապատասխան: Չորեքշաբթի նորից ենք վարչապետի մոտ հավաքվել, յուրաքանչուրի առջև կոնկրետ խնդիր է դրվել` օգտագործել այն ամենը, ինչ ունենք ձեռքի տակ...
- Այսինքն, ի՞նչը նկատի ունեք...
- Այսօր առաջին փորձերն ենք արել: Մենք ունենք խորքային արտեզյան հորեր և ունենք հնամաշ մետաղյա խողովակագծեր, որոնց մի մասը չի շահագործվում, քանի որ պլաստմասսայենն արդեն կա: Դիմել ենք ռիսկի, փորձել ենք այս խողովակաշարով արտեզյանաջրով մատակարարել Մաշտոցի փողոցը և 34, 35, 36 թաղամասերի շենքերը: 45 րոպեից մինչև 1 ժամ տարբեր շենքեր գրաֆիկով ստացան մաքուր ջուր: Հիմա մտածում ենք` ինչպես երրորդ պոմպակայանի ջուրն էլ կարողանանք ինչ-որ կերպ օգտագործել: Հարցը նրանում է, որ հնամաշ խողովակներով պոմպակայանից ճնշման տակ ջուր բաց թողնելը նշանակում է նորից մեր ճանապարհների վրա վթարներ առաջացնել: Մենք սպասում էինք նման բանի, բայց ոչ այսքան առատ: Այսօր 3000 խորանարդ մետր ջուր է մտնում Ղայբալու: Մարդիկ, որ 30, 40 տարի աշխատում են այդ գետի ֆիլտրակայանում, այդպիսի բան չեն հիշում: Նրանց վկայությամբ՝ նման բան տեղի էր ունենում մեկ, ամենաշատը` երկու օր, մայիսյան հորդառատ անձրևների ժամանակ, բայց որ այսպես մեկ շաբաթ շարունակվի, նման բան չի եղել:
- Այնուամենայնիվ, խնդիրն ինչո՞ւմ է, չէ՞ որ կա ջրամբար, որտեղ ջուրը նստվածք է տալիս ու մաքրվում է...
- Բանն այն է, որ Ղայբալու գետի ջրի մեջ մեծ քանակության են կավահողային մասնիկները, որոնց նստվածք տալու համար պահանջվում է 18-20 ժամ, դրանցից ազատվելու ուրիշ միջոց դեռ չկա: Բայց հիմա նոր տեխնոլոգիաներով նոր սարքեր են տեղադրվում ֆիլտրակայաններում, որոնք շահագործման հանձնելու դեպքում կնվազի պարզարաններ մտնող ջրի քանակը, և հնարավոր կլինի ինչ-որ ձևով ջրի որակը բարձրացնել: Անորակ ջուր չենք մատուցի: Մի բան էլ ասեմ. այս երևույթը, մի կողմից էլ լավ է, որ տեղի ունեցավ՝ այն իմաստով, որ մինչև ֆիլտրակայանները շահագործման հանձնելը բնությունը հուշեց, թե ինչ է մեզ սպասում: Վարչապետը միանշանակ եկավ այն եզրահանգման, որ պետք է ունենանք այլընտրանքային ջրամատակարարում, և պիտի անտեսենք այն ավելորդ ծախսերը, որ պահանջվում են դրա համար: Կարծում եմ՝ մեր պայմաններում Ստեփանակերտ քաղաքի դիրքը, ռելիեֆը, գետերը, որոնք սնուցում են քաղաքը, կարելի է օգտագործել այլընտրանքային ջրամատակարարում ապահովելու համար: Այսօրվա դրությամբ, ամեն ժամ հսկողության տակ ենք պահում, անկախ ծախսերից՝ օգտագործում ենք մեծ քանակությամբ քլորացման նյութերը` և՜ չոր, և՜ հեղուկ, որպեսզի կարողանանք հիվանդություններից զերծ պահել բնակչությանը: Որպես սփոփանք կարող եմ ասել, որ այս գետերի ջուրը, եթե համեմատենք արտեզյան ջրի հետ, շատ ավելի լավն է...
- Ի՞նչ առումով:
- Արտեզյան ջուրը կոշտ է, իսկ գետերինը` փափուկ: Ֆիլտրակայանները  շահագործման հանձնելուց կունենանք մաքուր և փափուկ ջուր, որն ավելի մեծ արժեք ունի:
- Իսկ ե՞րբ կավարտվեն այդ կայանների կառուցումն ու նորոգումը:
- Հարցն ինձ չպետք է ուղղել, մենք ընդամենը շահագործող հիմնարկ ենք։ Բայց գրեթե ամեն օր կամ երկու օրը մեկ գնում, ստուգում ենք աշխատանքի որակը: Երկրի Նախագահը շաբաթվա մեջ առնվազն երկու անգամ լինում է տեղում, իրազեկվում` ինչպես են ընթանում աշխատանքները:
- Դուք նշեցիք, որ շահագործող կառույց եք։ Իսկ եթե մի բան սխալ է կառուցվում, ե՞րբ պիտի դրա մասին իմացվի: Ավելի հեշտ չէ՞ հսկել, և ընթացքում սխալը շտկել, քան շահագործումից հետո ամեն ինչ բարդել շինարարների վրա...
- Միանշանակ մենք շահագրգռված ենք, որ այդ կայանները կառուցվեն, նորոգվեն միայն նախագծին համապատասխան: Անգամ առաջարկություններ ենք մտցրել նախագծում, և ղեկավարությունն ընդունել է դրանք, ու որոշակի փոփոխություններ տեղամասերում կատարվել են: Այսինքն՝ այն, ինչ պետք է հարմարեցնենք մեր քաղաքը մատակարարող ջրի որակին ու բնույթին, անկասելիորեն ընդունվում և տեղում կատարվում է: Ասեմ, և՜ նախկին, և՜ գործող քաղաքապետերը հրահանգներ են տվել` ոչ մի անորակ օբյեկտ  չընդունել: Նոր օբյեկտ հանձնելիս մինչև իմ ներկայացուցիչը կամ անձամբ ես տեղում չենք ստուգում, փորձարկում, չենք ընդունում:
- Մի ժամանակ լուրեր էին պտտվում, իբր, նոր համացանցով հոսող ջրերն ինչ-որ հատվածներում  խառնվում են կոյուղու ջրերի հետ: Արդյոք, նման բան հնարավո՞ր է:
- Բացառվում է: Նախ՝ մենք ունենք լաբորատորիա և ջրկիրներ, որոնցից վերցնում ենք ջրի նմուշներ և ստուգման ենթարկում լաբորատորիայում: Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ հնարավոր չէ  կողուղու ջրերը խառնվեն: Եթե դիտահորերից կամ բաժանարար հորերից ջուր է դուրս գալիս, ուրեմն՝  պլաստմասսայե խողովակներում վթար է տեղի ունեցել: Այդ դեպքում ջուրը փակում ենք, անմիջապես հայտնում  այն շինարարներին, ովքեր կառուցել են դա, նրանք իսկույն վթարը վերացնում են: Ես կոչ եմ անում բոլոր բնակիչներին, եթե ականատես եք լինում որևէ վթարի, զանգեք  94-58-71 հեռախոսահամարին՝ մեր դիսպետչերին` վթարը հնարավորինս արագ վերացնելու համար: Շնորհակալ կլինենք՝ մեր գործին աջակցելու համար: Միակ բողոք-խնդիրը, որ այսօրվա դրությամբ դեռ չենք կարող լուծել, պղտոր ջրի խնդիրն է: Այն, ինչ հիմա կա մեր ձեռքի տակ, բավարար չէ այդ պղտոր ջուրը պարզեցնելու համար: Ինչքան խորանում ենք այս համակարգում, այնքան զգում ենք, որ այն ծավալուն աշխատանքները, որ իրականացնում է կառավարությունը ջրացանցերի նորացման, ֆիլտրակայանները զրոյից նոր տեխնոլոգիաներով ստեղծման ուղղությամբ, մեր քաղաքի փրկությունն են: Ես կասեի, սա ռազմավարական նշանակության խնդիր է: Մեր բնակչության բարեկեցիկ կյանքն  ստեղծելու հիմնական միջոցը, կարծում եմ, ջուրն է:
- Մենք գիտենք, որ էլէկտրաէներգիայի, գազի օգտագործման համար երբ  ամսական վճարը ժամանակին չի մուծվում, հետևանքն ինչ է լինում: Իսկ ի՞նչ է արվում ջրի օգտագործման դեպքում: Ժամանակը չէ՞ նոր ձևերին անցնելու, որպեսզի ջրի վճարն էլ ժամանակին մուծվի:
-Հունվարի 1-ից նախկինում գործող դրամահավաքներ իրականացնող կարգը համարվել է հնացած: Անցնում ենք նոր համակարգին, այսինքն՝ հսկիչն ստուգում է կնիքի առկայությունը, հաշվիչի աշխատանքը և ցուցմունքը: Միաժամանակ եթե բնակիչը նրան հաղորդելու բան ունի, նաև դա  է գրանցում:
- Իսկ այն տեղերում, որտեղ նոր համակարգը դեռ չի աշխատո՞ւմ:
- Նախ՝ բոլոր տեղերում նոր համակարգն արդեն աշխատում է: Երկրորդ՝ եթե գազի և էլէկտրաէներգիայի օգտագործումը ֆիքսում և հաշվում է ինքը` մատակարարող կազմակերպությունը, ապա մեր պարագայում դա այդպես չէ: ՙՋրմուղ-կոյուղին՚ ունի միջանկյալ կազմակերպություն` ՙՀամայնքային ծառայություն՚, որը զբաղվում է մուծումների հարցով։ Մենք ընդամենն այդ ցուցմունքները հավաքում ենք և էլեկտրոնային տարբերակով տրամադրում իրենց: Իրենք էլ հաղորդում են ՙԱրցախփոստ՚-ի և ՙԱրցախբանկ՚-ի մասնաճյուղերին: Եվ յուրաքանչուր բնակիչ կարող է այդ բաժանմունքում ասել իր կամ կոդը, կամ անուն-ազգանունը, կամ հասցեն և մուծել ծախսած ջրի դիմաց վճարը: Իմիջիայլոց, նախկին քաղաքապետի որոշմամբ, բնակչության պարտքերը մինչև 2009թ. մարված են: 2009 թվականի հունվարի մեկից առ այսօր եղած բոլոր պատքերը ՙՀամայնքային ծառայությունը՚ վեր է հանում էլէկտրոնային տարբերակով: Լավ է, թե վատ՝ այսօրվա դրությամբ այս կարգն է գործում:
- Այսինքն, ցանկացած բնակիչ 2009 թվականից ունեցած պարտքը պետք է տա...
- Միանշանակ...
- Իսկ եթե չի տալի՞ս: Ինչ-որ սանկցիաներ կա՞ն, գործու՞մ են: Արդյո՞ք, կարողանում եք հավաքել վճարը: Տարվա կտրվածքով քանի՞ տոկոսն եք կարողանում հավաքել:
- Կարող եմ ասել, որ 2011թ. վճարները հավաքվել է 50-60 տոկոսով: Այդպես էր ստացվում, երբ վճարները հավաքում էինք դուռ ծեծելով: Հիմա մենք ամբողջությամբ կնիքավորում ենք կատարում: Պատժամիջոցների կարգը մշակված է, այն էլ՝ վաղուց, 2004 թվականից, բայց, ցավոք, չի գործում: Չի գործում, քանի որ չունենք  այդ տվյալների ընդհանուր պատկերը: 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ