Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՏԵՂ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

Տողը Հադրութի շրջանի խոշոր համայնքներից է (197 տնտեսություն, բնակչությունը` 720 մարդ)։ Ալեքսանդր Շաբուրյանն արդեն 20 տարի է, ինչ ղեկավարում է համայնքը։ Կատարված և գյուղի զարգացման խնդիրների շուրջ է մեր զրույցը։

-Պարո՜ն Շաբուրյան, անցած 20 տարիներին ի՞նչ խնդիրներ են համայնքում լուծում ստացել։
-Նախ նշեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին լրացավ գյուղը թուրք-ազերիներից ազատագրման 27-րդ տարեդարձը։ Այդ տարիներին բազում փորձություններ են եղել, բայց գյուղի բնակչությունը կարողացել է դիմակայել։ Այստեղ կազմավորված կամավորական ջոկատները հետագայում մասնակցեցին մի շարք շրջանների ազատագրական մարտերին։ Արցախյան գոյամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում գյուղից զոհվել են 22 ազատամարտիկ և մեկ պայմանագրային զինծառայող։
20 տարվա ընթացքում հիմնական ուշադրությունը դարձրել ենք ժողովրդագրական վիճակի բարելավմանը։ Այդ առումով աշխատանքներ են տարվել հրետակոծության և ռմբակոծության հետևանքով ավերված բնակելի տների վերանորոգմանը, նորերի շինարարությանը` առաջնահերթությունը տալով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ Բնակելի տներ են կառուցվել նաև բազմազավակ և վերաբնակ ընտանիքների համար։ Կապիտալ վերանորոգվել է Տողի միջնակարգ դպրոցի շենքը, որտեղ սովորում է 130 աշակերտ, որոնց ուսուցմամբ զբաղված է 27 ուսուցիչ: Կրթօջախի շենքում է տեղակայվել նաև Տողի արվեստի դպրոցը: Վերջինս հանդիսանում է ենթաշրջանի գյուղերի երեխաների գեղագիտական դաստիարակության կարևոր օջախ, ուր հաճախում է 200 երեխա։ Վերանորոգվել է նաև ՙՍոսե՚ մանկապարտեզի շենքը։ Գյուղում կառուցվել է հանդիսությունների տուն, կապիտալ վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, որտեղ տեղակայվել է նաև գյուղի բուժական ամբուլատորիան։ Լուրջ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքներին։ Գյուղը լրիվությամբ գազիֆիկացված է։ Բնակչության ջրամատակարարման նպատակով կառուցվել են նոր ջրատար և գյուղի ներքին ջրատար ցանցը, տեղադրվել են ջրչափ սարքեր։ Բնակչության հուսալի ջրամատակարարման նպատակով փորվել է արտեզյան ջրհոր, որը շահագործվել և միացվել է ջրամբարին։ Կապիտալ վերանորոգվել է գյուղի կամուրջը։ Գյուղատնտեսության զարգացմանը խթան հանդիսացավ հողերի սեփականաշնորհման գործընթացը, ինչպես նաև ենթաշրջանային համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրերը։ Գյուղում լայն հնարավորություններ կան զբոսաշրջության զարգացման համար։ Պետական միջոցներով վերակառուցվել է Տողի մելիքական ապարանքը, որտեղ արդեն 5-րդ անգամն է, ինչ անց է կացվում գինու փառատոն։ Աշխատանքներ են տարվում լուծելու բնակչության զբաղվածության հարցը, որը կապված է գյուղատնտեսության հետագա զարգացման հետ, հաշվի առնելով, որ բնակչության մեծ մասը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։
-Կարևորելով գյուղատնտեսության դերը համայնքի հետագա զարգացման հարցում` ինչպիսի՞ ուշադրություն է դարձվում այդ ճյուղի զարգացմանը։
-Կառավարության կողմից հաստատվել է անասնաբուծության և արոտների կառավարման ծրագիրը, որում ընդգրկված է նաև Տողի համայնքը: Դա հնարավորություն կտա համայնքում ավելացնելու անասնագլխաքանակը, անասնապահական մթերքների արտադրությունը։ Այդ նպատակով 101հա տարածքներ մաքրվել են թփուտներից և ծառերից, որը կօգտագործվի արոտի տակ։ Համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգվել է հանդիսությունների տունը, բարելավվել է փողոցային լուսավորությունը, գյուղի ներքին ջրատար ցանցի առանձին տեղամասերում նոր ջրատարներ են կառուցվել։ Չնայած գյուղի ակումբի շենքի վթարային վիճակին, շենքի մեկ սենյակ վերանորոգվել է և այն օգտագործվում է որպես երիտասարդության հավաքատեղի։ Նախատեսվում է լրիվությամբ վերականգնել ակումբի տանիքը։ Սալահատակվել են 1500 քառ. մետր փողոցներ, շարվել են 100 քառ. մետր հենապատեր, խճապատվել է 5 կմ երկարությամբ ճանապարհ։ Գյուղից Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու և հուշարձանի կառուցման համար սկսված են նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։ Բարերարի միջոցներով վերանորոգվում է գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը ևս յուրատեսակ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար։ Գյուղի բնակչությունը հավատով է լցված ապագայի հանդեպ. յուրաքանչյուր տողեցի ցանկանում է իր ավանդը բերել հարազատ բնօրրանի շենացմանը:

;