Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՆՈՏԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Կառավարության մարտի 25-ի նիստում արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է օրինագծերի մի ամբողջ փաթեթ, որով նախատեսվում են լրացումներ և փոփոխություններ ՙՆոտարիատի մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚, ՙՀյուպատոսական ծառայության մասին՚ օրենքներում և ԼՂՀ քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ փոփոխությունները մշակվել և շրջանառության մեջ են դրվել` ելնելով տվյալ ոլորտներում իրավական կարգավորման անհրաժեշտությունից։ 

Նրա հավաստմամբ, մի շարք հարցեր գործող օրենսդրությամբ կարգավորված չեն, ուստի անհրաժեշտություն կա կարգավորել նոտարական գործունեության բնագավառը: Մասնավորապես` ՙՆոտարիատի մասին՚ ԼՂՀ օրենքում նախատեսված առանցքային փոփոխություններով կհստակեցվեն այն դեպքերն ու ժամկետները, երբ նոտարն իր գործունեությունը կիրականացնի նոտարական գրասենյակից դուրս։ Ըստ օրինագծի, դրանք այն դեպքերն են, երբ անձը տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդություն ունի կամ անօգնական վիճակում է։ Այդ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու կամ դրան հաջորդող օրը նոտարական գործողությունը կատարել իր գրասենյակից դուրս։ Ընդ որում, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, օրինագծի ընդունման դեպքում դա կհամարվի նոտարի ոչ թե իրավունքը, այլ պարտականությունը։ Նախագծով սահմանվում է նոտարի պաշտոնում նշանակվող անձի նվազագույն տարիքը՝ 25 տարեկան: Որոշ հոդվածներով կկարգավորվի նոտարի օգնականի գործունեությունը. վերջինս պարտավոր է առնվազն երեք տարին մեկ անգամ Արդարադատության նախարարության կողմից որոշված հաստատությունում անցնել վերապատրաստում նախարարի սահմանած կարգով և պայմաններով։ Նոտարները ևս երեք տարին մեկ պետք է վերապատրաստվեն:
Օրինագծով կմտցվի նոտարի ստաժորի ինստիտուտը, կսահմանվեն ստաժորին ներկայացվող պահանջները և ստաժորի կողմից իրականացվող գործողությունները, կհստակեցվեն նոտարի բացակայության ժամանակ նրան փոխարինելու հիմքերը: Ա. Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ նախագծով կհստակեցվեն նոտարի գործունեության նկատմամբ նախարարության կողմից վերահսկողության գործընթացը, ինչպես նաև ստուգման ընթացքում նոտարի և ստուգողի իրավունքներն ու պարտականությունները:
Օրինագիծը կկարգավորի նաև նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերն ու առիթները, կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ իրականացնող անձի և նոտարի իրավունքներն ու պարտականությունները։ Կընդլայնվի և կամբողջացվի նոտարի կողմից իրականացվող գործողությունների շրջանակը: Նրան իրավունք կվերապահվի հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է Ա. Դանիելյանը, այդ փոփոխությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս չդիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ, դատարաններ` նոտարի պահանջով, փաստաթղթերում առկա անճշտությունների, սխալ գրանցումների համար, որպեսզի դրանք ճշտվեն (ինչպես պահանջում է ներկայումս գործող օրենքը): Ըստ նոր կարգի, համապատասխան փաստաթղթերը պահանջելուց հետո նոտարն այդ գործողություններն ինքն է կատարելու։ Բացառությունները կգործեն անձնագրի և զինվորական փաստաթղթերի, սեփականության իրավունքով գույքի տիրապետման, բանավոր հայտարարությունների դեպքերում: Կմտցվեն նոր` նոտարական ակտ հասկացությունը և դրան ներկայացվող պահանջները։ Այսպիսով, նոտարական ակտ են հանդիսանում նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը և վավերացումը։
Կհստակեցվեն նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում կայացնելու ժամկետները, կսահմանվեն նոտարի բացակայության դեպքում նոտարին փոխարինողի իրավունքները։ Նշված գործառույթները լիարժեք իրականացնելու համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան. դրանք ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։ Թվարկվածները միայն առանցքային փոփոխություններն են, բացի նշվածից, կատարվել են նաև հստակեցումներ ու խմբագրական այլ փոփոխություններ։ Փաթեթի մյուս նախագծերում կատարվող փոփոխությունների մեծ մասը կապված է վերոնշյալ օրինագծի հետ:
Նախագահ Բակո Սահակյանի պահանջով Արարատ Դանիելյանը ներկայացրեց նոտարների կողմից 2018 թվականին կատարված գործարքների ծավալները՝ 2017 թվականի համեմատության մեջ։ Նա նշեց, որ գործարքների քանակն ավելացել է:
Արցախի Հանրապետության առանձնահատկությունն այն է, որ գործում է պետական նոտարի ինստիտուտը։ Դրանով մենք տարբերվում ենք տարածաշրջանի այլ երկրներից, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունից (պետական նոտար աշխարհի քիչ երկրներում կա, որոնցից մեկը Ռուսաստանն է)։ Դա է պատճառը, որ վճարովի ծառայություններն այստեղ գործում են խորհրդանշական գումարի մուծմամբ: Նոտարի մասնավոր համակարգ ստեղծելու պարագայում նոտարները պետք է կարողանան ինքնաֆինանսավորվել, աշխատել և ապահովել եկամուտ։ Դա կարող է բերել վճարովի ծառայությունների գների բարձրացման։ Բ. Սահակյանին հետաքրքրել են համակարգից քաղաքացիների պահանջները, ծագող հարցերը: Հարցերը հիմնականում կապված են այն բանի հետ, որ գործող օրենքը սահմանափակում է նոտարի օգնականի լիարժեք աշխատանքը և, ասենք, Հադրութի նոտարի` արձակուրդ գնալու պարագայում քաղաքացիները պետք է դիմեին հարևան շրջանի մասնագետին: Այսօր Մարտունիում, Հադրութում, Ասկերանում կան նոտարների օգնականներ, որոնք փոխարինում են նոտարի բացակայության դեպքում: Հիմա խնդիր կա միայն Մարտակերտի շրջանում, ինչը մոտ ժամանակներս կփորձեն կարգավորել։
Պատասխանելով լրագրողների հարցերին, Ա. Դանիելյանը մասնավորապես նշել է, որ բոլոր այդ բարեփոխումները նպատակաուղղված են քաղաքացու հարմարավետության ապահովմանը, նրանց ավելորդ քաշքշուկից, դժվարություններից զերծ պահելուն։ Դրանք նոտարական գրասենյակներին հնարավորություն կտան աշխատել լիարժեք, լինել մատչելի։
;