ՖԵՅՔԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում օրերս ԱրՊՀ-ում ՙԼրագրությունը և ֆեյքերը տեղեկատվական հեղափոխության պայմաններում՚ հրատապ թեմայով դասախոսությամբ հանդես եկավ քաղաքագետ, քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Բանախոսի դիտարկմամբ` մենք ապրում ենք տեղեկատվական հեղափոխության դարաշրջանում: Հայաստանի և Արցախի պարագայում վերջին տասը տարվա ընթացքում ինչ փոփոխություններ տեղի են ունեցել և դեռ կլինեն, տեղեկատվական և հեռահաղորդակցական հեղափոխության շնորհիվ է: Այդ փոփոխությունների մասշտաբը ճիշտ պատկերացնելու համար նա բերեց մեր տատիկ-պապիկների ժամանակաշրջանը, երբ հրապարակում սյան վրա ընդամենը մի բարձրախոս կար, որը հազիվ մեկ ժամով տեղեկատվություն էր հաղորդում, կամ էլ հրապարակի վրա ընդամենը մեկ-երկու թերթ կային: Դրանից հետո եկավ հեռուստատեսությունը, որն ավելի զանգվածային դարձրեց լրատվությունը: Մարդկությունը բաժանվում էր երկու անհավասար և անիրավահավասար հատվածների. նրանք, ովքեր ստեղծում և հաղորդում էին լրատվությունը և մնացածը, ովքեր միայն սպառում էին այդ լրատվությունը: Դրանից ավելիին մարդիկ կարող էին հավակնել, եթե ձգտեին ունենալ մեկից ավելի տեղեկատվության աղբյուր և իրենք էլ որոշեին` որն է ճիշտ, որը` սխալ: Ներկայումս սոցիալական ցանցերի շնորհիվ, ինչքան մարդ կա, այնքան տեղեկատվություն արտադրող և տեղեկատվություն սպառող կա: Այս պայմաններում ի հայտ է գալիս ֆեյք/կեղծ, սուտ/նորությունը: Դա պարզ սուտ չէ, պարզաբանեց բանախոսը: Խոսքը չի գնում այն բնույթի տեղեկատվության մասին, որն իր մեջ քրեական օրենսգրքով ենթադրում է որպես առկա հանցակազմ: Ասենք` բռնության կոչեր, ատելության և բռնության քարոզ հանրության ինչ-որ խմբերի նկատմամբ` կրոնական, ռասայական և այլ: Խոսքը վերաբերում է նրան, որ ճշմարտության քողի տակ ներկայացվում է կեղծիք և, օգտագործելով տեղեկատվական հեղափոխության հնարավորությունները, սկսում է տիրաժավորել և թյուրիմացության մեջ գցել հասարակությանը: Այս հանցագործությունը չի լուծվում դատական ճանապարհով: Սրա դեմ պայքարի միակ միջոցը մեդիագրագիտությունն է, պարզաբանեց փորձագետը: Այսօր հասարակության մեծ մասը, հատկապես երիտասարդ սերունդը, ֆեյսբուքյան օգտատեր է: Ամեն օր նրան իր էջում հազարավոր նորություն է հրամցվում: Պայմանականորեն մեկ միավոր հավաստի տեղեկատվությանը բաժին է հասնում 3-4 չափաբաժին կասկածելի աղբյուր ունեցող, ոչ ստուգման ենթակա տեղեկատվություն, պարզաբանեց բանախոսը: Այն իրականության հետ կապ չունի, բայց իր մեջ որոշակի նպատակներ է հետապնդում, որպեսզի կարդացողը ինչ-որ տրամադրություն ձևավորի այդ առարկայի, օբյեկտի, գաղափարի վերաբերյալ: Դրա հիման վրա սկսել են կառուցվել քարոզչական պատերազմները: Փորձագետների գնահատմամբ` ներկայումս աշխարհում գնում է Առաջին տեղեկատվական համաշխարհային պատերազմը: Այսօր տեղեկատվական հեղափոխության հետ մեկտեղ մենք ապրում ենք Առաջին տեղեկատվական համաշխարհային պատերազմի պայմաններում: Ըստ նրա` այս ամենը վառ ձևով ի հայտ եկավ 2014թ.-ից, երբ Ուկրաինայում տեղի ունեցան զանգվածային հուզումներ: Նույն պատկերը տեսնում ենք Ադրբեջանում: Այնտեղ, պատկերավոր ասած, եթե ծորակը բացում են և ջուր չի գալիս, հայերն են մեղավոր:
Իսկ ի՞նչ պայմաններում են աշխատում նման քարոզչական կլիշեները: Ըստ բանախոսի` դրանք էֆեկտիվ են, երբ կա ազատ խոսքի սահմանափակում: Երկրորդ` երբ հասարակության մեջ իշխանությունները կարողանում են ստեղծել վախի մթնոլորտ, և երրորդ` ցածր քաղաքացիական գիտակցության և մեդիագրագիտության ցածր մակարդակի պայմաններում: Այս բոլորը խիստ փոխկապակցված են: Ճնշված խոսքի ազատության, իշխանության կողմից ստեղծված վախի պայմաններում, բնական է, որ և մեդիագրագիտությունը և քաղաքացիական գրագիտությունը ցածր կլինեն:
Հարց է առաջանում. եթե բոլորը կարող են լինել տեղեկատվության աղբյուր, այս պայմաններում արդյո՞ք լրագրությունը մեռնում է: Ոչ մի դեպքում` համոզված է բանախոսը: Լրագրությունը պարզապես սկսում է աշխատել այլ պայմաններում: Այն երկու չափանիշով պետք է առաջնորդվի տեղեկատվական հեղափոխության և հեռահաղորդակցական պայմաններում: Առաջին հերթին պահանջվում է շատ բարձր լրագրողական էթիկա, երկրորդ` այն գիտակցումը, որ մեդիագրագիտությունը, քաղաքացիական գիտակցության բարձացման խնդիրը նաև լրագրղների առաքելությունն է: ՙԼրագրողի կարևորագույն առաքելությունն է հասարակությանը և պետությանը օրակարգ թելադրել իր լրատվամիջոցի օգնությամբ: Եվ որպեսզի այդ աշխատանքը լինի արդյունավետ, լրատվության աղբյուրը պետք է համապատասխանի հավաստիության չափանիշներին՚,-պարզաբանեց Ռ. Մեհրաբյանը: Կարո՞ղ է լրատվամիջոցը սխալվել: ՙԿարող է, դրա համար նա պետք է հրապարակավ ներողություն խնդրի, ինչպես վերջերս արեց ՙԱզատություն՚ ռադիոկայանը Ադամ Շիֆի հետ կապված: ՙՄենք այս ականապատված տեղեկատվական դաշտում կարող ենք, ինչպես սակրավորները, պայթել: Բայց ամենամեծ թերությունն այն է, որը թույլ են տալիս նորաթուխ լրատվամիջոցները, երբ իրենք իրենց ավելի խելացի են համարում, քան իրենց լսարանը: Ցանկացած լրագրող, որն իրեն ավելի խելացի համարի լսարանից, ապագա չունի՚,- հավաստիացրեց բանախոսը: Լրագրողի գիտակցության մեջ պետք է մեխված լինի այն գաղափարը, որ ինքը կոչված է առողջացնել հասարակությանը գոնե այն միջավայրում, որը հասանելի է իրեն: ՙԵթե մենք սա չենք անում, կհասնենք նրան, որ մեր հասարակությունը կլինի մոլորված, թյուրիմացությունների գերի, պերմանենտետ հիստերիկայի, վախերի մեջ, որի հետ ինչ ուզեն, կարող են անել: Մենք դա չենք ուզում, այլ` դրա ճիշտ հակառակը: Մենք ուզում ենք բարձր գիտակցությամբ, լավ տեղեկացված բարձր մեդիագրագիտությամբ, իր ճակատագիրն իր ձեռքը վերցրած հասարակություն, որին մենք կծառայենք ամեն մեկս մեր լրատվամիջոցի օգնությամբ` մեր լուման ներդնելով այդ ամենի մեջ՚,-պարզաբանեց բանախոսը:
ՙՑանկացած զանգվածային, ժողովրդական ակտիվության պայմաններում, ցանկացած երկրում ֆեյքային ակտիվությունը բարձրանում է օրինաչափորեն: Դրա դեմ պայքարելու ավելի ունիվերսալ մեթոդ, քան քաղաքացիական գիտակցությունը և մեդիագրագիտությունը բարձրացնելն է, գոյություն չունի: Ֆեյքի դեմ պայքարի միակ միջոցը մեդիագրագիտությունն է՚,- ներկա և ապագա լրագրողների հետ իր մտքերն ամփոփեց Ռուբեն Մեհրաբյանը: