ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ՇԵՆԱՆՈՒՄ ԵՆ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
Լրացավ տխրահռչակ ՙԿոլցո՚ ռազմագործողության 28-րդ տարին, գործողություն, որը Հադրութի շրջանում իրականացվեց մայիսի 14-16-ը առանձնակի դաժանությամբ, ուղեկցելով թալանով, ջարդերով ու բռնի տեղահանությամբ։ Շրջանի հարավային թևի 14 գյուղեր ենթարկվեցին բռնի տեղահանման։ Իրենց բնակավայրերը թողեցին շուրջ 1500 բնակիչներ, 677 մասնավոր տնտեսություն հիմնահատակ ավերվեց։
Արփագետիկ գյուղում թուրք ազերները սրի մատնեցին գյուղի վերջին 7 խաղաղ բնակիչներին։ Տեղահանման հետևանքով այդ գյուղերից ազերները տարան 1300 գլուխ խոշոր եղջերավոր, շուրջ 2500 գլուխ մանր եղջերավոր անասուններ, հիմնահատակ ավերվեց 700 բնակելի տուն, արտադրական նշանակության տասնյակ օբյեկտներ, 8 դպրոցական շենք, մշակույթի 10 օբյեկտ, եկեղեցիներ, 1 տեղամասային հիվանդանոց, հասարակական սննդի, կենցաղային սպասարկման տասնյակ օբյեկտներ, էլեկտրական, կապի գծեր, ջրատար ցանցեր։
Հրադադարից հետո սկսվեցին շենանալ բռնագաղթի ենթարկված գյուղերի վերականգնման աշխատանքները։ 14 գյուղերից 12-ում վերաբնակեցման աշխատանքներ իրականացվեցին։ Կառուցվեցին շուրջ 250 բնակելի տներ, որոնց կառուցումը և վերանորոգումը շարունակվում են։ Դպրոցական նոր շենքեր են կառուցվել Բանաձոր, Առաքել, Խանձաձոր, Արևշատ, Ծամձոր համայնքներում և Հայկավան վերաբնակեցվող գյուղում։ Հիմնանորոգվել են Հին Թաղերի և Խծաբերդի դպրոցական շենքերը, կառուցվել բուժմանկաբարձական կետեր։ Վերը նշված համայնքներում լուծում են ստացել արտադրական ենթակառուցվածքների հետ կապված բոլոր խնդիրները։ Բոլոր գյուղերն էլեկտրիֆիկացվել են, լուծում է ստացել բնակչության ջրամատակարարումը։ Բռնագաղթից 28 տարի հետո այդ գյուղերում լուծվել են մի շարք սոցիալական խնդիրներ։ Հաշվի առնելով այդ գյուղերի ռազմավարական նշանակությունը, որպես սահմանամերձ բնակավայրերի ԼՂՀ կառավարության կողմից մի շարք ծրագրեր է մշակվել այդ գյուղերի զարգացման, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ։ Այդ ծրագրերը հնարավորություն են տվել արդյունավետ օգտագործել առկա բնատնտեսական ներուժը, աստիճանաբար վերացնել բռնատեղահանման հետևանքները, հաղթահարել սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային գոտու յուրացման անհամամասնությունները` համեմատած հարթավայրային տարածաշրջանների հետ։ Այդ աշխատանքներն ավելի տեսանելի են 2005 թվականին նոր կազմավորված Առաջամուղ համայնքում, որտեղ կառուցվել են 30 բնակելի տներ, դպրոցական և վարչական շենքեր։ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ենթաշրջանի համայնքներում բնակչության թիվը կազմում է 1266 մարդ, տնտեսությունների թիվը 345։ Համայնքների բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն և հողագործությունն է։ Այդտեղ առկա հողահանդակները հնարավորություն են տալիս զարգացնելու թե՜ անասնապահությունն և թե՜ բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ենթաշրջանի համայնքներում առկա են 1593 գլուխ ԽԵԱ, 754 գլուխ ՄԵԱ, 634 գլուխ խոզ, 4561 թև թռչուն, 162 մեղվաընտանիք։ Ցուցանիշները տեսանելի են նաև հողագործության բնագավառում։
Բռնագաղթի ենթարկված գյուղերի բնակիչները հավատով են լցված ապագայի հանդեպ և իրենց աշխատանքով շենացնում են գյուղերը: