ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արդեն տասը տարի մայիսի 23-ը մեր տոնացույցում ընդունվել և նշվում է որպես Լրագրողի մասնագիտական օր։ Տոնը պատահական չէր ընտրվել. 145 տարի առաջ՝ մայիսի 23-ին, Շուշիում լույս տեսավ ՙՀայկական աշխարհ՚ ամսագիրը, որը, փաստորեն, Արցախի պարբերական մամուլի առաջնեկն է։ Ասել է թե՝ նույնքան տարիների վաղեմություն ունի արցախյան մամուլը:
Օրվա առիթով Արցախի ժուռնալիստների միությունն իր նոր գրասենյակում կլոր սեղան էր կազմակերպել, որի շուրջ լրագրողական ընտանիքի անդամները հավաքվել, շնորհավորել են միմյանց, խոսել իրենց հուզող խնդիրներից։ Ասել է թե՝ տոնը նաև միասնության և համերաշխության խորհուրդն ունի։
Գործընկերներին առաջինը շնորհավորեց ԱԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը։ Ի դեպ, հենց նրա առաջարկով է պետական տոնացույցում սահմանվել Լրագրողի օրը:
ՙԼրագրողներն իրենց ժամանակաշրջանի և՜ տատմերներն են, և՜ գերեզմանափորները՚. մեջբերելով գերմանացի հրապարակախոսի թևավոր դարձած ասույթը՝ Արցախի ժուռնալիստների միության նախագահը կարևորեց լրագրողների դերը մեր պետականության կայացման գործում։ Ըստ Կիմ Գաբրիելյանի՝ Արցախի լրագրողները գերեզմանափոր լինելու անհրաժեշտություն չունեն, և նրանց առաքելությունն այսօր կայանում է միայն տատմեր լինելու մեջ. ՙԸնդունենք մեր ժամանակի բոլոր ծնունդներն ու բարի երթ մաղթենք նրանց, քանզի լրագրողի աշխատանքից շատ բան է կախված՚։
Տոնական այդ օրը շնորհավորելու այլ առիթներ էլ կային. ԱՀ Նախագահի հրամանագրով՝ Ասկերանի շրջանի ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանին վաստակավոր լրագրողի կոչում է շնորհվել, որի հավաստագիրն ու կրծքանշանը հասցեատիրոջը հանձնեց Կ. Գաբրիելյանը։ Երախտագիտության իր խոսքում Վ. Պետրոսյանը խոստովանեց, որ այն իր համար հաճելի անակնկալ էր։ Նաև հավաստիացրեց, որ երկարամյա գործունեության ընթացքում աշխատել է սիրով ու նվիրվածությամբ՝ չմտածելով պետական բարձր պարգևների մասին։
Շնորհավորանքի մյուս առիթը ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության ստեղծման 5-րդ տարեդարձն էր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ լրատվամիջոցին հաջողվել է ՙհամբավ՚ ձեռք բերել և հանրապետությունում դառնալ առաջատարներից մեկը։ Լրատվական գործակալությանն ուղղված բարեմաղթանքի բազում խոսքեր հնչեցին ինչպես ԱԺՄ նախագահի, այնպես էլ մյուս գործընկերների շուրթերից։ Պատասխան խոսքում ՙԱրցախպրեսի՚ ղեկավար Վահրամ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ նշելով, որ չնայած հինգ տարին երկար ճանապարհ չէ, բայց այն եղել է բովանդակալից, դժարություններով լի, ինչը կարողացել են պատվով հաղթահարել։ Անշուշտ, ինչպես ասաց Վ. Պողոսյանը, լրատվամիջոցն անելիքներ դեռ շատ ունի, որոնք ձգտում են իրականացնել իրենց համերաշխ թիմով։
Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում անցկացված միջոցառումը շատերին հնարավորություն ընձեռեց արտահայտվել ու իրենց սրտի խոսքն ասել։ Եթե ասում են՝ մարտադաշտում ամեն մեկն էլ զինվոր է, ապա լրատվադաշտում այդպես չէ. տեղեկատվական պատերազմում հաղթելու համար լրագրողական բանակ է անհրաժեշտ, համոզված են ավագ սերնդի ներկայացուցիչները։ Լրագրողը թիրախ է, և ոչ ոք երաշխավորված չէ դրանից, բայց եթե բոլորը գիտակցեն, որ կա լրագրողական ուժ, համերաշխություն՝ չեն համարձակվի ՙկրակել՚ լրագրողի վրա։ Միաժամանակ՝ լրագրողն ինքը չպիտի թույլ տա թիրախ դառնալ. եթե քննադատում է, ապա այն պետք է լինի կառուցողական, առողջ քննադատություն։ Իսկ եթե սխալ տեղեկատվություն է տպագրում՝ դիմացինին հակադարձելու հնարավորություն է ապահովում։
Կլոր սեղանի մասնակիցներին ամենից շատ հուզողը երկրում տիրող քաղաքական իրավիճակն է։ ԱԺ պատգամավոր, լրագրող Վարդգես Բաղրյանը չորրորդ իշխանության ներկայացուցիչներին մեղադրեց պասիվություն ցուցաբերելու մեջ։ Նրա կարծիքով՝ այդ հարցում ձախողումները պայմանավորված են նաև լրագրողների ոչ համարժեք կեցվածք ցուցաբերելու պատճառով։ ՙՉպետք է լռել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր։ Եթե լռում ենք՝ դրանով օգուտ չենք բերում ո՜չ պետությանը, և ո՜չ էլ հասարակությանը։ Ընդհակառակը՝ մեր լռությամբ վնաս ենք հասցնում մեր երկրին՚,- ասաց նա։
ԱԺ պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանն էլ համոզված է, որ լրագրողները կարող են իրենց անաչառ գործունեությամբ մեղմացնել ոչ հանդուրժողական, շիկացած մթնոլորտը։
Չորրորդ իշխանության ներկայացուցիչները խոսեցին նաև աշնանը հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների և գալիք՝ 2020 թվականին ակնկալվող նախագահական ընտրությունների ու այդ կապակցությամբ լրագրողների անելիքների մասին։
Քննարկման մասնակիցները որոշեցին հետայսու ավելի ակտիվ լինել Արցախում տեղի ունեցող գործընթացների լուսաբանմանը։ Ի վերջո՝ եթե ասում ենք չորրորդ իշխանություն, ուրեմն, այն պետք է լինի իր կոչման բարձրության վրա։
;