ԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ…
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Ստեփանակերտը վերջին տարիներին շատ է փոխվել։ Ծրագրերը, որ իրականացվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում, բազմաթիվ են և նկատելի նույնիսկ անզեն աչքով։ Հյուրերն այն համարում են աշխարհի ամենամաքուր ու ամենականաչապատ քաղաքներից մեկը։ Մենք՝ այս քաղաքի բնակիչները, ում համար տեսանելի են նաև առկա խնդիրները, նույնպես նկատում ենք կատարված հսկայական աշխատանքը և, իհարկե, ուրախանում, երբ այն ավելի բարետես է դառնում, իսկ խնդիրների մասին բարձրաձայնում ենք այն ավելի լավը տեսնելու ակնկալիքով։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ քաղաքը կենդանի, բարդ օրգանիզմ է համարում, որտեղ ամեն օր խնդիրներ են լուծվում և նոր խնդիրներ են առաջանում. տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական խնդիրը ձեռքը, ինչպես ասում են, զարկերակին պահելն է և ժամանակին մարտահրավերներին արձագանքելը։ Իսկ դրանք պարզ են. ապահովել քաղաքային կյանքի բնականոն ընթացքը, բարելավել բնակչության կենսապայմանները, հարմարավետ միջավայր ստեղծել այստեղ ինչպես աշխատելու, այնպես էլ հանգստանալու համար։
Բարեկամները
Դրան հասնել համայնքին տրվող պետական միջոցներով, իհարկե, հնարավոր չէ։ Ծրագրերի մի մասի իրագրործումը հնարավոր է դառնում այլ գերատեսչությունների հետ համագործակցության, բարեգործական միջոցների ներգրավման շնորհիվ։
Ստեփանակերտի՝ որպես Արցախի մայրաքաղաքի, պատշաճ տեսքն ապահովելու գործում ակտիվորեն ներգրավված են պետական բոլոր կառույցները: Քաղաքաշինական հիմնական ծրագրերը Ստեփանակերտում իրականացվում են Քաղաքաշինության նախարարության միջոցով: Բայց այդ գործունեությունը բավարար չէր լինի, եթե Ստեփանակերտը չունենար գործընկերներ, բարեկամներ։ Հենց նման մարդկանց ու կառույցների շնորհիվ է նաև, որ վերջին տարիներին իրականացվել են այնպիսի մեծամասշտաբ ծրագրեր, ինչպիսիք են Հանրապետական բժշկական կենտրոնի, ծննդատան ու մյուս բուժհաստատությունների կառուցումն ու վերանորոգումը, մայրաքաղաքի բոլոր դպրոցների (բացառությամբ թիվ 10 հիմնական դպրոցի, որի նախագիծն արդեն պատրաստ է և շուտով այն նույնպես կհիմնանորոգվի), մշակութային ու արվեստի օջախների հիմնանորոգումները, ենթակառուցվածքների ստեղծումը, քանդակների տեղադրումը, նոր պուրակների, եկեղեցիների, հյուրանոցների ու ռեստորանների կառուցումը։ Ցավոք, Ստեփանակերտում առկա է նախադպրոցական հիմնարկների սակավություն, քանի որ պատերազմից հետո մանկապարտեզների շենքերի մեծ մասն օտարվել է, և հիմա ստիպված են մտածել կա՜մ նոր շենքերի կառուցման, կա՜մ հարմարեցված շենքերում մանկապարտեզներ բացելու մասին։ Այս կարևորագույն խնդրի ժամանակավոր լուծումը պատկան մարմինները տեսել են դպրոցներին կից նախադպրոցական խմբերի ստեղծման մեջ։ Հարցը բաց է. այսօրվա դրությամբ շուրջ 1000 երեխայի համար նախադպրոցական կրթություն ապահովելու խնդիր ունենք։
Ստեփանակերտի քաղաքապետարանում հատկապես անգնահատելի են համարում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված աջակցությունը՝ նյութատեխնիկական, մեթոդական, մասնագիտական։ Նաև այդ աջակցության շնորհիվ է, որ հաջողվել է ապահովել մայրաքաղաքի առաջընթացը։ Համագործակցության հիմքը երկու կառույցների միջև դրվել է յոթ տարի առաջ` տարիների ընթացքում վերաճելով ամուր բարեկամության։
Ս. Գրիգորյանն այն համարում է համագործակցության լավագույն օրինակ. ՙՆրանց կարող ենք դիմել ցանկացած հարցով և ակնկալել, որ կանեն հնարավորինը։ Քաղաքային տնտեսությունը իսկապես դժվար, բարդ կառավարվող գործընթաց է. Երևանի քաղաքապետարանը նախ հսկայական մասնագիտական օգնություն է ցուցաբերել ժամանակին, երբ կառավարման, կադրերի վերապատրաստման գործում խորհրդատվության, տեխնիկական աջակցության կարիք ունեինք՚,- ասաց նա։ Երկու քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության շրջանակներում այս տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել նախագծերի պատրաստման, տեղեկությունների ու փորձի փոխանակման ուղղությամբ. կազմակերպվել են մշակութային, սպորտային, առողջապահական միջոցառումներ։ Մի շարք ծրագրեր ֆինանսավորվել են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ընդ որում՝ չնայած համագործակցությունը Ստեփանակերտի ու Երևանի քաղաքապետարանների միջև էր, ծրագրեր իրականացվեցին նաև Արցախի շրջկենտրոններում։ Ի թիվս այլ ծրագրերի` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ֆինասավորմամբ 2014 թվականին սկսվել է Ազատամարտիկների այգու հիմնադրումը. շնորհիվ այդ նախաձեռնության Ստեփանակերտն այսօր ունի ևս մի գողտրիկ հանգստյան վայր։
Երկու կառույցների միջև այդ համագործակցությունը տարիների ընթացքում աճեց, վերածվելով բարեկամության, և հիմա հաճախ են հյուրընկալում միմյանց, կազմակերպում ոչ միայն գործընկերային հանդիպումներ, այլև փոխադարձ այցեր ու արշավներ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։
Կրթամշակութային կյանքը
Այն Ստեփանակերտում շատ ակտիվ է։ Բոլոր տոն, համապետական նշանակության օրերը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար վերածվում են իսկական տոնախմբության. Ստեփանակերտը հաճախ է հյուրընկալում այլ երկրների մշակութային խմբերի, մենակատարների։ Արցախի մշակույթի օջախները, հանրակրթական դպրոցներն ու մյուս կրթօջախները ևս հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումներով, կազմակերպվում են դպրոցական օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր, տրվում ներկայացումներ։ Վերջին շրջանում ակտիվանալու փորձեր է անում նաև մասնավոր հատվածը. գործող սրճարանները, փաբերը, մեծ ու փոքր հյուրանոցները հաճախորդ գրավելու համար հետաքրքիր նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչը հետաքրքիր է դարձնում քաղաքի առօրյան։ Այնպես որ՝ մրցակցությունը շուկայում իր կանոններն է թելադրում, ինչն աշխատում է հօգուտ քաղաքի զարգացման և աշխուժացման։
Սպորտը՝ նոր որակով
Սպորտը ստեփանակերտցու համար առանձին թեմա է. նրա հանդեպ սիրո առաջին սաղմերը ձևավորվում են նախ ընտանիքում, տեղափոխվում բակ, նախադպրոցական ու դպրոցական հիմնարկներ։ Ստեփանակերտցի մանուկների մեծ մասը, հատկապես տղաները, հաճախում է մարզական խմբակներ, և նրանցից ոմանք լուրջ արդյունքներ են գրանցում արդեն հանրապետությունից դուրս։ Հիշարժան օրերին մշակութայինին զուգահեռ մարզական միջոցառումների կազմակերպումը նույնպես ավանդական է դարձել. նախաձեռնվում են ընկերական հանդիպումներ, հաճախ մրցումներ են անցկացվում տարբեր թիմերի և նույնիսկ ընտանիքների միջև` հասարակության մեջ առողջ ապրելակերպի հիմքերն ամրապնդելու նպատակով։ Ֆուտբոլի, վոլեյբոլի, հանդբոլի թիմեր են գործում որոշ աշխատանքային կոլեկտիվներում, որոնք հաճախ են հանդիպում մարզահրապարակում։ Անցյալ տարի առաջին անգամ Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել էր զանգվածային հեծանվավազք՝ 100 հոգու մասնակցությամբ, նման միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։
Աննախադեպ է այս օրերին Արցախում ընթացող CONIFA-ի առաջնությունը, որի գեղեցիկ, շատերի հիշողության մեջ դեռ երկար մնացող մեկնարկը հունիսի 1-ին տրվեց Ստեփանակերտում։
Այս առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, իր ապագան գեղեցիկ, խաղաղ տեսնող երկիր։ Առաջնությունը կազմակերպելու նպատակով Ստեփանակերտում մարզական հրապարակների, այդ թվում՝ կենտրոնական մարզադաշտի բարեկարգման ու արդիականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, որոնք կնպաստեն քաղաքի սպորտային կյանքի աշխուժացմանը նաև այդ կարևոր միջոցառման ավարտից հետո։ Այնպես որ` CONIFA-ն Արցախում նոր որակի սպորտ ունենալու մեկնարկ է հայտարարում։
Զարգացած ենթակառուցվածքները` բարեկեցության ապահովման նախապայման
Վերջին տարիներին ստեփանակերտցիների համար կարևորագույն խնդիրը, որ տասնամյակների պատմություն ուներ և որը լուծված կարելի է համարել, շուրջօրյա ջրամատակարարումն է։ Այն լուծեց միանգամից մի քանի խնդիր. ոչ միայն մեր բնակարաններում սառը և տաք մշտական ջուր ունենալու՝ ինչը թույլ տվեց ապահովել բարեկեցություն՝ լվացքի և աման լվացող մեքենա և այլն, այլև ստեղծեց հնարավորություն` բազմապատկելու քաղաքի կանաչ գոտիների ծավալը, ապահովելու շատրվանների, ցայտաղբյուրների, ջրավազանների ու լողավազանների անխափան աշխատանքը, որոնք նույնպես քաղաքի ու քաղաքացու բարեկեցության բաղադրատարրերից են։ Հենց շուրջօրյա ջրամատակարարման շնորհիվ է, որ հնարավոր է դարձել ստեղծել նոր ջերմոցներ քաղաքի կանաչապատման համար բույսեր ու ծաղիկներ աճեցնելու համար։ Ցավոք, դեռ մինչև վերջ լուծված չէ ջրի որակի հարցը. Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով` այն օրակարգում է և շուտով լուծում կստանա։ Ստեփանակերտում փողոցների լուսավորության խնդիրը չկա, քաղաքը գազիֆիկացված է` բացառությամբ Արեշ և Աջափնյակ թաղամասերի, որոնք նոր են ձևավորվել, և խնդիրների լուծումը Ս. Գրիգորյանը միայն ժամանակի հետ է կապում։
Խնդիր է դրված վերանորոգել Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի բոլոր տանիքները, բարեկարգել բակերը՝ համապատասխանեցնելով այն ժամանկակից չափանիշներին։ Այդ ուղղությամբ բավականին աշխատանք է տարվել, առաջիկա տարիներին դրանք կշարունակվեն առավել մեծ թափով։
Ստեփանակերտում առկա խնդիրներից առանձնացնել կարելի է բնակարանայինը. 55 հազար 500 բնակիչ (որում երիտասարդները փոքր թիվ չեն կազմում) ունեցող քաղաքի բնակֆոնդը մեծ չէ. եղածն էլ միշտ չէ հասանելի նրանց, ովքեր ցանկանում են ընտանեկան իրենց փոքրիկ անկյունն ունենալ։ Հարցի լուծումը քաղաքի բնակիչներն ակնկալում են ստանալ կառավարության խոստացած շուրջ 500 բնակարանի կառուցման ծրագրի մեկնարկով նաև։
Ստեփանակերտում ավելի քան 300 բազմաբնակարան շենք կա։ Դրանցից 120-ի տանիքը, քաղաքապետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում գնահատվել է որպես վերանորոգման ենթակա։ Հասցրել են կատարել 80 մլն դրամի աշխատանք։ Ծրագիրը շարունակական է լինելու։ Վերանորոգում են նաև քաղաքի վերելակները. դրանց մեծ մասի շահագործման ժամկետն ավարտված է, բայց ընթացիկ վերանորոգումներով դեռևս պահպանում են, քանի որ գործող վերելակների փոխարինումը նորով թանկ հաճույք է. դրանցից յուրաքանչյուրի ծախսը շուրջ 15 մլն դրամ կկազմի։
Ընդհանրապես, վերջին տարիներին Ստեփանակերտը մի մեծ շինհրապարակ է հիշեցնում. այստեղ վերջին տաս տարվա մեջ շինարարության ծավալները միայն աճում են։ Վերջին տարվա խոշոր շինարարական ծրագիրը, որ ավարտվեց, Ստեփանակերտի Մայր եկեղեցու շինարարությունն էր, մինչ այդ շահագործման էր հանձնվել սպայական թաղամասը, բարեկարգվել է Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքը, կառուցվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Զանգակատունը։ Պետք է նշել, որ իրականացված այս աշխատանքների մեծ մասը հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի մաս էին կազմում:
Քաղաքապետարանին հատկացվող պետական ֆինանսական միջոցները տարեցտարի ավելացվում են, ինչը նշանակում է, որ մեծանում է Ստեփանակերտն ավելի բարեկեցիկ և աչք շոյող դառնելու հնարավորությունը։
Կառավարում
Չնայած ԱԺ-ի կողմից ընդունվել է ՙՀամատիրությունների մասին՚ օրենքը և համայնքային կառավարումը պետք է իրականցվեր նրա շրջանակներում, Ստեփանակերտում համատիրություններ չեն ստեղծվել։ Պատճառները օբյեկտիվ են. տեղական ինքնակառավարման մարմինները գտնում են, որ պատրաստ չեն անցում կատարել համատիրական համակարգին, քանի որ այստեղ բազմաբնակարան շենքերը ծայրահեղ վատ վիճակում են, հնարավոր չէ համատիրությունների միջոցով կազմակերպել դրանց պահպանումը, վարձավճարները կլինեն չնչին, ասենք, տանիք վերանորոգելու կամ բակ բարեկարգելու համար։
Քաղաքապետարանի հասցեին հաճախ են քննադատություններ հնչում. հիմնականում դրանք առնչվում են քաղաքի ճարտարապետական տեսքին, անօրեն շինարարություններին կամ ոչ տեղին տրված շինարարական թույլտվություններին, բյուրոկրատական քաշքշուկներին, փաստաթղթաշրջանառության երկար գործընթացներին։ Ինչպե՞ս կմեկնաբանի Ս. Գրիգորյանը դրանք, արդարացված են արդյո՞ք քննադատությունները։ Քաղաքապետը կողմ է կառուցողական քննադատությանը, եթե դրանք տեղին են և միտված շտկելու իրավիճակը։ Ստեփանակերտի ճարտարապետական տեսքը չպահպանելու առնչությամբ ասաց, որ գործում է ճարտարապետական խորհուրդ՝ կազմված համապատասխան մասնագետներից։ Որոշումները քաղաքում իրականացվող այս կամ այն խոշոր շինարարության կամ վերանորոգման ենթակա օբյեկտի մասով ընդունվում է այդ խորհրդի եզրակացության հիման վրա, այնպես որ` այդ առումով քննադատություններին չպետք է անվերապահորեն մոտենալ. այն հաճախ ճարտարապետների՝ իրար գործերի խանդով վերաբերվելու, կամ այլ ճաշակ ունենալու արդյունք է համարում։
Դրան զուգահեռ ընդունում է, որ անհնար է բոլոր այդ հարցերը կարգավորել և շինարարության մասով հեռանկարային զարգացում ապահովել` Ստեփանակերտի գլխավոր հատակագծի բացակայության պայմաններում։ Ե՞րբ կլինի` հարցին ի պատասխան քաղաքապետն ասաց, որ գլխավոր հատակագծի գծագրումը նախաձեռնել են, ճարտարապետական առաջադրանքը պատրաստ է, նախագիծը պատվիրված է։ Հույս ունեն, որ կունենանք հատակագիծ, որի շրջանակներում կտարվեն հետագա աշխատանքները։
Իսկ ի՞նչ բովանդակությամբ են հիմնականում լինում քաղաքապետին հասցեագրված բողոքներն ու դիմումները։
Բնականաբար՝ կենսապայմանների բարելավման, բնակարանների, տանիքների վերանորոգման և անձնական բնույթի այլ հարցեր։
Քաղաքի հրատապ լուծման ենթակա խնդիրներից քաղաքապետն առանձնացնում է տրանսպորտի կազմակերպումը. մայրաքաղաքի փողոցները նախագծված են այնպես, որ չեն համապատասխանում տարեցտարի ավելացող մեքենաների հոսքին, չկան բավարար տարածքներ՝ նախատեսված կանգառների ու կայանատեղերի համար։ Երթևեկությունը քաղաքում բավականին դժվարացել է և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա։ Լուծումը կապում են նաև ծայրամասային փողոցները բարեկարգելու միջոցով կենտրոնը բեռնաթափելու գործընթացի, հնարավորության սահմաններում նոր բարեկարգվող փողոցների լայնացման հետ։
ՙՁեռքբերումներն ակնառու են, բայց դա չի նշանակում, որ բավարարված ենք։ Երբ ես ընտրվեցի այս պաշտոնում, խնդիր էի դրել նախ լուծել քաղաքի աղբանոցի տեղափոխման հարցը և բարեկարգել ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի շրջապատը,- մեր զրույցի ընթացքում ասաց Ս. Գրիգորյանը։- Հուշարձանի տարածքն արդեն բարեկարգ է, այն զբոսաշրջիկների ու քաղաքի բնակիչների համար հարմարավետ զբոսատեղի է։ Աղբանոցի տեղակայվածության պատճառով լուրջ խնդիրներ ունեինք արդեն. այն ոչ միայն աղտոտում էր Ստեփանակերտ-Ասկերան-Գանձասար երթուղին, այլև խանգարում էր ուղղաթիռների աշխատանքին, քանի որ թռչունների երամներ էին անընդհատ պտտվում այդ տարածքում՚։ Խնդիրը լուծված է, բացի այդ, ներկայումս մասնավոր հատվածի կողմից աղբի ծավալների ուսումնասիրման աշխատանքներ են տարվում` պարզելու համար, թե հնարավո՞ր է այստեղ աղբամշակման գործարան կառուցել։
Իհարկե, նշածները Ստեփանակերտի խնդիրներից միակը չեն։ Դրանք շատ են, բայց և լուծելի։ Իսկ լուծումը ժամանակի և ճիշտ կառավարման հարց է։