ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է
Հունիսի 20-ին Արցախի Հանրապետությունում գործող ՙԱդրբեջանից հայ փախստականների միություն՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի թեման ՙՓախստականները Լեռնային Ղարաբաղում. իրավիճակը և հիմնական խնդիրներն՚ էր։
Ներկա էին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ Արարատ Օհանջանյանը և Ռոմելա Դադայանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կառավարության, արտաքին գործերի նախարարության, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, հասարակական կազմակերպությունների, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փախստականներ։
Կլոր սեղանը բացեց ՙԱդրբեջանից հայ փախստականների միություն՚ ՀԿ նախագահ Սարասար Սարյանը։ Նա համառոտ ներկայացրեց կազմակերպության հիմնադրման օրվանից (1988թ.) մինչ օրս արված աշխատանքները։ ՙԱԱ՚-ն բազմիցս լուսաբանել է Միության գործունեությունը, ուստի համառոտ ներկայացնենք հիմնական ուղղությունները. հանրակացարաններում և բնակության համար հարմարեցված այլ շինություններում փախստականներ տեղավորելը, Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնատեղահանված անձանց կողմից փախստականների ներքին կարգավիճակ ստանալը նախաձեռնելը, Արցախ տեղափոխվելու հետ կապված ծախսերի դիմաց նյութական փոխհատուցում տրամադրելը, կացարանի վարձավճարի դիմաց փոխհատուցումներ տալը և այդպես շարունակ։ Այնուհետև Ս. Սարյանը ներկայացրեց փախստականների հիմնական խնդիրները. բնակարանների հարցը, աշխատանքի տեղավորման, սոցիալական ուղղվածության և այլ հարցեր։ Բայց ամենագլխավորն ու օրախնդիրը փախստականի միջազգային կարգավիճակ ստանալու հարցն է։
Այնուհետև ելույթ ունեցավ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը։ Նրա խոսքով` բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք հնչեցին, ունեն նաև բնակչության մյուս` սոցիալապես խոցելի կատեգորիաները. մինչ օրս վերջնականապես լուծված չեն զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան և Ապրիլյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամների, բազմազավակ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների սոցիալական հարցերը։ Ինչ վերաբերում է մինչ օրս հանրակացարաններում ապրող փախստականների տարաբնակեցմանը, Ս. Ավանեսյանը նշեց, որ դա շատ բարդ հարց է, քանի որ հանրակացարաններում ապրում են ոչ միայն փախստականներ, այլև ուրիշ ընտանիքներ դեռևս խորհրդային ժամանակներից՝ հիմնականում այն ձեռնարկությունների նախկին աշխատողները, որոնց ենթակայության տակ էր այս կամ այն հանրակացարանը։ Հանրակացարանը բազմաբնակարան շենքի վերակառուցելը նույնպես ձեռնտու չէ, քանի որ ավելի քիչ բնակարաններ կստացվեն, քան այնտեղ ապրող ընտանիքներն են։
Նախարարի խոսքով, նրանց նախաձեռնությամբ 2018 թվականից հանրապետության շրջաններում ապրող փախստականներին շինանյութեր են տրամադրվում (բացի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններից, քանի որ այդ շրջաններում բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվում)։ Ս. Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն իր ուսումնասիրությունն է անցկացրել, որի արդյունքները ցույց են տալիս, որ փախստականների կողմից բարձրացվող հարցերն այդքան էլ բարդ չեն, և փախստականներից շատերն արդեն լուծել են իրենց սոցիալական խնդիրները՝ ոմանք սեփական ուժերով, ոմանք պետության աջակցությամբ։ ՙԱյնպես որ, մտածում եմ, որ ամենամոտ ապագայում կկարողանանք բավարարել տվյալ կատեգորիայի անձանց բոլոր պահանջները՚,- իր խոսքը եզրափակեց նախարարը։
Հետո խոսքը տրվեց Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանին։ Պատմական մի փոքր էքսկուրս կատարելով՝ Ա. Բեգլարյանը նշեց, որ սահմանափակված են ոչ միայն Արցախում ապրող փախստականների, այլև Ադրբեջանից բռնատեղահանված բոլոր հայերի իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` նա բազմիցս այդ առիթով միջազգային ատյաններ է դիմել և կշարունակի այդ գործունեությունը։ Նա համոզված է, որ Արցախում ապրող փախստականները պետք է միջազգային կարգավիճակ ու պարտադիր կերպով փոխհատուցում ստանան։ Օմբուդսմանն առաջարկեց ևս մեկ անգամ հավաքվել ու այդ հարցն ավելի մանրամասն քննարկել։
Այնուհետև ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ, որոնք նույնպես առաջարկեցին այդ հարցերը խորհրդարանում բարձրացնել ու քննարկել:
Ելույթներից հետո Ս. Սարյանը ներկաներին առաջարկեց բարձրաձայնել առավել հրատապ հարցերը:
ՙԱզատ Արցախ՚ թերթի առաջին հարցը հասցեագրված էր Արտաքին գործերի նախարարությանը. 30 տարի շարունակ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանից հայ փախստականները պետք է միջազգային կարգավիճակ ստանան, Արտաքին գործերի նախարարությունը կոնկրետ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում այդ հարցի լուծման համար: ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել, բայց վստահ է, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, թեև, ցավոք, առայժմ արդյունքներ չկան: Երկրորդ հարցն ուղղված էր ՙԱդրբեջանից հայ փախստականների միության՚ նախագահ Ս. Սարյանին. Հայաստանը համագործակցում է Արցախի հետ կենսագործունեության բոլոր բնագավառներում, ինչու՞ Հայաստանում փախստականների հարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններն Արցախը չեն ներգրավում իրենց ծրագրերում: Սարյանի խոսքով, համագործակցություն կա, բայց ոչ մեզ համար ցանկալի մակարդակում: Մի քանի անգամ համատեղ գործունեության քայլեր են ձեռնարկվել, բայց դրանք հաջողություն չեն ունեցել:
Կլոր սեղանի արդյունքներով մասնակիցները Հայտարարություն ընդունեցին` ուղղված համաշխարհային հանրակցությանը: Ստորև ներկայացնում ենք Հայտարարության տեքստը:
Հայտարարություն
Կտտանքների ու հալածանքների ենթարկվելով` մենք, Ադրբեջանից հայ փախստականներս, արդեն 30 տարուց ավելի ապրում ենք Արցախի Հանրապետությունում, մինչ օրս փախստականի միջազգային կարգավիճակ չունենք` չնայած այն բանին, որ փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի Կոնվեցիայի համաձայն, փաստաթղթի բոլոր կետերով համապատասխանում ենք այդ բնորոշմանը:
Ակնհայտ են մարդու իրավունքների ոտնահարումը, հասցված բարոյական, նյութական և հոգեբանական վնասը: Ջարդերի և բռնի տեղահանությունների ենթարկվելով, Ադրբեջանում թողնելով սերունդներով կուտակած ողջ ունեցվածքը` մենք նախկինի պես դուրս ենք մնում միջազգային ատյանների տեսադաշտից: Արցախի Հանրապետության չճանաչված լինելը վկայակոչելը հարուցում է ոչ միայն փախստականների, այլև ողջախոհ համայն հասարակայնության տարակուսանքը: Օրենքները գրվում են մարդկանց համար, այդ թվում նաև ՄԱԿ-ի Կոնվենցիաները, և կարևոր չէ` որտեղ են այդ փախստականներն իրենց համար օթևան գտել` ճանաչված, թե չճանաչված պետությունում:
Մենք, Արցախում ապրող` Ադրբեջանից հայ փախստականներս, նորից մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր ամենքի հայտարարում, որ մենք կանք, որ մենք ու մեր երեխաները ցանկանում ենք արժանապատիվ կյանք վարել այս հողում:
Ուստի մենք պահանջում ենք ճանաչել փախստականների միջազգային կարգավիճակ ստանալու մեր իրավունքը:
Ստեփանակերտ,
20 հունիսի, 2019թ.