ԱՌԱՔԵԼ. ՀՊԱՐՏ ԳՅՈՒՂԻ ԱՌՕՐՅԱՆ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Անտառազուրկ բլուրների ու ամառվա կիզիչ արևից խանձված դաշտերի մեջ Հադրութի շրջանի Առաքել գյուղն օազիս է թվում այցելուի համար: Այստեղ տները կորած են բերքատու ծառերի մեջ: Վաղնջական ժամանակներում այդ կողմերում քրիստոնեություն տարածող երկու առաքյալներից Թադեոսի պատվին անվանակոչված այս բնակավայրը Արցախի հին և հարուստ պատմություն ունեցող գյուղերից է, այստեղ 19-րդ դարում ծխական դպրոց է գործել, մետաքսագործական ֆաբրիկա: ՙՄեր մետաքսը Ֆրանսիա էր հասնում՚,- ամենայն լրջությամբ ասում են գյուղի տարեցները: Դեռևս խորհրդային տարիներին առաքելցիները հող ու քարի հետ գլուխ չդնող, քաղաքային կյանքով ապրողների համբավ ունեին: Հարևանությամբ գտնվող Ջեբրայիլի շրջանի կիսագրագետ ու շողոքորթ բնակչության համար գյուղի հայ ՙմուալիմները՚ անառարկելի հեղինակություն, իրենք էլ հարմար շուկա էին վերջիններիս համար:
1991-ի ամռան սկզբին գյուղը բռնատեղահանվեց. առաջինը խորհրդային բանակը մտավ գյուղ, եթե չլիներ նրանց օգնությունը, ադրբեջանցիները հազիվ թե համարձակվեին այդ քայլին գնալ: Տարբեր պատճառաբանություններով գյուղի 37 բնակչի (այդ թվում` յոթ կնոջ), տարան իրենց հետ, հետագայում նրանցից վեցի հանդեպ դատական գործ հարուցվեց:
Կարճ ժամանակ ադրբեջանցին իրեն դուր եկած անունով կոչեց գյուղը՝ Խաթայի. այստեղից-այնտեղից ցեղակիցներ էին բերել, բնակեցրել: Մի քանի անգամ գյուղի երիտասարդները գիշերով ջնջել են մուտքին մեծ տառերով գրված օտար անունը: Առաքելը հակառակորդի վերահսկողության տակ քիչ է մնացել, սակայն ժամանակավոր տերերը հասցրել են հիմնահատակ ավելել այն, գյուղում քարը քարին չէր մնացել, միակ կիսականգուն շինությունը սբ Աստվածածին եկեղեցին էր, որը չէին կարողացել քանդել անգամ տեխնիկայի օգնությամբ: Վերադարձած առաջին առաքելցիները սեփական տան տեղը չէին կարողանում գտնել: ՙՄեր գտածը գյուղատեղի էր, կենտրոնում աճող հարյուրամյա չինարիների օգնությամբ կողմնորոշվեցինք՚,-ասում է ներկայիս համայնքի ղեկավար Սեյրան Գրիգորյանը: Պետք էր սկսել ամենասկզբից՝ փորել առաջին տան հիմքը, նորը կառուցել: 1993-ից Առաքելում շինարակական աշխատանքներ են իրականացրել տարբեր կազմակերպություններ: Առաջին ու ամենածավալուն աշխատանքները ՙՖրանս-Ղարաբաղ՚ բարեգործական կազմակերպությունը Լիոնի հայության նվիրատվությամբ է իրականացրել։ 96-ին վերադարձողներին արդեն 15 բնակելի տուն էր սպասում: Գյուղացիների խոսքով` հետագայում արագ կառուցված տները շատ արագ էլ նորոգման խնդիր առաջացրին: Սեփական և շրջվարչակազմի միջոցներով այդ տները վերանորոգվել են ըստ առաջնահերթության:
1980-ականներին շուրջ 300 բնակիչ և 80 տուն ունեցող Առաքելում այսօր ընդամենը 100 բնակիչ ու 30 ընտանիք է ապրում: Հինականում անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում: ՙԱմեն ընտանիք միջինը 15-20 խոշոր եղջերավոր անասուն է պահում,-ասում է համայնքապետը: -Մսի իրացման խնդիրներ չկան: 20 աշխատատեղ դպրոցն է ապահովում, նաև` համայնքապետարանը, մանկապարտեզը, փրկարար ծափայության հենակետ է գործում, երիտասարդներից մի քանի հոգի էլ այդտեղ են աշխատում: Աշխատատեղեր է տրամադրել նաև ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Հադրութի մասնաճյուղը: Այնպես որ` աշխատատեղերի խնդիր, կարելի է ասել, չունենք՚: Վերջին տարիների հացահատիկայինների մշակությամբ գյուղում շատ քիչ են զբաղվում ցածր բերքատվության ու գյուղտեխնիկայի պակասի պատճառով: Ժամանակին այդ խնդիրը լուծում էր Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ Բանաձորի ենթաշրջանի համար գործող ՄՏԿ-ն, սակայն վերջերս այն լուծարվել է: Ըստ գյուղապետի` ներկայում գյուղին պատկանող մոտ 300 հա վարելահողերից ըստ նշանակության օգտագործվում է միայն 30 հա-ն:
Գյուղացիները վերջին տասնամյակի կարևոր նվաճումը խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծումն են համարում: Առաքելում գործարկվել են արտեզյան ջրհորեր, անցկացվել ջրատար, կառուցվել ներքին ջրատար ցանց: Ժամանակին երևանաբնակ համագյուղացի Արարատ Հովհաննիսյանն է ձեռք հասցրել, նրա միջոցներով գյուղի դպրոցն է վերանորոգվել, հայրական տունը վերակառուցվել և ծառայում է որպես մանկապարտեզ: Նախադպրոցական այս հիմնարկի վարիչ Ռուզաննա Այվազյանի տեղեկատվությամբ` հաճախում են ոչ միայն համայնքի, այլև հարևան Մեխակավանի երեխաները: Նախկինում հովանավորչական միջոցներով գործող մանկապարտեզն այսօր արդեն պետական հոգածության տակ է:
Գյուղում մեր ուշադրությունը գրավեց նոր բնակելի տան շինարարությունը: Գրիգորի Գրիգորյանը որդու տունը սեփական ձեռքերով է կառուցում: Նախկին զինվորականը հերթով գյուղի զարգացումը խոչընդոտող խնդիրներն ու դժվարություններն է թվարկում: Նրա խոսքով` տան կառուցումը երկար նախապատմություն ունի: ՙՄինչև պետական ծրագրով հատկացվող 3 մլն-ը ստանալը հազար ու մի դուռ ենք բախել: Լավ կլինի էդ գործընթացը կարգավորվի, ում հասնում է՝ ժամանակին տան էդ գումարը՚,-նկատում է նա: Նաև տարեցտարի ավելացող անմշակ հողերի պատճառով է ցավ ապրում: ՙՎար ու ցանքսը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր կարող ես ձգել, բայց բերքը հավաքելը մի քանի օր է տևում, չհասցրիր՝ բերքդ կորած է,- ասում է նա: -Բացի այդ, երիտասարդությանն աշխատանքի տեղավորելու հարցում գյուղերում հատուկ ուշադրություն է պետք,, թե չէ` մարդը թոշակի տարիքը վաղուց հատել է, բայց չի ուզում թողնել աշխատանքը, ջահելներն էլ հեռանում են, լավագույն դեպքում` Ստեփանակերտ՚: Գ. Գրիգորայնի երեք զավակներից միայն մեկն է գյուղում բնակվում, մյուս տղան ու աղջիկը Ռուսաստան են տեղափոխվել: ՙՈւզում եմ, որ հետ գան, տեսնենք՚,- ասում է նա: Առաքելի կազմում ընդգրկված են նաև Սարալանջ, Քարագլուխ, Ջրաբերդ և Կարմրաքար գյուղերը: Ազատագրվելուց հետո Սարալանջում 14 տուն է կառուցվել, սակայն այսօր երեք ընտանիք է ապրում: Ձորագյուղում 9 ընտանիք է ապրում: Մինչ բռնագաղթը 70 ընտանիք ունեցող Քարագլուխում այսօր ընդամենը մեկ ընտանիք է ապրում: Բարերար Մաքսիմ Աթայանցի միջոցներով երեք տուն է կառուցվել, երկուսի շինարարությունը մինչև վերջերս շարունակվում էր, այժմ աշխատանքները դադարեցված են: Բարերարը ի սկզբանե ցանկություն է հայտնել այդ տները տրամադրել միայն աճող ընտանիքների: Սպասողական վիճակում ենք` կատակում է գյուղապետը: Ժամանակին Ֆրանս-Ղարաբաղը շատ հետաքրքիր ծրագրեր էր ուզում գործարկել, գյուղի մուտքի մոտ եռահարկ անավարտ շինություն կա, որը նախատաեսված էր ռեստորանի, հյուրանոցի, ու խաղատան համար, երկար տարիներ չգործարկված շինությունն այսօր քանդվում է:
Ապրիլյան պատերազմից հետո ընտանիքներ են հեռացել գյուղից: Այս փաստը գյուղապետը ցավով ու ափսոսանքով է նշում` թվարկելով նրանց: Դժվար է նրանց մեղադրելը, այստեղ ապրելը դժվար է, գյուղը շատ է կտրված կենտրոնից: Բացի այդ, գիտակցումը, որ այստեղ դու նաև սահման ես պահում, ու այդ սահմանին ամեն պահ կարող է պատերազմ բռնկվել` տագնապալի է դարձնում առօրյան:
Գյուղում աչքի է զարնում երկհարկանի դպրոցի բարետես շենքը, որը կրում է Արցախյան պատերազմում նահատակված շրջանավարտ Սլավիկ Սեյրանյանի անունը: Ժամանակին կառուցումն սկսել էր Ֆրանս-Ղարաբաղ կազմակերպությունը, շարունակվել ու ներքին հարդարման աշխատանքներն ավարտին է հասցվել պետական միջոցներով: Փոխտնօրեն Արև Համբարձումյանի տեղեկատվությամբ` 34 աշակերտ ունի դպրոցը, 11 աշակերտ հարակից գյուղերից են գալիս: Մասնագետների պակաս չունեն: Հիմնական խնդիրը մարզադահլիճի բացակայությունն է: Հայոց լեզվի և գրականության մասնագետ փոխտնօրենը գոհ է աշակերտներից, ՙՄեր ամենամեծ ուրախությունն այն է, որ Առաքելի երեխաներն ավագներից ժառանգել են գրքի ու գիտության հանդեպ սերը, չեն բավարարվում դասագրքային ծավալով, կարդում են բոլոր սկզբնաղբյուրները՚,-ասում է նա: Նադյա Ավետիսյանը 45 տարի գյուղի գրադարանավարն է եղել: Այն մարզում օրինակելի գրադարան էր համարվում, ստուգողները միշտ հիանում էին մեր գրադարանի կարգ ու կանոնով, գրքի հանդեպ մեր բնակչության վերաբերմունքով` ասում է նա ու ավելացնում, որ հարուստ գրադարանի կորուստը ևս մեծ ցավ էր իր համար: ՙԱնձնական հարուստ գրադարաններ ունեցողնեը նույնպես քիչ չէին, միայն 7 պահարան գիրք մեր դպրոցի տնօրենը` Երվանդ Աբրահամյանն է թողել՚:
Ուսուցիչներն անմար են պահում դարի լավագույն մանկավարժ Երվանդ Աբրահամյանի հիշատակը: Նրա ձեռքով են արված հայոց լեզվի ու գրականության դասասենյակի հայ եւ օտար հեղինակների նկարները: Հանրապետությունում ճանաչում ունեցող մանկավարժի մտահղացումն էր նաև դպրոցական թանգարանի ստեղծումը, որտեղ ի ցույց են դրված Առաքելի հնամենի պատմության իրեղեն ապացույցները: Գյուղի նահապետը հասցրել է նաև այդ պատմությունը շարադրել մի քանի հատոր կազմող մատյաններում:
ՙՄենք ամեն ինչ կորցրել ենք, բայց առաքելցու հպարտ ու հայրենասեր տեսակը կարողացել ենք պահել, գուցե հայրենասիրություն բառն այսօր այնքան է տեղի-անտեղի օգտագործվել, որ մի տեսակ իմաստազրկվել է, սակայն մեր կողմերում այդ բառը զուր տեղը չեն օգտագործում,-ասում է Ա. Համբարձումյանը: - Առաքելում ապրում են` սեփական ծննդավայրի դժվար առօրյան հաղթահարելով, լավատես մնալով ու որևէ այլընտրանք չընդունելով, միթե դա չէ իրական հայրենասիրությունը՚: