ԿԱՐՈՏ՝ ՀՈՒՅՍԻ, ՍՊԱՍՈՒՄԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՈՎ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Կիզիչ արևից հնարավորինս խուսափելու համար գործուղման էինք ճանապարհվել վաղ առավոտյան: Ասկերանի շրջանի Դահրավ հինավուրց բնակավայրը մայրաքաղաքից՝ 19, իսկ շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա է գտնվում: Ճանապարհներն այստեղ դեռևս շարունակում են անբարեկարգ մնալ:
Տեսադաշտում հրաշագեղ բնությունն էր, իսկ տպավորությունն` այնպիսին, ասես գյուղում բնակիչները շատ քիչ են, կամ էլ՝ դեռ քնից չեն արթնացել: Տնամերձ բանջարանոցներից ու մեղվի փեթակներից կարելի էր հասկանալ, որ գյուղում ամեն ընտանիք իր նախընտրած զբաղմունքն ունի: Իսկ գյուղի ամենագեղեցիկ տունը, որն աչքի է ընկնում բաց պատշգամբի ներսի պատից կախված դիմանկարով ու գունազարդ դարպասով, հուշում էր, որ տանտերն արվեստասեր մարդ է, ավելի կոնկրետ՝ նկարիչ: Այսպես գոց դարպասներին նայելով, ենթադրություններ էինք անում, մինչև դրանք ընդհատվեցին հեռվից լսվող աշխույժ կանչով. ՙԵկեք, Գորշուկս նստեք ու ձեր բախտը բացեք՚:
Իմ առաջին զրուցակիցը բավականին կատակասեր Էդուարդ պապիկն էր, ով ավանակը թամբած, հեռվից ձայնելով մոտենում էր: Գորշուկի վարդագույն թամբիկը՝ նախատեսված հյուրերի համար, պապիկն առաջարկեց նաև ինձ: Բավականին զարմացա, երբ հետո գյուղացիներից պարզեցի, որ այդչափ աշխույժ ծերունին տարիներ առաջ մեկուսացվել էր, պարփակվել, դարձել ինքնամփոփ: Ինչպես ասում են գյուղացիները՝ ի զարմանս բոլորի, այսօր Էդուարդ պապիկի մոտ ակնհայտ ակտիվություն է, կարծես երկրորդ կյանք է ապրում: Պապիկը չխուսափեց զրույցից, բայց արագ վերադառնալու խոստումով ներողություն խնդրեց ու շտապ հեռացավ: Րոպեներ անց ներկայացավ բարետես ու կոկիկ կեցվածքով՝ սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ, հարդարված մազեր…Իմ երկիմաստ ժպիտը, որը հնարավոր չէր թաքցնել, ավելի էր ոգևորում նրան: Ես այլընտրանք չունեի, պապիկին հրավիրեցի զրույցի:
81 տարեկան է: 1954 թվականից ապրում էր Սումգայիթում: Աշխատում էր տեղի քիմիական կոմբինատում: Նաև ճանաչված բրիգադավար էր, ինչպես ինքն է իրեն բնորոշում՝ սուպերպրոֆեսիոնալ մասնագետ, բոլորին օգնող ու միշտ պատրաստակամ: Երբ 1988-ին ադրբեջանական իշխանություններն սկսեցին Սումգայիթի հայության կոտորածը, Էդուարդը վերադարձավ հայրենիք: Առաջին հայացքից կենսուրախ թվացող տարեց մարդուն, պարզվում է, դառը ճակատագիր է բաժին հասել: Հենց բեկումնային այդ ժամանակաշրջանում Կասպից ծովում խեղդել էին 18-ամյա դստերը: Այսօր կնոջ հետ երկու զավակների կարոտն է ամեն պահի զգում: Տղան Ռուսաստանում է, աղջիկը՝ Ստեփանակերտում: Այո, կարոտում է զավակներին, բայց չի դժգոհում: Խոստովանում է, որ չնայած որդու՝ ծնողներին ռուսաստաններ տանելու համոզումներին, միևնույն է, չի համաձայնում: Էդուարդ պապիկի հիմնական զբաղմունքն այսօր հողագործությունն է, ձեռքի հետ էլ՝ գյուղ եկող-գնացողներին աշխույժ պահելը: Իսկ հրաժեշտից առաջ կատակով ասաց, որ անգամ պատրաստ է իր 80-ամյա պառավին փոխարինել երկու քառասունամյայով…
Վալերի պապիկն ու Նաիրա տատիկը նույնպես գյուղի ամենատարեց բնակիչներից են: Նրանց հանդիպեցինք իրենց կիսախարխուլ տան նախասրահում: Առավոտ վաղ արթնացել, տնամերձ ծառուայգին էին մշակում: Իմ նախորդ զրուցակցի նման նրանք ևս ապրում են գյուղում, զավակների կարոտով՝ տարբերությամբ, որ հայրենիքից հեռու բնակություն հաստատած զավակներն անգամ չեն էլ հիշում ծնողներին: Հարցիս, թե վերջին անգամ երբ են զավակները գյուղում եղել, զառամյալ ծնողներն իրար նայեցին, և փորձելով զսպել արցունքները՝ գլուխները կախեցին…Նրանց բարձրաձայն լռությունից ամեն ինչ պարզ էր…
Այսքանով հանդերձ, նրանք չեն չարացել, աշխարհի հանդեպ չարությամբ չեն լցվել: Ընդունելով ճակատագրի հարվածը, ավելի են ՙկարծրացել՚: Չեն դժգոհում…Ումի՞ց դժգոհեն. իրենց զավակների՞ց: Ծնողները երբևէ քեն չեն պահել սրտում: Անկախ ամեն ինչից` նրանց կարոտը, սերն ու երջանկությունն իրենց զավակների անունն ունեն: Վիշտն ու տառապանքն ավելի են մտերմացրել ամուսիններին: Իրար թև ու թիկունք կանգնելով՝ ապրում են սիրով ու միմիանց հանդեպ հոգատարությամբ: Հեռուստացույցն իմ զրուցակիցների անբաժան ընկերն է: Պապիկն ասում է, որ հետևում է Արցախի հանրային հեռուստատեսության գրեթե բոլոր հաղորդումներին: ՙՄեզ համար մեր սեփական տնից, մեր չորս պատից առավել հանգիստ անկյուն չկա աշխարհում: Անդառնալիորեն կապված ենք մեր հող ու ջրին: Այստեղ մեր հարազատների շիրիմներն են, և մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա՝ թեպետ գնալու տեղ էլ չունենք,- անկեղծանում են նրանք և ավելացնում,- ինչքան մեծանում ենք, կարոտն այնքան խորանում է՚:
Այո, խտացված կարոտ կար նրանց աչքերում՝ հույսի, սպասումի արտացոլանքով: Իսկ կիսաքանդ ու գրեթե դատարկ տունն ու տնամերձ փոքրիկ բանջարանոցը զառամյալ ամուսինների համար մի ամբողջ աշխարհ է: Ապրում են հույսով, որ մի օր զավակները կբացեն վաղուց արդեն դատարկ իրենց տան և հոգու դռները: