ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՀ ոստիկանությունը տարվա կտրվածքով հանրապետության տարածքում երկու անգամ համալիր միջոցառում է իրականացնում թմրանյութերի բացահայտման, ապօրինի զենք-զինամթերքի պահպանման ուղղությամբ։ Հերթական միջոցառումը ՙԿակաչ-կանեփ-2019՚ վերտառությամբ, անցկացվեց հունիսի 14-27-ը։
Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստուգումների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 164 թուփ՝ մշակված և խնամված, 19,66 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, 12,13 գրամ կակաչի բույսի սերմեր, 0,62 գրամ կակաչի բույսի գլխիկներ և 3316,7 կգ վայրի աճած կանեփի թփեր։
Զենք-զինամթերքի առումով հայտնաբերվել և առգրավվել է 1 միավոր ՙՄուխա՚ տեսակի հակատանկային նռնականետ, 2 հատ ՙՖ-1՚ և 2 հատ ՙՄ-75՚ տեսակի նռնակ՝ իրենց պայթուցիչներով, 320 հատ փամփուշտ, 4 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 1 օդաճնշիչ հրացան՝ ձևափոխված մարտականի, 1 հատ ՙՖ-1՚ տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 ՙԲերդանկա՚ տեսակի ակոսափող հրացան և 1 ՙԱԿ-74՚ տեսակի ինքնաձիգ։
ԱՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆելիքս Հարությունյանի տեղեկատվությամբ` հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ օրենսդրի սահմանմամբ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Ի դեպ, եթե նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարք կատարելու համար օրենսդիրը նախատեսել է ավելի խիստ պատժամիջոց, ապա հոդվածի 5-րդ մասում հստակ ամրագրել է, որ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում?
ՙԱրցախի Հանրապետության ոստիկանությունը հորդորում, դիմում է երկրի բնակչությանը՝ իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Այդկերպ նման անձինք կազատվեն ոչ միայն քրեական պատասխանատվությունից, այլև կկանխվեն զենքի հետ ոչ ճիշտ վարվեցողության հետևանքով հնարավոր դժբախտ պատահարները։ Կոչ ենք անում օգտվել օրենքի տրամադրած բացառիկ հնարավորությունից և օր առաջ չեզոքացնել վտանգի աղբյուրները՚,- ասաց Ֆ. Հարությունյանը։