ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Համահայկական բժշկակական 5-րդ համագումարի շրջանակներում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 1-ից Արցախում մեկնարկել է Համահայկական բժշկական 5-րդ համագումարը և հուլիսի 3-ից շարունակվել Հայաստանում։ Համագումարի շրջանակներում կազմակերպվել էին նաև բուժքույրերի սիմպոզիումներ։ Հուլիսի 1-ին բուժքույրերի սատելիտ սիմպոզիում է կազմակերպվել Տավուշում, հուլիսի 2-ին՝ Երևանում(ՀՀ մարզերից մասնակցում էին 486 բուժքույր) և վերջին օրը՝ հուլիսի 10-ին, համագումար Ստեփանակերտում: Մասնակցեցին ԱՀ, ՀՀ և ԱՄՆ բուժաշխատողները։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Հանրապետական բժշկական կենտրոնի(ՀԲԿ) տնօրեն Կարեն Բազյանը, ՀՀ և ԱՄՆ բուժքույրերի ասոցիացիաների պատասխանատուներ ու բարձրակարգ մասնագետներ։
ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը ՀԲԿ-ի կոնֆերենց- դահլիճում կայացած բուժքույրերի համագումարի մասնակիցներին ողջունելուց հետո կարևորեց բուժքույրերի գիտելիքների որակավորման բարձրացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները։ Հենց ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախաձեռնությամբ 2010թ. Արցախում ստեղծվեց ՙԲուժքույրերի միավորում՚-ը։ Տարին 2-3 անգամ հայաստանյան գործընկերները լինում են Արցախում և պարբերաբար կազմակերպում տարբեր թեմաների շուրջ սեմինարներ։ ՙ2015թ. մենք հայտարարեցինք, որ ամեն տարի բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված մշակված ծրագրերով կայցելենք Արցախ։ Այս անգամ անդրադարձանք ներհիվանդանոցային վարակների կանխարգելման խնդիրներին, բուժաշխատողի էթիկայի նորմերին, մասնագիտական արտահագուստին և դրանց հետ առնչվող այլ թեմաների։ Քանի որ բուժքույրերն ավելի շատ են շփվում հիվանդի հետ, քան բժիշկը, ուստի նրանք պետք է ունենան բարձրորակ ու համապարփակ գիտելիքներ, լինեն բանիմաց, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում ժամանակակից բժշկության ոլորտում՚,¬ ասաց Գ. Ստեփանյանը։ Նա նաև նշեց, որ չի կարելի թերագնահատել բուժքույրերին և, ինչպես արտերկրում, այնպես էլ մեր հայրենիքում, պետք է փոխվի մտածելակերպը ու որոշակի աշխատանքներ տարվեն իրավական դաշտում, որպեսզի բուժքույրն ունենա բարձրագույն կրթություն, ինչպես արդեն ընդունված է առաջատար երկրներում։ Բուժքույրը բժշկի կցորդը չէ և նա պետք է այնչափ որակավորում ստանա, որ կարողանա առանձին գործառույթներ իրականացնել։ ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախագահի խոսքով՝ հայտնի է, որ արտակարգ դեպքերում, մանավանդ Արցախում տիրող պատերազմական իրավիճակում, բուժքույրերը պետք է պատրաստված լինեն։ ՙԲայց մի մտածեք, որ մենք եկել ենք այստեղ բուժքույրերին միայն գիտելիքներ փոխանցելու: Մենք ևս սովորելու բաներ ունենք տեղի բուժքույրերից, որովհետև նրանցից շատերը եղել են ռազմի դաշտում և ավելի արագ են կողմնորոշվում արտակարգ պայմաններում։ Մեր ասոցիացիան բազմիցս դիմել է համապատասխան մարմինների՝ իրավական դաշտում բուժքույրերի մասով փոփոխություններ մտցնելու առումով, որովհետև դա արդեն ժամանակի պահանջ է։ Ու միայն հմուտ ու բանիմաց բուժքույրը պահանջված կլինի առաջատար կլինիկաներում՚,¬ ասաց Գ. Ստեփանյանը։ Երբ 2010թ. Արցախում որոշվեց ստեղծել բուժքույրերի միավորում, փոքր-ինչ տարաձայնություններ կային, սակայն Գ. Ստեփանյանը խոստացավ, որ ամեն ջանք կգործադրվի միավորումը չլուծարելու համար։ Այդ առումով նա շնորհակալություն հայտնեց ամերիկահայ բուժքույրերին, ովքեր իրենց հերթին երկար ճանապարհ կտրելով` պարբերաբար օգնության ձեռք են մեկնում, աջակցում տարբեր հարցերով։ Ծրագրի շրջանակներում ԱՄՆ բուժքույրերը ասոցիացիային նվիրել են որոշ բուժպարագաներ, դրանց կիրառման նոր մեթոդները փոխանցել բուժքույրերին, որպեսզի վերջիններս էլ այդ գիտելիքները փոխանցեն մյուսներին։
ԱՀ առողջապահության նախարար Ա. Բաղրյանն աննախադեպ համարեց այս տարվա Բժիշկների համահայկական 5-րդ համագումարի մեկնարկն ու ավարտն Արցախում կազմակերպելը։ Անդրադառնալով բժշկական համագումարների անցկացման պատմությանը` նա տեղեկացրեց, որ դրանք սկսել են կազմակերպվել դեռևս 1974թ.-ից։ Կազմակերպիչների որոշմամբ Համահայկական բժշկական 6-րդ համագումարը կանցկացվի Արցախում՝ 2023թ.։ ԱՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, ինչի արդյունքում բուժաշխատողները կլինեն ավելի տեղեկացված ու որակավորված։
Արցախի բուժքույրերի միավորման նախագահ Լիլիա Մովսիսյանը մեծ առաքելություն համարեց բուժքույրերի միջազգային սատելիտ սիմպոզիումների անցկացումն Արցախում։ ՀՀ¬ում մեկնարկած և Արցախում ավարտվող այս համագումարը թարմություն հաղորդեց բուժաշխատողներին՝ մասնագիտական նոր մոտեցումների, գործնական աշխատանքում նորարարությունների առումով, որովհետև բժշկության ոլորտը պահանջում է մշտական զարգացում, մասնագիտական մակարդակի կատարելագործում։ Լ. Մովսիսյանը ներկայացրեց 2010թ. Արցախում ձևավորված ՙԲուժքույրերի միավորում՚ ՀԿ-ի աշխատանքները և երախտագիտություն հայտնեց միջազգային այս համաժողովի կազմակերպիչներին, որովհետև նման սիմպոզիումները լինում են արդյունավետ և բեղմնավոր։ Ընդհանուր առմամբ՝ ՙՀայաստան¬Սփյուռք¬Արցախ՝ ի փառս առողջության՚ կարգախոսով կազմակերպված համահայկական 5-րդ համագումարին ներկայացել են ամերիկահայ 10 բուժքույր, որոնցից 4-ը զեկույցով հանդես եկան Արցախում։ Ամերիկահայ բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Քրիստինե Օհանյանը մեծ պատիվ համարեց լինել Արցախում։ Նրա պարզաբանմամբ՝ ԱՄՆ¬ում և արտերկրում բուժքույրերի մասնագիտական հմտություններն անընդհատ կատարելագործվում են, ուստի ամերիկահայ բուժաշխատողների ջանքերով փորձ է արվում տեղի գործընկերներին նման համագումարների ու սեմինարների միջոցով փոխանցել նորանոր գիտելիքներ, մեթոդներ։ Ք. Օհանյանն անդրադարձավ իրենց ասոցիացիայի ստեղծման պատմությանը, որն սկսեց ձևավորվել 1989թ. երկրաշարժից հետո, երբ մի խումբ ամերիկահայ բուժքույրեր փորձել են գալ Հայաստան և օգնել իրենց հայրենակիցներին։ Ասոցիացիան ստեղծվեց 1996թ. Երևանում, որի նախագահն է նշանակվել Գ. Ստեփանյանը։ Վերջինիս ջանքերով կատարվել է բավականաչափ աշխատանք, ինչի արդյունքում 10 տարի առաջ Արցախում ևս ստեղծվեց ՙԲուժքույրերի միավորում՚ ՀԿ¬ն։ Նա շնորհակալություն հայտնեց Լ. Մովսիսյանին կազմակերպական աշխատանքների համար, ինչպես նաև բոլոր բուժքույրերին, ովքեր իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնել և բուժքույրերին փոխանցել արդի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ։
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոնգ Բիչի պետական համալսարանի բուժական գործի դպրոցի տնօրեն, դասախոս, բուժական գործի ամերիկյան ակադեմիայի անդամ Լուսինե Դադերյանն իր զեկույցում անդրադարձավ բուժական գործի գործնական վարկանիշին, դրա նշանակությանը, հիվանդների խնամքի նոր մոտեցումներին, բուժքրոջ անձնական հատկություններին՝ գրագիտությանը, մասնագիտական կատարելագործմանը, վարվելականոններին։ Նա խոսեց նաև բուժաշխատողի աշխատանքային միջավայրի, աշխատավայրերում արված հետազոտությունների, բժիշկների և բուժքույրերի փոխհարաբերությունների, մասնագիտական թերի կողմերը վերացնելու թեմաների շուրջ։ Այնուհետև տուբերկուլյոզի, կրծքի քաղցկեղի, առաջին օգնության, հիվանդների հետ վարվելու կանոնների թեմաներով հանդես եկան ամերիկահայ մասնագետներ Զարմինե Նաքաշյանը, Ժակլին Օվսեփյանը, Արմինե Հայրապետյանը, ուրիշներ։