ԱՐՑԱԽՅԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՀ-ԿԱՐԱՍԻՆ
Ազատ ԱԴԱՄՅԱՆ
Այցելելով Արցախի գյուղեր, այսօր էլ կարելի է հանդիպել փայտից, կավից, մետաղից և այլ նյութերից պատրաստված, շատերին անծանոթ առարկաներ։ Իրականում այդ կահ-կարասին օգնում էր և շարունակում է օգնել գյուղացուն, առանց այդ գործիքների դժվար կլիներ իրականացնել ամենօրյա կամ սեզոնային աշխատանքները։
Այսպես, սկսենք գյուղատնտեսական գործիք հանդիսացող գութանից։ Հայկական ավանդական փայտե գութանն օգտագործվում էր հողի հիմնական մշակման՝ հերկ անելու համար։ Գութանը ծանր ու դժվարաշարժ գործիք էր, ուստի այն, որպես կանոն, բանեցնում էին ֆիզիկապես ուժեղ, առողջ տղամարդիկ։ Գութանը վարում էին հերկողը (մաճկալը) ու 5-6 եզնապաններ (խոտալ)։ Գութանը լծում էին 8-12 զույգ եզներով ու գոմեշներով։ Առաջին զույգում լծվում էին եզներ՝ որպես ավելի դյուրաշարժ ու կառավարելի կենդանիներ, երկրորդում՝ քաշող գոմեշներ, երրորդում ու չորրորդում՝ համապատասխանաբար եզներ ու գոմեշներ և այլն։ 10 զույգից առնվազն երեք զույգը պետք է գոմեշներ լինեին։ Գութանն աշխատում էր օրական 10-11 ժամ։ Հայտնի է, որ գութանով հերկելու դեպքում հողն ավելի առատ բերք էր տալիս, իսկ այն բանից հետո, երբ գութանը փոխարինվեց գյուղատնտեսական տեխնիկայով, բերքատվությունը նկատելիորեն նվազեց։ Այնպես որ, միշտ չէ, որ լավ ու թանկ տեխնիկայի օգնությամբ կարելի է մեծ արդյունքների հասնել։
Գյուղատնտեսության մեջ հնում ոչ պակաս կարևոր դեր էր կատարում նաև կամնը (կամնասայլը)։ Այն իրենից ներկայացնում էր երկու փայտե տախտակներից կազմված գյուղատնտեսական գործիք, որն իր ձևով դահուկներ էր հիշեցնում։ Դրանց տակ քարեր էին ամրացվում։ Նման ՙդահուկներն՚ օգտագործվում էին ցորենը հասկերից առանձնացնելու համար։ Հասկերը տեղավորում էին բարձրադիր քարաժայռի մեծ հարթ տեղամասում` կալում։ Ապա հասկերի վրա տեղադրում էին կամնը, վրան որպես ծանրություն մի երեխա նստեցնում, և գոմեշը (երբեմն՝ էշը) կամնը քաշում էր հասկերի վրայով։ Հասկերը վերածվում էին ցորենի ու թեփի խառնուրդի, հետո այդ խառնուրդը քամուն էին տալիս, քամին քշում-տանում էր կլեպները, իսկ ցորենը մնում էր կալում։ Օգտագործելուց առաջ կանայք ևս մեկ անգամ խախալում էին ցորենը՝ մաղի նման հարմարանքով դեպի օդ թռցնելով հատիկը, որն այնուհետև կարելի էր աղալ։
Իլիկ։ Օգտագործվում է թելը ձեռքով մանելու համար` փայտե սրված ծայրով ձող, ներքևի մասում` հոլաձև։ Իլիկի օգնությամբ թելը մանելու գործընթացն իրականացվում է 3 փուլով՝ ընդ որում, այդ փուլերից յուրաքանչյուրը մի քանի մասից է բաղկացած։ Առաջին՝ մազաթելի զանգվածի նախապատրաստումն ու դրանից ժապավենի ստացումը։ Այս փուլում կատարվում է` ա) փխրունացում. նախ մազաթելի զանգվածը ծվեն-ծվեն են անում, այնուհետև միախառնում, որպեսզի հեշտությամբ մաքրվի աղբից, բ) միախառնում. փխրունացված մազաթելի զանազան տեսակներն իրար հետ ոլորում են, արդյունքում ստանում են ըստ թելի խմբաքանակի ավելի միասեռ հումք՝ համապատասխան հատկություններով թել ստանալու համար, գ) գզում. ապահովվում է հետագա փխրունացումն ու մազաթելի մաքրումն աղբի խառնուրդներից, դ)սանդերքում. տեղի է ունենում թելի ընդհանուր զանգվածից մանր թելերի առանձնացում։ Հեռացվում են փխրունացման և գզելու արդյունքում մնացած մանր մասնիկները, և ձևավորվում է ժապավեն կամ հաստաթել։ Երկրորդ` նախամանում. աստիճանաբար ժապավենից դուրս է հանվում հաստաթելը, և պատրաստվում է կծիկ՝ ըստ համապատասխան ձևի ու չափի։ Երրորդ` մանում (հաստաթելի վերջնական բարակացում և ոլորում, կծիկի ձևավորում)։
Խնոցի կամ խնեցի։ Դեռևս հին ժամանակներից կանայք կարագ էին պատրաստում տնայնագործական եղանակով՝ օգտագործելով խնոցի՝ մածուն կամ թթվասեր հարելու հարմարանք։ Խնոցին յուրաքանչյուր գյուղական ընտանիքի անբաժանելի մասն էր։ Արցախի որոշ գյուղերում մինչ օրս պահպանվում է այդ ավանդույթը։ Խնոցին փայտե կամ կավե երկարավուն տակառանման անոթ է՝ օվալաձև, կենտրոնում անցքով, որի միջով լցնում են կաթի սերը և հարում մինչև կարագ ստանալը։ Խնոցին հաճախ է գովերգվում ժողովրդական բանահյուսության մեջ։ Սովորաբար խնոցու կարագը տալիս են երեխաներին, երիտասարդներին, ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվող տղամարդկանց։ Իսկ հղի կանանց կարագը մատուցելիս ասում էին՝ կեր յուղեղեն, պեր հրեղեն, մաղթելով, որ առողջ սերունդ ծնվի։ Հայաստանում միշտ օգտագործվում էր խնոցու երկու տեսակ՝ առաջինը կավե կարասաձև անոթն էր (հարում են գետնին նստած), մյուսը՝ կավե կամ փայտե խնոցին, որի եզրերին ելուստներ կային առաստաղի գերաններից կախելու համար (հարում են ձեռքերով կամ ոտքերով՝ ետ ու առաջ հրելով)։ Սովորաբար խնոցին հարում են կանայք, ճոճելով ու հրելով այն, մինչև որ ներսում գտնվող կաթի սերը հարելու արդյունքում վերածվում է կարագի՝ այդպիսով թանն առանձնանում է կարագից։ Կարագից հալած յուղ էին ստանում, խնոցու ներսում մնացած հեղուկից թան էին պատրաստում, որը սառեցնում ու պահում էին կարասներում։ Խնոցու թանը խմում են թարմ և սառը վիճակում։ Այն կարելի է նաև պահածոյացնել ձմռանն օգտագործելու համար։ Այս նպատակի համար թանը լցնում էին կտորից պատրաստված տոպրակի մեջ ու բարձր տեղից կախում՝ մինչև հեղուկ մասը հեռանա։ Առանձնացած թափանցիկ հեղուկն օգտագործում էին աղիքային տարբեր հիվանդությունների դեպքում։ Տոպրակում մնացած թանձր զանգվածը հարում էին ոչ մեծ քանակությամբ ալյուրի հետ` մինչև ձևավորվի համասեռ զանգված, որից փոքր գնդեր էին պատրաստում ու չորացնում արևի տակ։ Այն կոչվում էր չորաթան (չոր թան)։ Ավելացնում էին աղ, թողնելով մի որոշ ժամանակ, որպեսզի ջուրն առանձնանա։ Ապա առաջացած ջուրը հեռացնում էին և օգտագործում անասնակերի հետ։ Խնոցում պատրաստված կաթնամթերքը ձմռանը պահում էին կավե ամաններում կամ կենդանու մորթուց պատրաստված տիկերում, որոնք կոչվում էին ՙմոթալ՚՝ աղով մշակված կենդանու կաշի և ՙքուրձ՚՝ կավե պայուսակ մթերք պահելու համար։ Իսկ խնոցին պահում էին տան մեկուսի անկյունում կամ հացատանը, որտեղ թոնիրն էր, քանի որ այն կոտրելը վատ նշան էր համարվում և նշանակում էր մեծ վնաս հասցնել ընտանեական բյուջեին։ Առհասարակ գյուղական կահ-կարասու մասին երկար կարելի է խոսել։ Այստեղ ներկայացրինք միայն առավել հաճախ հանդիպվողները։ Խորհուրդս բոլորին` խնամքով ու զգուշորեն վերաբերվել իրենցից հնություն ներկայացնող այս առարկաների հետ, քանի որ տարեցտարի դրանց քանակն ավելի ու ավելի է քչանում։
www.nashasreda.ru