ՙԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ՚ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի առողջապահության նախարարության կողմից այս տարվա ապրիլին մեկնարկած` գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում օրերս Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում իրականացվեց ՙԲաց դռների օր՚։ Հերթական անգամ ոլորտի բժիշկ-մասնագետներն իրականացրել են ընդունելություն, խորհրդատվություն ու հետազոտություն ոչ միայն Ավետարանոց գյուղի, այլև հարակից համայնքների բնակչության շրջանում:
ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանի պարզաբանմամբ՝ ծրագրի շրջանակներում նախարարության խորհրդատու-մասնագետների և բժիշկների կողմից նման այցեր կազմակերպվել են նաև Հաթերք, Տող, Մոշաթաղ, Բերդաշեն գյուղերում։ Նշված բոլոր գյուղերում էլ հիմնականում դիմում էին տեսողության խնդիրներով քաղաքացիներ, որոնց էլ հետազոտելուց հետո բժշկի ցուցումով անվճար տրամադրվեցին ակնոցներ։ Իսկ ավելի քան 1000 բնակիչ ունեցող Ավետարանոց գյուղն Ասկերանի շրջանի ամենախոշոր համայնքներից է, և գյուղաբնակներից շատերը հնարավորություն չունեն բժշկական անհրաժեշտ սպասարկում ստանալու համար դիմել Ասկերանի կամ Ստեփանակերտի բուժհաստատություններ։
ՙԲաց դռների՚ շնորհիվ Ավետարանոցում կատարվեցին շուրջ 300 խորհրդատվություն, ուլտրաձայնային 46 հետազոտություն, 41 էլեկտրասրտագրություն և, ըստ ցուցումների, ակնաբուժական խնդիրներով 70 անձանց անվճար հիմունքներով տրամադրվեցին ակնոցներ: Առանձին դեպքերում անհրաժեշտություն է եղել մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում, մասնավորապես` խպիպների, բարորակ փոքր ուռուցքների, լեղապարկի խնդիրների առումով։ Գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագրի համակարգողն է ուռուցքաբան-խորհրդատու Արմեն Հայրիյանը։ Առաջիկայում ծրագիրը կշարունակվի նաև Շուշիի և Քարվաճառի շրջանների գյուղերում։
Նույն օրն Ավետարանոցում առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, բժիշկ-մասնագետների աշխատանքին հետևելուց հետո, հրավիրեց արտագնա գործակարգավարական խորհրդակցություն համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: ՙԱսկերանի շրջանային բուժմիավորում՚ փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը ներկայացրեց 2018 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն: Քննարկվեցին նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման մի շարք հարցեր: Խորհրդակցության վերջում ԱՀ ԱՆ ուռուցքաբան-խորհրդատու Արմեն Հայրիյանն ամփոփեց նախորդ այցերի ժամանակ գյուղերում ընթացած ծրագրի արդյունքները: Հանդիպմանը նախարարն անդրադարձավ օգոստոսի 4-ից Արցախում կայանալիք Ամառային 7-րդ համահայկական խաղերի ընթացքում բուժսպասարկման աշխատանքներն արտակարգ ռեժիմով կազմակերպելու հարցերին և կոնկրետ հանձնարարականներ տվեց ոլորտի համապատասխան մասնագետներին: Ներկայումս Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են Խաղերի պաշտոնական բացման արարողության փորձերը, ինչի առնչությամբ նախարարը բուժհաստատությունների գործադիր տնօրեններին հորդորեց լինել զգոն և աչալուրջ:
Ա. Բաղրյանի գլխավորությամբ բժիշկ-մասնագետներն այցելեցին նաև Ավետարանոցի 1616թ. կառուցված ՙԿուսանաց անապատ՚ եկեղեցին։