ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան
Ըստ ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության Ասկերանի տարածքային բաժնի պետ Ինգա Բաբայանի` միշտ իրենց ուշադրության կենտրոնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Բաժինը ձեռնարկում է հնարավոր միջոցները քաղաքացիական կացության ակտերի գործի բարելավման և արդիականացման ուղղությամբ։
Ինգա Բաբայանի տեղեկացմամբ` ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժնում 2019թ. առաջին կիսամյակում կատարվել է 382 գործարք։ Գրանցվել են 110 ծնունդ, 59 մահ։ Ըստ բաժնում կատարված գրանցումների՝ հաշվետու ժամանակաշրջանում շրջանում բնական աճը կազմել է 51 մարդ։
Առաջին կիսամյակում գրանցվել են 31 ամուսնություն և 10 ամուսնալուծություն։ Ամուսնալուծությունները գրանցվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների համաձայն։
Կատարվել են 1 որդեգրման և 1 անվան, ազգանվան, հայրանվան փոխման ակտերի գրանցումներ։ Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է նաև 3 հայրության ճանաչում, իսկ ակտային գրանցումներում կատարվել են 10 ուղղում, փոփոխում, լրացում։
2019 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին է առաքվել 34 դիմում՝ վկայականների կրկնօրինակներ տրամադրելու և 61 դիմում՝ ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ։
Ինգա Բաբայանի հավաստմամբ՝ բաժնում ապահովվել են վերը նշված դիմումների, ինչպես նաև վերադաս և այլ մարմիններից ստացված նամակների ու գրությունների մուտքագրումը և ժամանակին ու օրենքների պահանջներին համապատասխան ընթացքավորումը։ Կիսամյակի ընթացքում ՔԿԱԳ տարբեր գործառույթներից գանձվել է 382000 ՀՀ դրամ պետական տուրք։
Իր խոսքում բաժնի պետը շեշտեց, որ քաղաքացիների հետ ստեղծված է պարզ ու անկաշկանդ մթնոլորտ։ Պարբերաբար կատարվում են քաղաքացիների ընդունելություններ, քննարկվում նրանց առաջարկությունները, խնդիրները: Մի խոսքով` քաղաքացիները միշտ էլ կարողանում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։
Ի. Բաբայանը հավաստիացրեց, որ բաժինը կշարունակի իր առջև դրված բոլոր խնդիրներն իրականացնել նույն պատասխանատվությամբ և սահմանված օրենքի տառին համապատասխան։