ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻՆԵՐ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի
Ճարտար բնակավայրի հիմնադրման մասին մեզ է հասել մի հետաքրքիր պատմություն. ասում են՝ երկու եղբայր տնավորվելու համար ոտքի տակ են տվել շատ տարածքներ և վերջապես հասել են լեռներով շրջապատված մի չքնաղ վայր։ Այն այնքան է գերել եղբայրներին, որ այլևս երկմտելու կարիք չեն ունեցել. նրանք գտել են` ինչ փնտրում էին։ Եղբայրներն իրենց ընտանիքներով տնավորվել են այստեղ՝ մեկը տարածքի արևելահայաց (գյունե) մասում, մյուսը՝ հյուսիսահայաց (ղուզե) մասում։ Հետագայում նրանց սերունդներից ու համալրված բնակիչներից ձևավորվել և ստեղծվել է բնակավայրը, որի անունը կնքել են Ճարտար՝ շնորհիվ բնակիչների ճարտար լեզվի, պայծառ մտքի և աշխատասիրության։
Տարիներ շարունակ բնակավայրը բաժանված էր երկու՝ Գյունե և Ղուզե Ճարտարների, որոնք, հետագայում միավորվելով, դարձան մեկ համայնք։
Դարերի պատմություն ունեցող Ճարտարն արդեն 5 տարի է, ինչ քաղաքի կարգավիճակ է ստացել։ Այդ առիթով Ճարտարում տոն էր ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար։
Քաղաքը ներկա դրությամբ ունի 4460 բնակիչ։ Այստեղ գործում են 5 դպրոց, 2 մանկապարտեզ, մարզամշակութային պալատ, արվեստի դպրոց, նորակառույց Ս. Վարդան եկեղեցի, տեղամասային հիվանդանոց, մարզասրահ, ֆուտբոլի դաշտ, հանրահայտ է հինավուրց Ս. Եղիշե վանքով, շատ այլ կառույցներով, առկա են բոլոր ենթակառուցվածքները, որոնք օր օրի կատարելագործվում են։
Հուլիսի 20-ին Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կազմակերպվեց քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը, հյուրեր, զինվորներ, քաղաքի բնակիչներ։
Մարզամշակութային պալատի տնօրեն Իրինա Առաքելյանը և գեղմասվար Հակոբ Ավանեսյանը ներկայացրեցին Ճարտարի պատմությունն ու ճարտարցու անցած ուղին։ Նրանց խոսքում իշխում էր հպարտությունը, քանզի այդ պատմությունն ու ուղին արժանապատիվ ու հերոսական են։
Ելույթ ունեցավ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը։ Ելույթում նշվեց, որ Ճարտար բնակավայրը քաղաքի կարգավիճակով, նվաճումներով ու ձեռքբերումներով նոր պատմություն է սկսել կերտել։ Անցած 5 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են կատարվել՝ առանձնապես քաղաքաշինության բնագավառում։ Այստեղ մեծ է Արցախի Հանրապետության կառավարության ներդրումը, անմասն չմնացին ծնունդով և արմատներով ճարտարցի բարերարները։ Հատկապես մեծ աշխատանք կատարվեց Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի կողմից։ Կառուցվել է Ներսես Ավագյանի անվան նորակառույց մանկապարտեզի շենքը, Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրը, ՙՃարտար՚ ռեստորանային համալիրը, վերանորոգվել ու անհրաժեշտ գույքով համալրվել է հիվանդանոցը, կառուցվել է Ս.Վարդան եկեղեցին, սալապատվել ավելի քան 60.000 քառ.մ ճանապարհ, կառուցվել ֆուտբոլային նոր դաշտ, երկու զբոսայգի, մեծ ներդրումներ են կատարվել քաղաքի 5 կրթօջախներում, Արվեստի դպրոցում, Մշակույթի պալատում։ Վերանորոգվեց նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, կատարվել են ներդրումներր նաև այլ ոլորտներում։ Այսօր Ճարտարը համագործակցության և փոխօգնության պայմանագրեր ունի կնքած Երևան քաղաքի Ավան թաղամասի և Ֆրանսիայի Դեսինե քաղաքի հետ։ Ա.Աղաբեկյանը պատվոգրեր և նվերներ հանձնեց մի խումբ ճարտարցիների։
Միջոցառման վերջում երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Ճարտարի արվեստի դպրոցի սաները, երգիչ-երգահան Ռաշիդ Բաբայանը, զինծառայող Գոռ Թումանյանը։
Շնորհավո՛ր տոնդ, Ճարտար։
;