ԹԱԼԻՇՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓՈՒԼԸ
Գենադի ԵՐԵՄՅԱՆ
Թալիշի վերակառուցման փուլերը գրեթե ավարտված են. առջևում բնակիչներին իրենց հարազատ օջախներ վերադարձնելու փուլն է։ Աշխատանքային այցով հուլիսի 24-ին նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ եղել է սահմանամերձ այս բնակավայրում։ Կայացել է խորհրդակցություն այստեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ։ Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, գյուղի մի խումբ բնակիչներ։
Ապրիլյան պատերազմի ընթացքում ավերված բնակավայրի վերակառուցման գործընթացը մեկնարկել է անմիջապես։ Այսօրվա դրությամբ ավարտին են հասցվել հանդիսությունների տան, համայնքային կենտրոնի, դպրոցի և մանկապարտեզի կառուցապատման աշխատանքները։ Այդ շենք-շինություններն ապահոված են նաև անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով։ Գյուղի վերակենդանացման 1-ին փուլում վերանորոգվել է 19, 2-րդում` 18, իսկ 3-րդ փուլում (որը մեկնարկել է այս տարի) ներառված է 8 առանձնատան վերանորոգում և 10 նոր բնակելի տների շինարարություն։
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն իր զեկույցում նշում է. ընդհանուր առմամբ` գյուղում վերանորոգվել է 45 բնակելի տուն, որից 10-ի շինարարությունն ընթացքի մեջ է և կավարտվի այս տարվա օգոստոսին։ Արդեն իսկ ծախսվել է 1մլրդ 780մլն դրամ, որից 770մլն դրամը ներդրվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի, իսկ 1մլրդ 10մլն դրամը` կառավարության կողմից։
Ինչ վերաբերում է կառուցված դպրոցական նոր շենքին՝ ուսումնական այդ հաստատությունն իր պայմաններով լավագույններից մեկն է հանրապետությունում, ընդգծում է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, այն լրիվությամբ պատրաստ է շահագործման։ Ոլորտի պատասխանատուն ավելացնում է. կրթական պատշաճ մակարդակ ապահովելու համար նախարարությունը պատրաստակամ է և օգնելու է՝ սկսած մանկավարժ-մասնագետներից մինչև լաբորատորիաների ստեղծում։
Այդ ամենով հանդերձ, Թալիշի բնակիչների մեծամասնությունը շարունակում է ապրել Ալաշանում, մի մասն էլ` Մատաղիսում ու Հայաստանի Չարենցավան քաղաքում։
Գյուղը վերականգնելուց հետո բնակիչները պետք է վերադառնան իրենց օջախները. վերջին 3 տարում այս հույսով են գործել, իր խոսքում նշում է նախագահ Բակո Սահակյանը: Իհարկե, այստեղ նաև հոգեբանական արգելք կար, ինչը, կարծես թե, արդեն իսկ հաղթահարվել է: Սակայն թալիշցիներից ոմանք վերադառնալու հարցում երկմտանքի մեջ են։
Կոնկրետ ինչն է պատճառը, որ առայսօր ընտանիքներով չեն վերադարձել ու ապրել հարազատ գյուղում. նախագահն է հետաքրքրվում՝ թալիշցիներից ակնկալելով անկեղծ պատասխան։
Եթե վերադառնան, ապա անասնապահությամբ պետք է զբաղվեն. իսկ գյուղին հարող արոտավայրերում կենդանիներին ջուր տալու հետ կապված խնդիրներ կան: Ասենք` ցամաքել են աղբյուրները. սա պատճառներից մեկն է։
Անասնագոմ չունեն. ոմանց համար սա էլ խնդիր է գյուղ վերադառնալու համար։ Խնդիրների շրջանակում է նաև խմելու ջրի որակի և ջրամատակարարման հարցը՝ հատկապես ամառվա ժամանակաշրջանում։
Իհարկե, հարցեր կան, որոնք լուծելի են և կլուծվեն ընթացքում. սակայն այդ ամենին հասնելու համար տանտերերը հեռավորությունից չպիտի դատեն ու պահանջեն, այլ պիտի վերադառնան ու մասնակիցը դառնան իրենց օջախների կառուցման գործին՝ Բակո Սահակյանի հորդորն է։
Ասում են՝ ցանկություն չունեցողը հազար ու մի պատճառ կբերի, իսկ ցանկացողը կգործի` անտեսելով բոլոր խոչընդոտները։ ՊԲ սպա, 4 զավակների հայր Գարեգին Սարգսյանը պատրաստ է ընտանիքով օր առաջ վերադառնալ գյուղ, մնում է նորակառույց տան բանալիները ստանա։
Հայրենի գյուղում 5 զավակների հետ ապրելուն, արարելուն անհամբերությամբ սպասում է նաև Լուսինե Բրազյանը. նա նույնպես ընտանիքով Թալիշ առաջին վերադարձողներից մեկն է:
Այնպես որ` քիչ չեն նաև լավատեսությամբ տրամադրված թալիշցիները, ովքեր, անկախ հանգամանքներից, պատրաստ են վերադառնալ հարազատ բնակավայր։ Իսկ գյուղը գրկաբաց սպասում է բոլորին: Չի բացառվում, որ, հներից բացի, նաև նոր տերեր ձեռք բերի Թալիշը։