ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՄԱՔՈՒՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախաշեմին Արցախի մայրաքաղաքն ավելի գեղեցիկ ու մաքուր տեսնելու նպատակով հուլիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը համաքաղաքային շաբաթօրյակ էր կազմակերպել, որին վաղ առավոտից առաջինն էին ձեռնամուխ եղել ՙՍանմաքրում՚, Ակադեմիկոս Թախտաջյանի անվան ՙՍտեփանակերտի բուսաբանական այգի՚, ՙԲնակարանային շահագործման տնտեսություն՚ և ՙՋրմուղկոյուղի՚ ընկերությունների աշխատակիցները: Շատ չանցած նրանց են միացել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև՝ ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի կոլեկտիվները:
Շաբաթօրյակի մասնակիցների ուշադրության կենտրոնում են գտնվել հրապարակներն ու փողոցները, զբոսայգիներն ու պուրակները, մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Մասնավորապես սանմաքրման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում և հարակից տարածքներում, քաղաքի Վերածննդի և Հաղթանակի հրապարակներում, Ստ. Շահումյանի անվան պուրակում, ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշահամալիրի շրջակայքում, քաղաքի մուտքի մոտ, փողոցներում և բակերում: Լվացվել են մայրաքաղաքի բոլոր հուշարձանները, մաքրվել ու քաղաքից դուրս է բերվել մեծ քանակությամբ աղբ, այդ թվում` շինարարական թափոն: Կտրտվել են չորացած ծառերն ու թփերը, հեռացվել գերաճած մացառուտները, փխրեցվել, մշակվել են հարյուրավոր հեկտար կանաչ տարածքներ:
Շաբաթօրյակի ընթացքին հետևում և աշխատանքները կանոնակարգում էր փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը։ Նրա հավաստմամբ, բոլորն էլ աշխատել են բարեխղճորեն, իրենց ակտիվությամբ հատկապես աչքի են ընկել Արցախի պաշտպանության բանակի Ն զորամասի զինծառայողները, ովքեր, ավանդույթի համաձայն, սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անվան զբոսայգում և Հուշահամալիրի տարածքում:
ՙԿարծում եմ` նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ մեր քաղաքը միշտ էլ աչքի է ընկել իր մաքրությամբ։ Այդ մասին են վկայում հատկապես դրսեկները։ Իսկ տոն օրերին և հանրապետության համար կարևոր իրադարձությունների ժամանակ ձգտում ենք, որ այն ավելի գեղեցիկ երևա։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերի մասնակիցներին Ստեփանակերտը կներկայանա ավելի մաքուր ու ներդաշնակ, հյուրերին կընդունի գրկաբաց և արժանապատվորեն՚,-ասաց Արմեն Հակոբյանը։
;