ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի
Երրորդ տարին է, ինչ հուլիսի 22-ը նշվում է որպես Գիշու օր։ Ի դեպ, այն առիթ է` խոսելու գյուղի ձեռքբերումների, ինչու՞ չէ, նաև խնդիրների մասին։
Մեր հանդիպման ժամանակ Գիշի համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը նշեց, որ համայնքում գործում են գրեթե բոլոր սոցիալ-կենցաղային, կրթամշակութային կառույցները։ Դպրոցական շենքը վերջին տարիներին է կառուցվել, ունի հարմարավետ պայմաններ։ Կրթօջախում սովորում է 170 աշակերտ, աշխատում 47 ուսուցիչ։
Ունի նորակառույց մանկապարտեզ, որը նախատեսված է 80 երեխայի համար, բայց հաճախում է 42-ը։ Նախակրթարանում աշխատում է 18 հոգի։
Համայնքն ունի ակումբ, բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, հանդիսությունների և սգո արարողությունների սրահներ, գործում է սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների, ավտոպահեստամասերի 11 խանութ։
Բնակչությունն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով։ Համայնքի տարածքում կա 5 գործող արտեզյան ջրհոր։ Եվս մեկ արտեզյան ջրհոր վերանորոգման կարիք ունի։
Առկա է 12 աղբյուր, որոնցից 6-ը վերանորոգվել է ինչպես համայնքի միջոցներով, այնպես էլ պետական ծրագրով։
Գյուղը լրիվությամբ գազիֆիկացված է, ապահովված է անլար հեռախոսակապով, հեռուստատեսային կապով, համացանցով, ավտոերթուղով Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների հետ։
2019թ. հուլիսի 23-ի դրությամբ համայնքում հաշվառված է 324 ընտանիք՝ 1179 բնակչով։ 2018թ. համայնքում գրանցվել են 6 ամուսնություն, 19 ծնունդ, 2019թ. առաջին կիսամյակում՝ 2 ամուսնություն, 3 ծնունդ։
Համայնքը 2018թ. տարեկան բյուջեի պլանը կատարել է 82,8 տոկոսով։ Պլանով նախատեսված 9722.4 հազար դրամի փոխարեն մուտքագրվել է 8049.0 հազար դրամ։ Բյուջեն ինքնաֆինանսավորվող էր, ծախսերը կատարվել են ստացված մուտքերի սահմաններում։ Համայնքի 2018թ. տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի պլանը կատարվել է 81,8 տոկոսով։
Գիշեցին միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ։ Ապրուստի միջոց այսօր էլ հիմնականում ստեղծում է հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելով, բայց, ցավոք, շատ հաճախ բնությունը հիասթափության առաջ է կանգնեցնում։
Անդրադառնալով հաջողություններին` համայնքի ղեկավարը նշեց, որ կառավարության, բարերարների և բնակչության միջոցներով գյուղում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել՝ հարմարավետ մանկապարտեզ, արվեստի դպրոց, արդի սարքավորումներով կահավորված մարզադահլիճ, սալապատվել են գյուղի կենտրոնական և գյուղամիջյան որոշ ճանապարհներ, շարունակվել ու ավարտին է հասցվել գյուղամիջյան երկրորդ ճանապարհի սալապատումը: Ոսկե խաչ սրբավայրում ավտոկայանատեղի է կառուցվել՝ մոտ 40 ավտոմեքենայի համար, վերակառուցվել է կամուրջը։ Շարունակվում են գյուղամիջից Ոսկե խաչ սրբավայր տանող ճանապարհի սալապատման աշխատանքները։ Սալապատված ճանապարհների եզրերին շարվել է մոտ 600 քառ. մետր պատ:
Ա. Հայրապետյանի հավաստամբ՝ բարեգործների էստաֆետը վերցրել են համագյուղացիները. Ռոբերտ Ղարիբյանի ֆինանսավորմամբ և հարևանների օգնությամբ սալապատվել է ճանապարհի 110մ երկարությամբ հատվածը։
Քարե խորանարդիկների մատակարարումը վերսկսելու դեպքում կսալապատվեն նաև հանդիսությունների տուն և դեպի գյուղամեջ տանող փողոցները։
Սալապատված է 5կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ։ Եվս երկու՝ մոտ 1կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ խճապատվել են։
Գիշեցի ռուսաստանաբնակ բարերար Կարեն Բաբայանի ֆինանսավորմամբ մանկապարտեզը գազիֆիկացվել է, սգո արարողությունների սրահում տեղադրվել է մեծ սառնարան, իսկ Արարատ Կարապետյանի ֆինանսավորմամբ լրիվությամբ փոխվել է սրահի սպասքը, շենքին կից կառուցվել հարմարավետ խոհանոց ու թոնիր։
Շաբաթօրյակի միջոցով սանիտարական մաքրման է ենթարկվել համայնքի տարածքը։
2019թ. առաջին կիսամյակում դաշտամիջյան որոշ ճանապարհներ բարեկարգվել են։ Սելավների պատճառով վթարային վիճակ էր ստեղծվել գործող երեք ջրամբարներում, որոնցից երկուսը շրջվարչակազմի աջակցությամբ վերանորոգվել է, երրորդի աշխատանքներն ընթացքի մեջ են։
-Ձեռքբերումների կողքին նաև ցավոտ խնդիրներ ունենք. հանդիսությունների տան վթարային վիճակը սողանքի գոտում գտնվելու պատճառով,- ասում է Ա. Հայրապետյանը և նշում, որ ժամանակավոր բարեկարգվելու է՝ մինչև նոր շենք կառուցելը։
Վթարային վիճակում են Գյունե բաղ թաղամասի բնակելի տները։ Ակումբի շենքին կից նախկին վարչական շենքի հրդեհից տուժած տանիքը փոխվել է, շենքը վերանորոգման ենթակա է։
Համայնքն ունի նոր տուն կառուցելու համար հողամասեր տրամադրելու խնդիր։
Մեր զրույցի վերջում Ա. Հայրապետյանը նշեց, որ աշխատող մարդու համար գյուղում կան բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր անհրաժեշտ պայմանները։ Շնորհավորանքի խոսք ուղղեց համագյուղացիներին՝ գյուղի օրվա առթիվ՝ շեշտելով, որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ, ապրելով ու արարելով այստեղ, հայրենանպաստ գործ է կատարում։
;