ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՙԵրեմյան փրոջեքթս՚ ընկերության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն օրերս Հադրութի շրջվարչակազմում հանդիպել է շրջանի համայնքների ղեկավարների հետ և նրանց ուշադրությանը ներկայացրել Արցախում գործարքվելիք նոր ծրագրի մանրամասները? զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր հատվածին հանձնարարելու վերաբերյալ:
Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է տեղական արտադրանքի իրացման համար, միաժամանակ հավելելով, որ սա նաև նոր մարտահրավեր է արցախյան հողօգտագործողի համար, քանի որ վերը նշված ընկերությունը գնելու է միմիայն բարձրորակ գյուղմթերք: Նախարարը ներկաներին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի որակական հատկանիշներին և ապրանքային տեսքին, քանի որ ժամանակակից շուկայում մթերքի իրացումը պայմանավորված է վերջինիս մրցունակությամբ:
Հանդիպման ընթացքում գյուղնախարարը համայնքների ղեկավարներին է ներկայացրել գարնանացանի աշխատանքների պլանավորման նոր ժամանակացույցը, ըստ որի` շրջանները գարնանացանի տարածքների, մշակաբույսերի տեսականու և սերմերի քանակների վերաբերյալ հայտերը գյուղնախարարություն պետք է ներկայացնեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպեսզի սերմերի ներկրումն ապահովվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Խոսվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի և Արաքսի հովտի վարելահողերի, ինչպես նաև խորքային հորերի հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևորության մասին:
Հատուկ անդրադարձ է կատարվել անասնապահության ոլորտի խնդիրներին: Նախարարը հերթական անգամ հորդորել է համայնքների ղեկավարներին՝ տեղերում ներկայացնել անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները, խստիվ արգելել անասունների բաց պահվածքը, ինչը վերջերս Հադրութի շրջանի Մոխրենես համայնքում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության բռնկման ու անասնագլխաքանակի անկման պատճառ էր դարձել:
Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է համայնքների ղեկավարների բարձրացրած հարցերին: